08/06/2025

Ալիևն է հավաստիացրե՞լ, որ պատերազմ չի լինելու․ Արթուր Խաչատրյան

«Ասա՝ լավ եմ, որ լավ լինի» սնոտիապաշտական բանաձեւով Փաշինյանը պնդում է․ «Ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների եւ այլն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի՛ լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն: Եվ դա շատ միանշանակ է ինձ համար»։

Եվ հայտարարությունն արվում է ի հեճուկս այն աղաղակող փաստի, որ Բաքվում ոչ մի բան չի փոխվել, որը դույզն-ինչ հույս կտար կարծելու, որ Ալիեւն իսկապես խաղաղություն է ցանկանում:
Այս պնդումը ՀՀ վարչապետի աթոռին նստած անձն արել է «Երեւանյան երկխոսություն» անունով ֆորումի ժամանակ: Արդեն մաշված ու անօգուտ թեզեր է նա կրկնել՝ Ադրբեջանի հետ երեւակայական խաղաղության օրակարգից խոսելիս, Բաքվին նորից հավաստիացրել է՝ եթե խաղաղության համաձայնագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրությունը փոխելու հանրաքվե կնախաձեռնի եւ պատրաստ է ստորագրմանը զուգահեռ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար:

Ի հիասթափություն Նիկոլ Փաշինյանի, սակայն, Իլհամ Ալիեւը ոչ միայն անդրդվելի է, այլեւ ամեն օրվա հետ բարձրացնում է պահանջների նշաձողը: Տիրանայում համատեղ սրճախմությունն անգամ չիջեցրեց այդ նշաձողը: Ալիեւը մայիսի 21-ին բառացի պահանջեց՝ հստակ ասել, թե «երբ են արեւմտյան ադրբեջանցիները վերադառնալու Հայաստան», իսկ ՀՀ ԱԺ նախագահը երեկ արդեն հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում ադրբեջանցիները կվերադառնան իրենց բնակության վայրեր՝ շոկ առաջացնելով հայ հանրության մոտ։ Բաքուն, փաստորեն, նախորդ պահանջներին նորն է ավելացրել՝ որպես, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նախապայման: Նրա այս պահանջն արձանագրվել էր Թուրքիայում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին հղված նամակում։ «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այն հարցի շուրջ, թե երբ եւ ինչ պայմաններով են արեւմտյան ադրբեջանցիները կարողանալու վերադառնալ իրենց նախնիների հայրենիք։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այս հարցի քննարկման նպատակով կընդունի համայնքի ներկայացուցիչներին»,- նշված է ուղերձում։ Բաքուն պնդում է նաեւ, որ այս հարցն արդեն իսկ օրակարգում է, ու իրենք հետքայլ չեն անելու: Ադրբեջանի հետ նախատեսվող պայմանագրում կա՞ արդյոք նման կետ՝ Հայաստանում գիտի, թերեւս, միայն Նիկոլ Փաշինյանը ու եւս մի քանի հոգի: Հայ հասարակությունը միայն Բաքվից եկող հայտարարություններից է իմանում՝ ինչ է իշխանությունը քննարկում իր թիկունքում, իսկ Ալիեւը հավակնություն ունի Հայաստանի տարածքի՝ ոչ ավել, ոչ պակաս, 60 տոկոսի նկատմամբ:

