01/07/2025

Էրդողանի ներկայությունն ու Ալիևի «հաշվետվությունը» Լաչինում

Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բացել է Լաչինի օդանավակայանը: Լաչինի օդանավակայանը երրորդն է, որ Ալիևը կառուցում է Արցախի հանդեպ ագրեսիայից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Ըստ էության՝ նա ձևավորել է օդանավակայանների եռանկյունի՝ Ֆիզուլի, Զանգելան և Լաչին: Ընդ որում՝ ուշադրության է արժանի այն, որ արդեն տևական ժամանակ կառուցված Ֆիզուլիի ու Զանգելանի օդանավակայանները, ըստ էության չեն գործում, դրանցում չեն իրականացվում կանոնավոր չվերթեր:

Այդ օդանավակայանները Իլհամ Ալիևի համար ընդամենը քարոզչական պաստառ են: Դրանց քաղաքացիական նշանակությունը մեղմ ասած չափազանցված է՝ մի շարք պատճառներով: Սակայն չպետք է թերագնահատել օդանավակայանների ռազմական նշանակությունը:

Դրանք կարող են ծառայել որպես ռազմական գործողությունների լոգիստիկայի կարևոր մաս: Հավանաբար, հենց այդ համատեքստն է արտահայտում այն, որ օդանավակայանների այդ եռանկյունին Ալիևը բացում է որպես կանոն Էրդողանի հետ, նրա ներկայությամբ, որի ուղղակի աջակցության վերահսկողության տակ է վերցրել այդ տարածքները Արցախի դեմ ագրեսիայի արդյունքում:

Օդանավակայանները, կարծես թե, նաև Ալիևի «յուրօրինակ հաշվետվություն» են Էրդողանին: Որքան էլ Բաքուն «սվիններով» է ընդունում Թուրքիայի նախագահի յուրաքանչյուր հիշեցում՝ Արցախի օկուպացիայի հարցում Անկարայի անփոխարինելի դերի և մասնակցության վերաբերյալ, միևնույն է, կան թերևս «բանավոր մակարդակում» փաստական իրողություններ, որոնք բացառել Իլհամ Ալիևն անկարող է:

Սակայն, դրանք կան ոչ միայն Թուրքիայի հանդեպ, այլ օրինակ նաև Պակիստանի և Իսրայելի, որոնք Ադրբեջանին Արցախի օկուպացիայի հարցում վճռորոշ աջակցություն ցուցաբերած եռյակի մյուս երկու «անկյուններն» են: Իսկ այստեղ կարծես թե իրավիճակը անամպ չէ:

Լաչինում ներկա է եղել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը: Իսկ ահա Բենիամին Նաթանյահուի այցը Ադրբեջան, որ կայանալու էր մայիսի 7-11-ը, ձախողվեց, և թերևս զգալիորեն նաև Էրդողանի պատճառով, որը թույլ չտվեց Իսրայելի վարչապետի օդանավի թռիչք Թուրքիայի տարածքի վրայով:

Միևնույն ժամանակ, Իսրայելը և Ադրբեջանը հակադիր ճամբարներում հայտնվեցին Հնդկաստան-Պակիստան դիմակայության շրջանում:

Իսրայելը աջակցում է Հնդկաստանին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան բաց աջակցություն ցուցաբերեցին Պակիստանին: Իհարկե, սա չի նշանակում, որ Բաքուն ու Թել Ավիվը «բաժանվում» են, բայց անկասկած է, որ ինչքան շահերը հեռանում են արցախյան օկուպացիայի կետից, այնքան ավելի նկատելի է դառնում դրանց «ապակենտրոնացումն» ու անգամ իրարամերժ հեռանկարը:

Առավել ևս, որ տարածքները, որտեղ Ադրբեջանը կառուցել է օդանավակայանների եռանկյունին, Իսրայելը դիտարկել է Իրանի հանդեպ դիրքավորման առանցքային հենակետ: Սակայն դա, կարծես թե, հայտնվում է կասկածի տակ, եւ այստեղ է թերևս Էրդողանի ներկայությունն ու Ալիևի «հաշվետվության» հանգամանքը:

Ըստ էության, պայմանական իմաստով՝ օդանավակայանների եռանկյունին Իլհամ Ալիևի համար կարող է դառնալ «բերմունդյան եռանկյունի», որտեղ «կխորտակվի» այն ներդաշնակությունը, որ նա ձևավորել էր հենց այդ տարածքների օկուպացիան իրականացնելու համար: