18/10/2025

Թանկ գույքահարկը վճարել, թե՝ չվճարել

Մեկ տարի անց գույքահարկը Հայաստանում կհասնի առավելագույն չափի՝ 100 տոկոսի։ 2020 թվականին Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարվեց, եւ գույքահարկի հաշվարկման մեթոդը փոխվեց, որով կտրուկ բարձրացվեց անշարժ գույքի հարկը, հատկապես՝ Երեւանի կենտրոնում, ինչը պայմանավորված է բնակարանների բարձր արժեքով։

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432 հազար բնակարան։ 2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, անշարժ գույքի հարկից գոյացող հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդ-ի փոխարեն։

Այս բոլոր գործակիցների արդյունքում, Երեւանի կենտրոնում գտնվող 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի տարեկան 200-250 հազար դրամ, 2-3 սենյականոցինը` 400 հազար եւ ավելի։ Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքի ծայրամասերում 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի շուրջ 30-40 հազար դրամ։
Ընդ որում, ֆինանսական ավելացող բեռի ողջ ծանրությունը երեւանցիները կզգան ոչ թե տարեսկզբին, այլ՝ հիմնականում 2025 թ. դեկտեմբերին, քանի որ գույքահարկի վճարման վերջնաժամկետը տարեվերջն է։

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ իրենք շատ ահազանգեր են ստացել` գույքահարկի, աղբահանության, տրանսպորտի թանկացման վերաբերյալ․ «Ցավոք սրտի, դրանք իրավունքների ոտնահարում են, որոնք միասնական ուժերով, այսպես ասած, ակցիաներով, ցույցերով, հանրային օրակարգ գեներացնող բաներով պետք է անեն, ոչ թե դատական ճանապարհով գնալու։ «Կարմիր գծերի» հետ կապված նախադեպ ունենք, դատարանի որոշում ունենք, սակայն փաստացի շարունակում են մեր քաղաքացիներն ավել վճարել»։

Ըստ Պիպոյանի՝ գույքահարկ վճարելը պարտադիր է բոլորի համար, հակառակ դեպքում տուգանքներ կլինեն․ «Չվճարելն ինչ-որ իմաստով իրավական գնահատական կարող է ստանալ, երբ կազմակերպված ակցիա է, այսինքն՝ բողոքն է դրսեւորվում, լրիվ ուրիշ բան է, երբ մարդը պարզապես չի վճարում, որովհետեւ չունի կամ համարում է անարդար, անգամ հետագայում իրավական գնահատականների ամփոփելու տեսանկյունից դատարանը, երբ վճիռ պետք է կայացնի, այլ մոտեցում է ցույց տալիս, երբ գիտի՝ կազմակերպված ակցիա է, լրիվ ուրիշ բան է, երբ չի վճարել։ Երբ դու ասում ես՝ այդպիսով ես իմ բողոքի ձայնն էի բարձրացնում, միշտ հետաքրքիր է լինելու՝ գոնե մի անգամ հայտարարե՞լ էիր դրա մասին։ Տրանսպորտի թանկացման հետ կապված բերեմ օրինակը․ առաջին օրերին հրապարակային էին, եւ բոլոր չվճարողներն ակցիա էին անում, այսօր էլի շատ-շատերը շարունակում են բողոքի ձայնն այդկերպ արտահայտել, բայց հանրային օրակարգում ընկալելի չէ այն՝ որպես բոյկոտ։ Հիմա եթե գտնվի իրավակարգավորում, եւ հասարակական-քաղաքական կյանքում ունենանք այնքան աղմուկ, ինչքան աղմուկ կա փաստացի այս պահին, ապա տուգանքը կդառնա ուղղակի տուգանք, եթե ունենանք այն աղմուկը, որն ունեինք սկզբում, եւ նույն չվճարումը` նույն տուգանքով, արդեն այլեւս ակցիա, կոմպրոմիսներ եւ այլն, կդառնա այլ հարթության մեջ»։

Շատ-շատերի համար անցած տարվա գույքահարկի վճարումն էլ է եղել խնդիր, ասում է Պիպոյանը։ Ըստ նրա, այս տարի անցած տարվա նկատմամբ թանկացել է, մյուս տարի կհասնի վերեւի սահմանին․ «Հանրային ներքին դժգոհությունը, որը մարդու մոտ լինում է, պրոցես գեներացնելու համար մասնագիտական մոտեցում է պահանջում, ես ցավալի բան եմ ասում՝ այնքան դժվարություն, որ մենք ենք տեսել, այնքան վատ բաներ, ինչի միջով մենք անցանք այս էտապում, թվում էր, թե մարդու մոտ այդ դժգոհությունը կար, եւ ինքն այն արտահայտելու ձեւը պիտի գտներ, հիմա այդ դժգոհության ալիքը չի բացառվում, որ մարդկանց ավելի հուսահատության կտանի, եթե չկազմակերպվի ճիշտ։ Մենք հիմնականում իշխանություններին ենք գնահատական տալիս՝ բացասական իմաստով, բայց, ցավոք, սա այն քիչ դեպքերից է, որ մեր իրականության մեջ հասարակական դժգոհությունները պրոցեսի վերածելու գործում ընդդիմությունն է ոչ պրոֆեսիոնալ գործում, չի կարողանում գեներացնել»։