Թեեւ Նիկոլ Փաշինյանը նույն համաժողովին ասել է, թե չկա եւ չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում, բայց, ցավոք, վերջին տարիների պատմությունը վկայում է, որ վաղ թե ուշ Բաքուն ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է, ինչը ՔՊ-ական իշխանությունը նախ փորձում է ժխտել, ապա հերթական զիջումներն է քայլ առ քայլ փորձում առաջ մղել՝ հայ հասարակության ականջը վարժեցնելով նմանատիպ խոսույթին։ Հետո էլ փաթեթավորում է խայտառակ զիջումներ՝ իբրեւ դրական փոփոխություններ, ինչպես բանակից միլիոնների դիմաց ճողոպրելու նախագիծն է, որը բանակ չունենալու ալիեւյան պահանջի իմպլեմենտացիան է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Հրապարակ»-ին հիշեցնում է, որ ԱԳՆ-ի հետ դատական գործընթաց կա, այսպես կոչված՝ պայմանագրի տեքստին պատգամավորների կողմից ծանոթանալու պահանջով, ինչն ԱԺ պատգամավորի վերահսկողական գործառույթի անբաժան մասն է: Խաչատրյանն ասում է՝ մերժելով այդ իրավունքը, իշխանությունը Սահմանադրություն է խախտում, իսկ ԱԳՆ-ն, հիշեցնենք, Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո զրկեց ընդդիմադիր մի քանի պատգամավորի՝ ծանոթանալ քննարկվող փաստաթղթի տեքստին: «Բացարձակ որեւէ երաշխիք չկա, որ այն տեքստը, որը մենք ենք տեսել, եւ այն տեքստը, որն այսօր է դրված սեղանին, կարող են նույնը չլինել: Սկզբում 16 կետի մասին էր խոսվում, հիմա՝ 17»,- ասում է պատգամավորն ու տարակուսում, թե այդ ինչից ելնելով է Փաշինյանը հպարտ հայտարարում, որ պատերազմ չի լինելու: «Առավելագույնը՝ ինքը կարող է ասել, որ Հայաստանը պատերազմ չի սկսելու եւ կողմնակից է բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելուն, բայց ինչպե՞ս կարող է ինքը երաշխավորել, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսելու, Ալիե՞ւն է իրեն հավաստիացրել»,- հարցնում է Խաչատրյանն ու հիշեցնում 2020 թ․ աղետալի պատերազմն ու 2021-ի ադրբեջանական ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք, այն դեպքում, երբ այս իշխանությունը խաղաղությունից էր խոսում:

Ադրբեջանական զորքերը մինչ այսօր օկուպացված են պահում ՀՀ սուվերեն տարածքի 200 ք/կմ-ն: Արթուր Խաչատրյանը, հիշեցնելով այս փաստը, հարցնում է՝ Փաշինյանն ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ Ադրբեջանը Նախիջեւանի եւ Հորադիզի միջեւ ճանապարհն ուժով չի բացի: «Նման երաշխիք մենք չունենք, Փաշինյանն էլ, բնականաբար, չունի, բայց իր առջեւ խնդիր է դրված՝ ապացուցելու, որ, այսպես կոչված, խաղաղության քաղաքականությունն արդյունավետ է, եւ ինքը կարողացել է վերջ դնել պատերազմի սպառնալիքին: Կրկնեմ՝ դա իրականության հետ որեւէ աղերս չունի: Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն ու գնդակոծությունները նպատակ ունեն ֆոն ապահովելու՝ ցանկացած պահի ռազմական միջամտության համար»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը:

Ի դեպ, Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիան բացառելու վերաբերյալ հարց է ուղղվել Երեւանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյին: Նա վերահաստատել է այն, ինչ բոլորս գիտենք՝ «զսպվածության» կոչեր է ուղղել կողմերին, Ֆրանսիան «քաջալերել» է Ադրբեջանին ու Հայաստանին համաձայնության հասնելու հարցում: «Կյանքը ցույց է տալիս, որ որեւէ պատերազմ հորդորներով չեն դադարեցնում կամ կանխում: Բազմաթիվ անգամներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը նախագահների մակարդակով Բաքվին հորդորել են՝ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բայց պատերազմ բռնկվեց, հետեւաբար, այն երկրները, որոնք իրենց համարում են Հայաստանի բարեկամ ու հայտ են ներկայացնում՝ նպաստելու Հայաստանի անվտանգության ապահովմանը, պետք է գործնական քայլեր իրականացնեն՝ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ, սանձելով նրա ագրեսիվ նկրտումները»,- ասում է մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու օրակարգին, Խաչատրյանը բազմիցս հնչեցրած միտքն է կրկնում՝ օդուջրի պես Փաշինյանին թուղթ է հարկավոր, որի վրա գրված կլինի՝ «խաղաղություն»։

Դա ստանալու համար նա պատրաստ է ամեն ինչի, որ ժողովրդին ասի՝ քվեարկեք իմ օգտին, որ կարողանամ իրականացնել այն, ինչ դժվարությամբ կարողացել եմ ձեռք բերել: Ակնհայտ է, որ այդ պայմանագիրը խաղաղության մասին չէ, դա միակողմանի կապիտուլյացիա է, բայց քանի որ Ադրբեջանը հասկանում է, թե այդ կապիտուլյացիան ինչքան արժեքավոր է Փաշինյանի համար, լրացուցիչ զիջումներ է փորձում կորզել: Չի բացառվում, որ խոսքը վերաբերում է ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձին, միջանցքի հարցին, իսկ Փաշինյանը պատրաստ է գնալ բոլոր հնարավոր զիջումներին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության: Նա հասկանում է, որ իշխանությունը պահելու հնարավորությունը կախված է Ալիեւի բարեհաճությունից՝ եզրափակում է Արթուր Խաչատրյանը: