03/07/2025

SUMMEET ժամանակակից պարի հինգերորդ միջազգային ամառային փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը։ Հինգերորդ փառատոնը տեղի կունենա Երևանում և Գյումրիում։

SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։

5-րդ փառատոնի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2024թ. դեկտեմբերից՝ փառատոնից վեց ամիս առաջ, ինչի շնորհիվ միջազգային նոր համագործակցությունների սկիզբ է դրվել ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս և ղազախ պարուսույցների հետ:

Փառատոնի շրջանակում էականորեն ընդլայնվել է կրթական ծրագիրը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարկի տակ ներկայացվելիք վարպետաց դասերի և լաբորատորիաների (Կացուրա Կան` Ճապոնիա, ACTS` Ֆրանսիա), ինչպես նաև Գյումրիում նախատեսված վարպետաց դասերի (Կաննոն Դանս՝ ՌԴ, Արթուր Գալիմուլին և Տոմիրիս Մետիբաևա՝ Ղազախստան) շնորհիվ:

5-րդ փառատոնի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի (Institut Français) աջակցությամբ կներկայացվի «PARlez français» հայ-ֆրանսիական նախագծի նոր ներկայացումը, որը բեմադրելու համար 3 հայ պարողներ և պարուսույց մեկնել են Փարիզ, որտեղ միացել են ACTS պարային ակադեմիայի պարուսույցներին և արտիստներին՝ համատեղ արդյունքը հունիսի 27-ին ԵԹԿ ինստիտուտի բեմում ցուցադրելու նպատակով: Ճապոնացի հայտնի պարուսույց, «Բուտո» (Butoh) պարի ներկայացուցիչ Կացուրա Կանի վարպետաց դասերի արդյունքում ստեղծվելիք ներկայացումը ևս կցուցադրվի փառատոնի շրջանակում: Կացուրա Կանը նաև դասախոսություն և մենապար է ներկայացնելու:

Գերմանացի աշխարհահռչակ բեմադրիչ Մարկո Գյոկեի կողմից բեմադրված մենապարը ներկայացվելու է Հանովերի թատրոնի մենապարուհի Լիլիթ Հակոբյանի կողմից:

Սանկտ-Պետերբուրգի «Կաննոն Դանս» պարային ընկերությունը ներկայանալու է հարավկորեացի պարուսույց Սուջոն Կիմի «Պարադոքս» ներկայացումով, որն ազատության, սիրո, նախապաշարմունքի և արվեստի պարադոքսների արտացոլումն է՝ բեմադրողի աշխարհընկալմամբ։ Պարային ընկերությունը կցուցադրի նաև Լիլիթ Հակոբյանի բեմադրած «Անսրտություն» ներկայացումը:

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի Armenian Showcase (հայկական պարադիտման) ծրագրին, որի շրջանակում ցուցադրվելու են հայ պարուսույցների և ժամանակակից պարային ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ և գնահատմամբ:

Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կներկայացվի SUMMEET4KIDS ծրագիրը, որի մասնակիցները կցուցադրեն ներկայացումներ Երևանում և Գյումրիում։

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look ժամանակակից պարի միջազգային փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

SUMMEET ժամանակակից պարի հինգերորդ միջազգային ամառային փառատոնն ընդլայնել է  աշխարհագրությունը — Հայաստանի Հանրային Ռադիո