«Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է: Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը, եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն, և միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիսատլանտյան դաշինքից»,- այսօր Երևանում հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Ֆիցոն պաշտոնական այցով ժամանել է Երևան, ուր, բացի պաշտոնական հանդիպումներից, ներկա է եղել նաև Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի բացմանը: Սլովակիայի վարչապետը Հայաստանին փաստորեն առաջարկում է համատեղ ռազմաարդյունաբերական ծրագրեր:
Թե ինչ մանրամասներ են քննարկվել հանդիպումներում, հայտնի չեն, Սլովակիայի վարչապետը, բնականաբար, չի ծավալվել այդ մանրամասների հարցում: Սակայն նրա բարձրաձայնած առաջարկը՝ զենքի համատեղ արտադրության առումով, անշուշտ, հետաքրքիր է, և ինչ-որ իմաստով անգամ անսպասելի, եթե նկատի առնենք, որ Հայաստանի արտաքին կապերի համատեքստում գործնականում դժվար է հիշատակել երկրորդ այդպիսի հրապարակային հայտարարություն:
Իհարկե, ցանկացած հայտարարություն, որ վերաբերում է համատեղ ռազմաարդյունաբերությանը, պետք է լինի մանրամասն քննարկման առարկա, քանի որ դա բավականին նրբերանգներ ունեցող ոլորտ է:
Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Հայաստանի ռազմաարդյունաբերության իրական և համակարգային զարգացման համար հաղորդակցությունն այլ երկրների արտադրողների հետ կարևոր է:
Իհարկե, ավելորդ չէ խոսել նաև տնտեսական նշանակության մասին: Բայց առանցքային է թերևս քաղաքականը կամ աշխարհաքաղաքականը, հաշվի առնելով այն հարաբերությունը, որ Սլովակիան, մասնավորապես Ռոբերտ Ֆիցոյի կառավարությունը ունի ԵՄ ու ՆԱՏՕ առաջատար եվրոպական երկրների հետ: Ի՞նչ է արձագանքել նրա առաջարկին Երևանը: Դրա մասին չկա բարձրաձայնում:
Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Ֆիցոյի հետ հանդիպման առիթը Հայաստանի խաղաղության օրակարգի մասին խոսելու, այն որպես ռազմավարական առաջնահերթություն ներկայացնելու համար: Սլովակիան լավ հարաբերություն ունի նաև Ադրբեջանի հետ:
Բաքուն նաև Սլովակիայի ռազմաարդյունաբերության գնորդ է: Միաժամանակ հայտնի է, թե ինչ մոտեցումներ է բարձրաձայնում Ադրբեջանը Հայաստանի պաշտպանական համակարգի արդիականացման դեմ:
Ֆիցոյի առաջարկը կարո՞ղ է պարունակել ավելի լայն համատեքստ, որը կենթադրի նաև Ադրբեջանի հետ հարաբերության շղթա: Համենայն դեպս, այդ պարագայում, իհարկե, կլինի ռազմական համատեղ արտադրության առաջարկի առավել հանգամանալից քննության կարիք:
Բաց մի թողեք
Փաշինյանը և Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին. Middle East Eye
Ո՞վ պետք է օրենսդրական դաշտը կարգավորի, որ ամեն մեկն իր տեղում լինի մեր երկրում
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է