12/07/2025

Նման մարդկանց պետք է իգնոր անել

Աննա Հակոբյանը զայրացած է: Նրա հասցեին վերջին խոսքերն ասողները խորը շունչ քաշեցին՝ տեսնելով, որ իրենց հայհոյանքը տիկնոջ վրա ազդում է: Թե չէ՝ նախկինում ինչ ասես, որ չէին ասում՝ է՛լ դավաճան, է՛լ Էրատո, է՛լ անբարոյական, իսկ նա քաղաքավարի ժպտում էր ու առաջ անցնում: Նրան ատող, նրա ամեն ելույթից ու ստատուսից փշաքաղվող ու նյարդայնացող քոմենթչիները չէին հասկանում` կարդո՞ւմ է իրենց անեծքն ու հայհոյանքը, թե՞ ոչ:

Պարզվեց՝ կարդում է եւ շատ վիրավորված է: Է՛լ Էշ, է՛լ ոջիլ, է՛լ ինտելեկտուալ ղզիկներ, է՛լ անդաստիարակ, է՛լ հեռավոր գյուղում ծվարած տխմար, ապուշ, անուղեղ, անգրագետ: Իհարկե, այս խոսույթը համացանցում վիրավորանքների նոր տարափ առաջ բերեց Աննայի հասցեին, զավեշտալի reels-եր տարածեցին: Մի տեսանյութում «նախկին» Աննա Հակոբյանը գլուխն է քորում: Եվ հարց ծագեց՝ արդյո՞ք առաջին տիկինն իրավունք ունի հանրությանը պատասխանել նույն բառապաշարով, որն իր հասցեին են օգտագործում, թե՞ կան էթիկական նորմեր:

Նա իր զինանոցում հարուստ գործիքակազմ ունի` չպատասխանել լրագրողների հարցերին, հեռախոսները հավաքել` իր հանդիպումներից առաջ, արհամարհել մարդկանց կարծիքը, անհասցե հեգնել։ Նաեւ զորք, ոստիկանական հլու զանգված, քննչական մարմիններ ունեն` իրենց պաշտպանելու համար, իսկ քաղաքացին նրան կարող է հակադարձել միայն իր քննադատությամբ, երբեմն՝ կոշտ, երբեմն՝ ատելության խոսքի կամ հայհոյանքի նմանվող: Այս միակ զենքն էլ է առաջին տիկինը վերցնում քաղաքացու ձեռքից: Նա, իհարկե, կարող է եւ հայհոյել, բայց էթիկան եւ քաղաքական մշակույթը զսպվածություն են պահանջում: Իսկ հայհոյանքը, բացասական որակումները հանրային դաշտում կարող են սկանդալ առաջացնել, պարսավանքի արժանանալ եւ, ի վերջո, հարվածել իր եւ ամուսնու վարկանիշին, ինչը եւ տեղի է ունենում մեր աչքի առաջ:

Եթե առաջին տիկնոջ գռեհիկ ստատուսների համար իրավական սահմանափակումներ նախատեսված չեն, ապա վարչապետի պահվածքը խնդրահարույց է: Մայիսի 7-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նրա հնչեցրած արտահայտությունները՝ «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը», «վեր ընկեք տեղներդ», «ներվերս չուտեք», «համբալ» ընդդիմադիրները դիտարկել են որպես սպառնալիք: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ մայիսի 15-ին վարույթ է հարուցել Փաշինյանի վարքագծի կանոնների առերեւույթ խախտման վերաբերյալ՝ հիմք ընդունելով ԶԼՄ-ների հրապարակումները։

Ո՞րն է վարույթի իմաստը, եթե հանձնաժողովը, միեւնույն է` չի պատժելու վարչապետին, հանրության աչքին թոզ փչե՞լը: Իրավապաշտպան Արա Ղազարյանը պատասխանում է. «Նման վարույթների դեպքում պատիժ չկա: Դրանց նպատակը վարքագծի կարգավորումն է, ոչ թե պատժելը»:

– Կոռուպցիայի հետ ի՞նչ կապ ունի այս վարույթը, որ դրանով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է զբաղվում: 

– Ոչ, պետք է լայն իմաստով հասկանալ: Խոսքը բարեվարքության մասին է, ԿԿՀ-ն ե՛ւ բարեվարքության քաղաքականության, ե՛ւ կանոնագրքերի մշակողն է: Տեսականորեն համարվում է, որ բարեվարքության դեմ պայքարը ներառում է նաեւ կոռուպցիայի կանխարգելում: Միտքն այն է, որ հանրային ծառայողն արժեբանորեն մոտենա իր աշխատանքին, ոչ թե՝ որովհետեւ պատժվելու է, այլ որովհետեւ հանրային շահերին է վնասում:

– Աննա Հակոբյանն էլ է վատ բառեր օգտագործում՝ ոջիլ, տխմար, նրա բարեվարքությունն ո՞վ պետք է ստուգի:

– Նա հանրային ծառայող չէ, սովորական քաղաքացին կարող է դատարան դիմել, եթե նրան վիրավորել է, բայց հանրային ծառայողի վարքագիծն իր վրա չի տարածվում: Ավելի ուշ հանձնաժողովին է դիմել նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պահանջելով վարույթ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ. «Հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ… Այս վարքագիծն իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու եւ ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար»:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթն ընդամենը շոու է, նոր քարոզչական հնարք: «Մարդիկ բոլոր ուղղություններով աշխատում են, երեւի նոր կրեատիվշչիկներ են բերել, նոր PR մասնագետներ, որովհետեւ այն խոսույթը, մտքերն ու գաղափարները, որոնք նրանք դաշտ են նետում, այլեւս հետաքրքիր չեն: Ընկնում է իրենց տարածած նյութերի, հայտնի փոդքաստների դիտելիությունը, դրանց տակ լայքերը, ու հիմա նոր հնարք են հորինել՝ վարույթներ վարչապետի դեմ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ խնդիրն է լուծում»:

Իսկ Աննա Հակոբյանն ի՞նչ նպատակ ունի, նա է՞լ է նոր PR իրականացնում՝ ոջիլ, տխմար եւ այլ ոչ նորմատիվային բառապաշարով։ «Աննա Հակոբյանին հետեւելը ես ժամանակի անիմաստ վատնում եմ համարում, քանի որ իմաստ չունի հետեւել մի մարդու, որն ի վիճակի չէ ոչ մի ողջամիտ, առողջ կամ հետաքրքիր միտք գեներացնել: Ուստի խորհուրդ կտամ բոլորին՝ հանգիստ թողնել այդ կնոջը ու չխաղալ խաղեր նրա կանոններով: Իրենք խաղի կանոններ են հորինում ու ստիպում են ողջ հանրությանը՝ հոգեխանգարմունքի մեջ ընկնել: Թողեք, որ այդ մարդիկ իրենց համար ստատուսներ գրեն, տոգորվեն դրանցով: Մեր երկիրն ունի հազարավոր ճգնաժամային հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, մտածելու տեղիք են տալիս, եւ պետք է իգնոր անել նման մարդկանց, որոնք մեզ շարքից հանում են, խանգարում են կենտրոնանալ»,- պատասխանեց Նինա Կարապետյանցը: