«Հարցնում է քաղաքացին» նոր ձեւաչափով հաղորդաշարի շրջանակներում ԿԳՄՍՆ պատասխանատուները՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, պատասխանել են ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի մեր հայրենակիցներից նախապես ստացված տեսահարցերին։
Սակայն, մինչ հարցերին անդրադառնալը, նախարարը ներկայացրել է մի շարք թվեր եւ ընդգծել, որ մեր գիտությունը միջազգայնորեն դառնում է ավելի մրցունակ, քանի որ էականորեն աճել է միջազգային գիտական շտեմարաններում տպագրվող հայ գիտնականների հոդվածների թիվը։
«Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը 2018թ․ համեմատ կազմում է 280 տոկոս, այդ իմաստով 40,2 մլրդ դրամ ֆինանսավորման մասին ենք խոսում գիտության ոլորտում, ինչը մի քանի ուղղություններով էական աշխատանքներ կատարելու հնարավորություն է տվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը եւ հավելել, որ գիտնականների աշխատավարձերի շուրջ 300 տոկոս աճ ունենք:
Նախարարի ձեւակերպմամբ, գիտնականները 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչին գումարվում են նաեւ տարաբնույթ դրամաշնորհային ծրագրերը, որոնց շրջանակում գումարը կարող է կրկնապատկվել: «Մենք ունենք գիտնականներ, որոնք ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան պետական պաշտոնյաները: Սա ուղիղ ցուցիչ է կառավարության վերաբերմունքի՝ գիտության ոլորտին»,- նշել է նախարարը:
Հատկանշական է, որ օրեր առաջ անդրադառնալով պետության ֆինանսավորման ծավալների եւ աշխատավարձերի աճին, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մեզ հետ զրույցում մասնավորապես ընդգծել էր․ «Այդ թվերին 2 բան պետք է հակադրել, առաջինը` այն ժամանակահատվածում, երբ բյուջեից գիտության ոլորտին տրվող հատկացումներն աճել են, նույն ժամանակահատվածում գիտնականների թիվը վերջին 5 տարում Հայաստանում պակասել է ավելի քան 20 տոկոսով, հիմա ո՞րն է ավելի խոսուն թիվ: Եվ 2-րդ․ այդ բյուջեն քանի՞ տոկոսով է կատարվում, այսինքն՝ գումարները հատկացվում են գիտության բնագավառին, բայց քանի որ գիտության բնագավառը չի կարողանում կլանել այդ գումարները, որովհետեւ գիտնականների թիվն է քիչ, աշխատողներ չկան, հատկացված գումարի ավելի քան 30 տոկոսը հետ է վերադառնում բյուջե: Այս թվերն ինքնըստինքյան խոսում են ներկայացված թվերի սնանկության մասին»:
Հաջորդիվ Ժ․ Անդրեասյանն անդրադարձել էր նաեւ ոսուցիչների աշխատավարձին եւ դրան ուղղված քայլերին։ «2023-2024 ուսումնական տարում կառավարության համալիր քաղաքականության արդյունքում, որն առաջին հերթին ուղղված է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, մենք 3 հազար 300 նոր ուսուցիչներ ենք ունեցել մեր դպրոցներում, որոնց 16%-ը տղամարդիկ են։ Մեր ուսուցչական ընդհանուր համախմբության պարագայում մինչեւ 10%-ն են տղամարդիկ, ինչը նշանակում է, որ նոր ուսուցիչների ավելի մեծ համամասնություն ունենք՝ տղամարդկանց պարագայում: Եվ սա՝ նաեւ շնորհիվ նրա, որ վարձատրության համակարգն էապես փոխվում է: Ես գիտեմ, թե ինչ խոսակցություններ են սկսվում իմ՝ ամեն նման արտահայտությունից հետո, բայց, այո, այսօր մենք համակարգում ունենք ուսուցիչներ, որոնք ստանում են մինչեւ 600 հազար դրամ աշխատավարձ: Նրանք դա ստանում են իրենց աշխատանքի արդյունքում, որովհետեւ գնացել են պետության առաջարկած ճանապարհով, կամավոր ատեստավորվել են, տարակարգ են ստացել: Նաեւ գիտեք, որ բնագիտական առարկաների ուսուցիչները 25% հավելավճար են ստանում, եւ գյուղական փոքր դպրոցների պարագայում ընդհանրապես մինչեւ 50 % հավելավճար ենք տալիս»,- նշել էր նախարարն ու հավելել, որ այսօր վարձատրության համակարգն այնպիսին է, որ կարող է դիտվել հրապուրիչ եւ գրավիչ։
