15/10/2025

Ալեն Սիմոնյանի համար ԱԺ-ն մանկապարտեզ է, ինքն էլ՝ դայակ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին վերաբերվում է իբրև մանկապարտեզի, ինքն էլ իբրեւ դայակ է աշխատում։

«Հրապարակը» գրում է․ Երեկ առաջին ընդմիջման ժամանակ լրագրողներին ճեպազրույց տվող ԱԺ նախագահը ընդմիջումի ավարտն ազդարարող ազդանշանը լսելուն պես դադարեցրել է ավելի քան երեսուն րոպե տեւած ճեպազրույցը եւ արագ սլացել է նիստերի դահլիճ, բայց նույն արագությամբ էլ ետ է վերադարձել լրագրողների մոտ՝ պարծենալով, որ քսան րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ ընդմիջումից հետո ընդամենը մեկ – երկու պատգամավոր է եղել դահլիճում։

ԱԺ նախագահը քթի տակ դժգոհել է, որ թող ներկայանային, ինքն էլ ընդմիջում չհայտարարեր, այդպիսով՝ իբր պատիժ է կիրառել պատգամավորների նկատմամբ, սակայն եթե անգամ մեկ պատգամավոր ներկա է դահլիճում, նիստը վարողը պարտավոր է իրականացնել իր գործառույթը, մանավանդ որ, պատգամավորները շտապում էին դահլիճ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը այս տարվա մայիսի 8-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ուշագրավ բացահայտում արեց՝ հայտնելով, որ իր ձեռքին կան փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերոջ կազմակերպությունից՝ «48 Դիզայն» ՍՊԸ-ից, ՀՀ ԱԺ-ն գնել է ոսկե համրիչ՝ թզբեհ: Պատգամավորը հանրայնացրեց, որ համաձայն իր մոտ եղած փաստաթղթերի, որոնք ԱԺ-ն թաքցնում է, համրիչը գնվել է 2 մլն 200 հազար ՀՀ դրամով, պետական բյուջեի միջոցներից: Ո՞ւմ համար, ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով․ պատգամավորի հարցերը մնացին անպատասխան: Ամեն ինչի մասին խոսող Ալեն Սիմոնյանը լռում է այս մասին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը անձամբ Ալեն Սիմոնյանից փորձեց հետաքրքրվել, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել և ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին: ԱԺ նախագահը արդարացավ թե՝ կասեմ, բայց առանց տեսախցիկի: Մինչդեռ մենք նրանից հաշվետվություն էինք պահանջում հրապարակավ՝ պարզաբանելու, թե «հպարտ հարկատուների» միջոցներից ում համար է գնել ոսկե համրիչը, ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել այդ գնումը: «Կասեմ, բայց ոչ տեսախցիկի առջև»․ մինչդեռ մենք թաքուն ոչինչ չէինք ուզում լսել ԱԺ նախագահից:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ եկել էր կոռուպցիան, թալանը, ստվերը վերացնելու, իրենք են թաթախվել այդ ամենում, և ԱԺ նախագահը հրաժարվում է հրապարակավ պարզաբանել, թե կոնկրետ ում համար և ինչ անհրաժեշտությամբ է ձեռք բերվել ոսկե համրիչը»։