Ընթերցողները գուցե հիշեն ռուս պետական գործիչ (դիվանագետ, այնուհետև ԱԳ նախարար և վերջապես ռուսական կայսրության կանցլեր), իշխան Ալեքսանդր Գորչակովի (1798-1883) մասին իմ հոդվածները:
«Հրապարակ»-ը գրել է․ Նրան կրկին անդրադառնալուս պատճառը հայաստանյան նորօրյա «մեծն դիվանագետ» Միրզոյան Արարատի հպարտ խոսքն էր՝ ասված «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումին: Այն է՝ խաղաղությունն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ և վստահության կառուցմամբ:
Հենց սկզբից ասեմ, որ ճշգրիտ ձևակերպում է, տրամաբանորեն հստակ ու հիմնավորված: Բայց որքանո՞վ է այն կիրառվում Հյասատանի իշխանության կողմից՝ չնայած Արարատի խոսքում այդ ձևակերպումը կապակցված էր հենց ՀՀ գործող իշխանության գործունեությանը:
Այժմ վերադառնանք Գորչակովի գործունեությանը. 1853-56 թթ.-ի Օսմանյան կասրության ու նրա եվրոպական (Անգլիա, Ֆրանսիա, Սարդինիայի թագավորություն) դաշնակիցների դեմ մղվող (Ղրիմի) պատերազմում Ռուսաստանը պարտվեց:
Ի դեպ, դա նորագույն պատմության այն բացառիկ պատերազմներից էր, որն ավարտվեց նման արդյունքով: Ինչևէ, որպես ցարական Ռուսաստանի գլխավոր դիվանագետ, Գորչակովը երկու տասնամյակում հասավ նրան, որ հանվեցին Փարիզի խաղաղության պայմանագրով ամրագրված՝ իր երկրի նկատմամբ իրականացվող բոլոր սահմանափակումները:
Իսկ հաջորդ, 1877-78 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանը հաղթանակ տարավ: Հենց իշխան Գորչակովի գործունեությունն իրավամբ կարելի է համարել խիզախ դիվանագիտության հրաշալի օրինակ: Երբ պատերազմում պարտված պետությունն այդ բնույթի ու մակարդակի դիվանագետի աշխատանքի շնորհիվ կարողանում է չեղարկել պատժամիջոցները:
Ինչ մնում է Միրզոյան Արարատին, ապա ադրբեջանցի բռնապետի առջև ծնկած՝ նրանից խաղաղություն մուրալը չի կարող բնութագրվել որպես խիզախ դիվանագիտություն, քանի որ ծանր վիրավորանք է հասցվում միջպետական փոխհարաբերությունների կարգավորման առանցքային այդ գործիքին (թող ներեն ինձ դիվանագետները նման սահմանման համար): Նույնիսկ վստահ չեմ՝ մասնագիտությամբ պատմաբան Արոն ծանոթ է, արդյոք, Գորչակովի գործունեությանը: Որովհետև եթե ծանոթ լիներ ու եթե, դրան գումարած, ինչ-որ չափով մասնագիտական պատվախնդրություն ցուցաբերեր, ապա, որպես ԱԳ նախարար, իր և իր վերադասի գործունեությունը չէր համարի խիզախ:
Մի երկու խոսք էլ ասեմ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ելույթի մասին: Ի տարբերություն Արոյի՝ վերջինիս ելույթի առումով ուղղակի պատառիկներ կարդացի լրատվականներում: Քանի որ, որքան էլ նրան հետևեմ որպես հրապարակախոս, հոգեբանորեն բարդ է նրան լսելը: Ինչը նորմալ մարդկային ռեակցիա է. քեզ համար ոչ ընդունելի անձի ելույթը կարդալը շատ ավելի տանելի է, քան նրա ձայնը լսելը: Որովհետև առաջին դեպքում նրա ու քո միջև առաջանում է անտեսանելի մի պատ, ինչը պաշտպանում է քեզ հոգեբանորեն: Իսկ ձայնը լսելու դեպքում նման պատ չի առաջանում:
Ինչևէ, պատառիկները կարդալով՝ հերթական անգամ իմացա, որ ինքը չի հրաժարվելու ագրեսիվ թշնամու հետ խաղաղություն կնքելու գաղափարից: Որքան էլ այն բարդ կամ նույնիսկ անիրատեսական խնդիր լինի: Ինչը հասկանալի է, քանի որ թղթի այդ կտորը կոչված է ապահովելու իր պաշտոնավարման երկարաձգումը:
Բայց, միաժամանակ, հայտարարում է, որ Հայաստանում «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել: Չգիտեմ, ինչպես է դա հնարավոր, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական լրացուցիչ պայմանների թվում «Արևմտյան Ադրբեջան» և «Զանգեզուրի միջանցք» կոչված ագրեսիվ նկրտումներն են: Քիչ է մնում մտածեմ, որ երբեմնի «դուխով» Նիկոլի՝ անցյալում թաղված իրողության ինչ-որ մասնիկներ ժամանակի միջով հետդարձ են կատարել: Ինչը մոտավորապես նման է այն բանին, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում ինքը որոշել է առաջնորդվել տարրական մասնիկների (քվանտային) ֆիզիկայի օրենքներով՝ երբ ֆոտոնների հոսքը կա՛մ մասնիկային է և կա՛մ ալիքային՝ կախված արտաքին դիտորդի գոյությունից: Չնայած նյութական մարմինների և հատկապես հասարակության պայմաններում նման երևույթներ չեն դիտարկվում: Իսկ եթե վերբալ պատերազմում (խոսքակռվում), այնուամենայնիվ, հաղթի Իլհամը, «Արևմտյան Ադրբեջան» կհաստատվի այսօրվա Հայաստանի այն տարածքում, որը Իլհամի կամքով չի կոչվի Հայաստանի Հանրապետություն: Կամ է, եթե կուզեք, հարցին մոտենանք հակառակ կողմից. Հայաստանի Հանրապետություն կկոչվի այն տարածքը, որը դուրս կթողնվի «Արևմտյան Ադրբեջանից»:
ՀԳ. Ինչպես երևում է, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորում կոչված ժողովը կազմակերպվել էր, որպեսզի ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հերթական անգամ խոսի երևութական խաղաղությունից: Իսկ նրա կողմից ԱԳ նախարար նշանակված անձն էլ կիսապատմական և կիսափիլիսոփայական բնույթի ելույթ ունենա Սլովակիայի վարչապետի ու եվրոպական փորձագետների առջև: Իսկ Սլովակիայի վարչապետը, չմոռանանք, Հոնգարիայի իր գործընկերոջ հետ արդեն որերորդ տարին դեմ է գնում եվրոպական գլոբալիզմի գաղափարախոսությանը: Ինչի համար նույնիսկ ենթարկվեց մահափորձի՝ հրաշքով փրկվելով:
Բաց մի թողեք
Վազգեն Ռշտունուին մեկնաբանել է Արման Եղոյանի գրառումը, իսկ ՔՊ-ականները գրոհ են սկսել
ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. Լուսանկար
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է