Այս մասով էլ, օրեր առաջ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էր անդրադարձ արել․ «Շատ է խոսվում 595 հազար (ներառյալ հարկերը) դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչների մասին։ Շատերը չեն հավատում այս տեղեկությանը։ Ասեմ, որ այն ճիշտ է։ Բայց կա մի նրբերանգ, որի մասին չի ասվում։ Նման աշխատավարձ ստացող ուսուցիչներն աշխատում են 1.5 դրույք ծանրաբեռնվածությամբ։ Իրականում 595 հազար ստացող ուսուցիչը նույն 400 հազար ստացող ուսուցիչն է, որը, ի տարբերություն վերջինիս, պարապում է շաբաթական ոչ թե 20, այլ՝ 30 ժամ (օրական 6 ժամ)։ Դասարան մտնող ուսուցիչները շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում շաբաթական 30 ժամ դաս պարապելը»,- նկատել էր նա։
Առանձին տեսաուղերձով մարզային դպրոցի ուսուցիչներից մեկի կողմից նախարարին հարց ուղղվեց միավորվող դպրոցների առնչությամբ։ Հիշեցնենք, որ մինչեւ 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները կմիավորվեն՝ համաձայն ԿԳՄՍՆ որոշման։ Նախարարությունը, սակայն, դա կոչում է ոչ թե միավորում, այլ նոր կրթահամալիրների, նոր ուսումնական հաստատությունների ստեղծում, որոնք կապահովեն ժամանակակից միջավայր, որտեղ երեխաների կրթությունն ավելի լավ կկազմակերպվի։
Մանկավարժին մասնավորապես հետաքրքրում էր, թե այս պարագայում ինչպես են պաշտպանվելու ուսուցիչների իրավունքները, ինչ մեխանիզմներ ու չափանիշներ են կիրառվելու նրանց ընտրության հարցում, արդյո՞ք բոլորն են ապահովվելու աշխատանքով, թե՝ ոչ։ Ի պատասխան, նախարարը նշեց, որ նոր կրթահամալիրները հանդիսանալու են հրաշալի սպորտային, մշակութային միջավայրեր, եւ դրանք դիտարկվելու են որպես համայնքային կենտրոն, որոնց ավելի լայն գործառույթներ է վերապահված։
Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա նախարարը համոզմունք հայտնեց, որ այս պայմաններում մանկավարժների համար աշխատանքի հնարավորություններն ավելանալու են եւ ոչ՝ պակասելու։ «Ինչու ենք մենք սա անում, պետք է ընդունենք մի շատ պարզ փաստ, որ մենք այսօր ունենք դեպքեր, երբ մեր երեխաների կրթության վրա ծախսում ենք ահռելի գումարներ, սակայն ես, որպես ԿԳՄՍ նախարար, բոլորովին չեմ կարող ասել, որ մենք մեր երեխաներին տալիս ենք կրթություն։ Մենք ունենք դեպք, երբ դպրոցում սովորում է մեկ աշակերտ, եւ այդ մեկ երեխայի կրթության վրա տարեկան ծախսում ենք մինչեւ 20 մլն դրամ, եթե այդ մեկ երեխայի վրա մենք ծախսում ենք 20 մլն դրամ եւ վերջում էլ չենք պատկերացնում, թե ինչ որակի կրթություն է նա ստանում, ապա պետք է հարց տանք մեզ, թե ինչպես ենք ուզում շարունակել, որովհետեւ եթե որեւէ փոփոխություն չլինի, այս խնդիրը խորանալու է։ Կրթահամալիրներն առաջին հերթին հնարավորություն են՝ բոլոր երեխաների համար ապահովել որակյալ կրթություն, դրանք նախագծված են այնպես, որ որեւէ մեկը ստիպված չլինի փոխել իր բնակության վայրը, որովհետեւ մենք ունենք նաեւ այդպիսի դեպքեր»,- նշեց նախարարն ու այդպես էլ չպատասխանեց մանկավարժի կոնկրետ հարցադրմանը, թե ինչ մեխանիզմներով է լուծվելու ուսուցիչների ընտրության հարցը։
Նկատենք, որ այս թեմայով էլ շաբաթներ առաջ Ահնիձորի դպրոցի «Կերպարվեստ» ու «Երաժշտություն» առարկաների ուսուցիչ Սիրուշ Քառյանն էր մեզ հետ զրույցում նկատել, որ «նախարարությունն այնպես է ներկայացնում այս ծրագիրը, որ կարծես հրաշալի բան են անում եւ փորձում են կրթության որակը բարելավել, բայց դա դեռ միայն խոսքեր են, ի վերջո՝ կրթությունը միայն շենքային պայմանները չեն, եւ գյուղը՝ որպես համակարգ, սկսում է խարխլվել․․․, չնայած արդեն խարխլված վիճակում է, սակայն նմանատիպ քայլերով խնդիրն ավելի է խորանում։ Այսինքն՝ խնդիրը լուծելու փոխարեն իրենք պարզապես ուզում են խնդրից ազատվել, եւ գյուղը հասցնում են այն վիճակին, որ ասեն՝ տեսեք, աշակերտ չկա, կամ՝ շատ քիչ է դրանց թիվը, եւ մենք ստիպված ենք այդ քայլին գնում։ Մինչդեռ իրականում կարող են այնպես անել, որ գյուղի վիճակը սոցիալ-տնտեսական առումով բարելավվի, եւ դրան համապատասխան՝ մենք այլեւս չենք ունենա այն խնդիրը, որ գյուղում չկա աշակերտ կամ բնակիչ»։
Բաց մի թողեք
Բուհերում ուսանողների թիվը նվազել է
Փնթիներ․ «Թույլ օղակ» ինտելեկտուալ նախագծի 27-րդ թողարկման մասնակիցը մանրամսներ է հայտնել․ Լուսանկար
Ինչ վնաս է հասցրել 12-օրյա պատերազմը Իրանի գիտական ներուժին