01/07/2025

Լաչինում երեքի կոմբինացիան ընդդեմ Հայաստանի

«Պակիստանը, Թուրքիան ու Ադրբեջանը երեք հոգի են և մեկ սիրտ»,- Լաչինում հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը մասնակցել է Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան եռակողմ գագաթնաժողովին:

Եռյակն իր հարաբերությունը ռազմա-քաղաքական դաշնակցային մակարդակի բարձրացրեց Արցախի դեմ պատերազմից հետո, թերևս այդ պատերազմում իրենց գործակցությամբ փորձարկելով միմյանց:

Լաչինում տեղի ունեցած գագաթնաժողովին այդ իմաստով, իհարկե, ձգտում են հաղորդել սիմվոլիկ բնույթ, սակայն այստեղ սիմվոլիկայից բացի կա նաև ընթացիկ աշխարհաքաղաքականությունը և Պակիստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, ըստ էության, ձևավորում են մի շղթա, որը արտահայտում է եվրասիական անվտանգության մեծ միջավայրում նրանց դերն ընդլայնելու հավակնությունները:

Պակիստանի վարչապետը մինչև Լաչին մեկնելը, եղել է նաև Իրանում: Եռյակի համար, թերևս, կարևոր է Իրանի լոյալությունը:

Այստեղ, սակայն, կան, թերևս, կոնկրետ ակնկալիքներ, որոնցից մեկն էլ գուցե այն է, որ Իրանը սահմանափակի Հնդկաստանի ռեգիոնալ հավակնությունը: Այլ կերպ ասած, թերևս կա ակնկալիք սահմանափակել Հնդկաստանի ու Հայաստանի հարաբերությունը: Իրանը բնականաբար կարող է լինել «արգելափակոց», եթե հաշվի առնենք, որ Թեհրանով է անցնում լոգիստիկան՝ բոլոր պարագաներում:

Ավելին, Թեհրանը նաև սերտ հարաբերություն ունի Օմանի հետ, որի օդային տարածքը ևս հայ-հնդկական գործակցության կարևոր լոգիստիկ գոտի է: Խնդիրը, անշուշտ, Հայաստանին վնասելը չէ, այլ Հնդկաստանի դերակատարումը սահմանափակելը՝ պայմանավորված ոչ միայն Պակիստանի հետ խնդիրներով:

Կովկասում Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությունը Բաքուն ու Անկարան, թերևս, դիտարկում են նաև ռուս-հնդկական սերտ գործակցության պրիզմայով, հենց այդ մասշտաբով տեսնելով խնդիր:

Դելի-Կովկաս հաղորդակցությունն արգելափակվելու հարցում ուրույն շահագրգռություն կունենա նաև Չինաստանը: Նախօրեին Իրանի ԱԽ քարտուղարը այց է կատարել Ռուսաստան, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի օգնական Պատրուշևի հետ, որը նախկինում զբաղեցնում էր ԱԽ քարտուղարի պաշտոնը:

Պատրուշևի հետ հանդիպման հանգամանքը վկայում է, որ եղել է Պուտինի համար առավելագույն վստահելիությամբ կոմունիկացիայի անհրաժեշտություն: Ռուսաստանն ու Իրանն ունեն ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիր, որը բավականին մանրամասն փաստաթուղթ է: Մոսկվան դեմ չէ, որ խորանա հայ-հնդկական ռազմատեխնիկական գործակցությունը:

Այդ մասին անուղղակի, բայց թափանցիկ ակնարկով Երևանում հայտարարեց ՌԴ արտգործնախարար Լավրովը, որը մտահոգիչ համարեց միայն հայ-ֆրանսիական ռազմա-տեխնիկական գործակցությունը: Հնդկաստանի ակտիվ դերը Մոսկվայի համար կարող է լինել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռյակի կովկասյան ազդեցության հակազդման միջոց:

Բացառելի չէ, որ Իրանը կփորձի Մոսկվային հավաստիացնել, որ իր հետ գործակցությունը բավարար է «երեք հոգի մեկ սիրտ» եռյակին արդյունավետ հակազդելու համար: Բայց եռյակից որևէ մեկի հետ սկզբունքորեն խնդիր չունեցող Իրանն այդ հարցում Ռուսաստանի համար հազիվ թե լինի առավել վստահելի, քան Պակիստանի հետ դիմակայության մեջ գտնվող Հնդկաստանը: