Բաքվի դատարանում ընթացքի մեջ է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կազմակերպված հերթական դատական նիստը, որը դիտվում է որպես կեղծ և քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց։
Վերջին նիստում հայտարարվեց, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտպանությանը միացել է նոր փաստաբան։ Ղուկասյանը դատարանում նշել է, որ չի առարկում փաստաբանի փոփոխությանը։
Նիստի ընթացքում հարցաքննվել է Մարտակերտի Գետավան գյուղի բնակիչ Մադաթ Բաբայանը, ում ներկայացրել են որպես մեղադրյալ։ Նա դատարանին հայտնել է, որ որևէ մասնակցություն չի ունեցել Մարտակերտի շրջանի գյուղերի գրավման գործում, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը։
Նիստում դիտվել է տեսանյութ, որը նկարահանվել է Մարտակերտի ազատագրման 19-ամյակի տոնակատարության ժամանակ։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հայտարարում ազատագրմանը մասնակցած մարտիկների պարգևատրման մասին։ Հարցաքննության ժամանակ Սահակյանը հաստատել է միջոցառման փաստը, սակայն նշել է, որ ինքը Մադաթ Բաբայանին չի ճանաչել և այդ ժամանակ նրան անձամբ ծանոթ չի եղել։ Նա հավելել է, որ Մ. Բաբայանի հետ առաջին անգամ հանդիպել է հենց դատարանում։
Նիստին հարցաքննվել են նաև այլ անձինք, որոնք ներկայացվում են որպես մեղադրյալներ։ Վկաներ են հանդես եկել նաև «տուժողների» կարգավիճակով հանդես եկող անձինք։
Դատական նիստը կշարունակվի մայիսի 29-ին։
Բաց մի թողեք
Իշխանյանը, Մնացականյանն ու Բաբայանն առարկել են․ Ինչ է տեղի ունեցել Բաքվի դատարանում
Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով
Ձայնագրություն, որտեղ Աղան աբեղա Երնջակյանն անարգում է Փաշինյանի հայրիկի պատիվը