03/07/2025

Պետության անկայունության պարարտ հող է, որում կարող է ցանկացած պահի հայտնվել որոմը

2025 թվականի հունվար-ապրիլին՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանի արդյունաբերությունը նվազել է 16 տոկոսով: Իհարկե, այս ցուցանիշում դեր է ունեցել այն, որ նվազել է Ռուսաստանից թանկարժեք քարերի ու մետաղների վերաարտահանումը:

Այսինքն, այդ վերաարտահանումը Հայաստանով անցնում էր նաև «արդյունաբերական փաթեթավորմամբ», ինչը բերում էր արդյունաբերական ցուցանիշի աճի, իսկ հիմա այն նվազում է՝ բերելով նվազման:

Թվում է, որ «ջրի բերածը» ջուրն էլ կամաց-կամաց տանում է, բայց ամենից էականն այն է, թե ինչ է մնում դրա տակ: Իսկ դրա տակ, միևնույն է, դարձյալ շարունակում է մնալ տնտեսական դինամիկայի և ցուցանիշների նվազում, հատկապես արտահանելի, արդյունաբերական ոլորտներում:

Հայաստանի տնտեսությունը փաստացի ստանում է բավականին սպառնալից բևեռացվածություն՝ դեպի վեր և վար: Ֆինանսա-բանկային համակարգում սրընթաց և մեծ ծավալի վեր, արդյունաբերական-արտահանելի սեկտորում՝ վար:

Այսինքն, սա, ըստ էության, նշանակում է, որ երկրում կա փող՝ շատ փող, բայց այդ փողը չի գնում տնտեսության իրական հատված, չի վերածվում արտադրական ներուժի, չի ծառայում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, չի նպաստում տնտեսության համեմատական ինքնաբավությանը:

Դա է նաև պատճառը, որ այդքան փողի առկայության պայմաններում, Հայաստանում պարենային ապահովության խնդիր ունի բնակչության 23 տոկոսը, ինչը կազմում է մոտ 600-700 հազար մարդ:

Եվ դա ՄԱԿ տվյալն է, որ վերջերս բարձրաձայնել էր Հայաստանում ՄԱԿ պաշտոնյաներից մեկը: Բևեռացվածությունը թուլացնում է տնտեսությունն ու պետությունը: Այդ բևեռացվածությունն է եղել Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը մշտապես, ու այդ խնդիրը փաստացի շարունակվում է այսօր: Էական չէ, թե ինչ տեսք, ոլորտային ինչ ուղղվածություն ունի բևեռացվածությունը:

Տասը տարի առաջ այն գուցե ուներ այլ տեսք ու բնույթ, 20 տարի առաջ՝ այլ, այսօր՝ ուրիշ, բայց ինքնին տնտեսական բևեռացվածությունը խոսում է համակարգային խնդիրների մասին, որոնք ընդհուպ սոցիալ-հոգեբանական դաշտում են:

Որովհետև այդ բևեռացումը նշանակում է, որ Հայաստանում չի ձևավորվում տնտեսական աճի բաշխման կայուն համակարգ: Իսկ հասարակական -քաղաքական կայունության հիմքի անկյունաքարերից մեկը, և գուցե հիմնականը՝ տնտեսական արդյունքի բաշխման համակարգն է:

Եթե այն բևեռացված է, ապա դա պետության անկայունության պարարտ հող է, որում կարող է ցանկացած պահի հայտնվել սերմ, ու անհայտ է, թե ինչ պտուղով: