03/07/2025

Թրամփը վերջապես զայրացել է․ Պատերազմը պետք է ավարտվի՝ ոչ թե անձնական կապերով, այլ ուժի դիվանագիտությամբ

ԱՄՆ հանրապետական​​սենատոր Լինդսի Գրեհեմը Ռուսաստանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել Ուկրաինայում պատերազմի հարցը կարգավորելու ուղղությամբ և զգուշացրել՝ հակառակ դեպքում Վաշինգտոնը կսահմանի խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ էներգառեսուրսների 500-տոկոսանոց մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք համագործակցում են Մոսկվայի հետ։

Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Գրեհեմի խոսքով՝ ինքը սկզբից ևեթ սկսել է համակարգել պատժամիջոցների մասին օրենքի մշակումը Սպիտակ տան հետ։ Փաստաթուղթը, որին արդեն իսկ աջակցել է 100 սենատորներից 82-ը, ենթադրում է Ռուսաստանի առևտրային մեկուսացում։

«Այս օրենքը 500 տոկոս մաքսատուրք կսահմանի ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնող ցանկացած երկրի համար։ Եթե Չինաստանը կամ Հնդկաստանը դադարեն էժան նավթ գնել, Պուտինի ռազմական մեքենան կկանգնի»։

Սենատորը նշել է, որ Ուկրաինան ցուցադրել է փոխզիջման գնալու պատրաստակամությունը, մինչդեռ «Ռուսաստանն ավելի շատ պատրվակներ է բերում, քան աշխարհը կարող է հանդուրժել»։ Նա հավելել է, որ հույս ունի դիվանագիտական ​​լուծման, բայց հստակ հասկացրել է. «Եթե Պուտինը շարունակի խաղեր խաղալ, Սենատը կգործի»։

Թրամփ․ «Պուտինի վրա ազդել հնարավոր չէ․ մենք խոսում ենք, իսկ նա հրթիռներ է ուղարկում Կիևի վրա» — քննարկվում են պատժամիջոցներ ու բանակցություններից դուրս գալու տարբերակը

Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ հիասթափված լինելով Վլադիմիր Պուտինի վարքագծից։ Պատճառը ոչ միայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վերջին զանգվածային հարվածներն են, այլև խաղաղ բանակցություններում մշտական փակուղին։

«Նա սպանում է շատ մարդկանց։ Ես չգիտեմ՝ ինչ է պատահել նրա հետ», — հայտարարել է Թրամփը՝ խոսելով Պուտինի մասին։ «Մենք խոսում ենք, իսկ նա հրթիռներ է ուղարկում Կիևի վրա։ Ես դա ընդհանրապես չեմ ընդունում»։

Թրամփը սկսել է կասկածել՝ արդյոք ընդհանրապես իմաստ ունի շարունակել միջնորդական գործընթացը, եթե վերջին փորձը ևս չհաջողվի։ Դա կդառնա շրջադարձային պահ մի ղեկավարի համար, որը նախագահական քարոզարշավում խոստացել էր «մեկ օրում ավարտել պատերազմը»։

Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթն ասել է․ «Նախագահ Թրամփը շարունակում է հավատալ, որ անհրաժեշտ է բանակցված խաղաղություն։ Բայց նա խելամտորեն բոլոր տարբերակները պահում է սեղանին»։

Մինչդեռ, Ռուսաստանի պահվածքը խոսում է հակառակի մասին։ Թրամփի ելույթից ժամեր անց՝ կիրակի գիշերը, Ռուսաստանը իրականացրել է իր ամենամասշտաբային անօդաչու ու հրթիռային հարձակումը Ուկրաինայի դեմ՝ գործարկելով ավելի քան 350 անօդաչու սարք և առնվազն 9 հրթիռ։ Ռուսաստանը հայտարարում է, թե դա պատասխան էր ռուսական տարածքում Ուկրաինայի իրականացրած հարձակումների։

Նույն օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան այլևս չեն սահմանափակի Ուկրաինային տրամադրված հեռահար զենքերի կիրառման շառավիղը՝ թույլ տալով Կիևին հարվածել ռուսական ռազմական թիրախներին Ռուսաստանի տարածքի խորքում։

Թրամփի մոտեցումը Պուտինի նկատմամբ վերջին ամիսներին խիստ փոփոխվել է։ Սկզբում նա հույս ուներ՝ կարող է կառուցել գործնական հարաբերություններ՝ հենվելով «անձնական կապի» վրա։ Բայց այժմ, երբ Պուտինը որևէ զիջման չի գնում, Թրամփը հիասթափված է։
«Թրամփը հասկացավ՝ Պուտինն է հիմնական խոչընդոտը», — ասում է Ուիլյամ Թեյլորը՝ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Սենատում նոր օրինագիծ է շրջանառվում՝ առաջարկելով պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և խստացված մաքսեր այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ, գազ և ուրան։ Օրինագծի հեղինակներն են սենատորներ Լինդսի Գրահամն ու Ռիչարդ Բլումենթալը։ Նրանց նախաձեռնությունն արդեն աջակցություն է ստացել ավելի քան 80 սենատորից։

Թրամփը Պուտինին քննադատելուց զատ՝ նաև խոսել է Զելենսկու մասին՝ նշելով, որ նա «իր երկրի համար լավ բան չի անում՝ այդ ձևով խոսելով»։

Թրամփը նախկինում կարծում էր, որ նոր պատժամիջոցները կարող են վնասել ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական կապերի վերականգնման հեռանկարներին, սակայն այժմ իրավիճակն արագ փոփոխվում է։

Դեռ 2023 թվականի հուլիսին Թրամփը հայտարարել էր․ «Նախքան ես կհասնեմ Օվալաձև սենյակ, այդ սարսափելի պատերազմը կավարտվի։ Այն կավարտվի»։

Այսօր, սակայն, պարզ է դառնում՝ եթե պատերազմը պետք է ավարտվի, ապա ոչ թե անձնական կապերով, այլ ուժի դիվանագիտությամբ։