18/10/2025

Երևանն առաջարկում է կոմպրոմիսի գալ մտացածին, հորինված նախապայմանի շուրջ

Բաքուն անդրադարձել է «Երևանյան երկխոսություններ» համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նշելով, որ այդ ելույթը խոսում է խաղաղությանը Հայաստանի անպատրաստության մասին: Սա, ըստ էության, Ադրբեջանի մերժումն է այն դե ֆակտո առաջարկին, որ Նիկոլ Փաշինյանն արծարծում էր իր ելույթի տողատակում:

Հայտարարելով, որ պատրաստ է սահմանադրական փոփոխություն նախաձեռնել, եթե ՍԴ-ն Սահմանադրությանը անհամապատասխան գնահատի հայ-ադրբեջանական պայմանագիրը՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության առաջարկում է ստորագրել այն մինչև խորհրդարանի ընտրություն:

Նպատակը հասկանալի է: 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը իր էլեկտորատին խոստացել է խաղաղության պայմանագիր: Խոստացել էր նաև Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, նաև Արցախի՝ անջատում հանուն փրկության:

Այդ խոստումները ոչ միայն տապալվել են, այլ, ըստ էության, «շրջվել» գլխիվայր՝ Արցախի լիակատար կորստի և բռնի տեղահանության տեսքով: Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի համար մնացել է թերևս այն եզակին, որ կարող է մատուցել իր էլեկտորատին, որպես խաղաղության օրակարգի որևէ արդյունք:

Այնպես չէ, անշուշտ, որ Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե չմատուցի այդ արդյունքը: Բայց նրա համար ներկայումս շատ կարևոր է նախընտրական ամեն մի մանրուք, որովհետև վստահության քվեն անչափ, պատմականորեն փոքր է:

Այդ ֆոնին, խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է լինել հարաբերականորեն մեծ դետալ, որը մատուցելով էլեկտորատին, Նիկոլ Փաշինյանը կարող է ակնկալել որոշակի էֆեկտ:

Բայց, Ադրբեջանը, կարծես թե, գոնե հրապարակային մակարդակում չի ցուցաբերում իր նախապայմաններից հրաժարվելու մտադրություն: Բաքուն պահանջում է, որ մինչեւ պայմանագրի ստորագրումը լինի Սահմանադրության փոփոխություն:

Դա մտացածին պահանջ է, չկա որևէ իրավական հիմք, որը կարձանագրի, թե Հայաստանի Սահմանադրությունը Բաքվի հանդեպ ունի տարածքային հավակնություն: Բայց, խնդիր է դարձել այն, որ Ադրբեջանին հաջողվել է կարծրացնել իր այդ մտայնության շուրջ միջավայրը և առնվազն ստեղծել իրավիճակ, երբ իր նախապայմանը վերածվել է կոմպրոմիսային հենակետի:

Երևանը, ըստ էության, առաջարկում է կոմպրոմիսի գալ մտացածին, հորինված նախապայմանի շուրջ: Ադրբեջանը դեռ չի համաձայնում, համենայն դեպս դատելով առերևույթ արձագանքից, հույս ունենալով գինը հասցնել առավելագույնի: