02/07/2025

Որքան կայացած է մարդը, այնքան իր համար քիչ նշանակություն ունի իր անձի ընկալումը

Ինչի՞ մասին է «Ոսկե ձկնիկի» մասին հեքիաթը: Դուք կասեք, իհարկե, Պառավի ագահության եւ այն մասին, որ գլխավոր հերոսուհին, իր բնավորության այդ առանձնահատկության պատճառով, հայտնվում է կոտրած տաշտակի առաջ:

Սյուժետային այդ գիծն, անշուշտ, աչքի է զարնում: Ի դեպ, Պուշկինը, մշակելով այդ սյուժեն, որը զանազան տարբերակներով շրջանառվում էր դարեր շարունակ, մտադիր էր Պառավի ցանկությունների ցանկում ընդգրկել նաեւ Հռոմի պապ դառնալու ձգտումը, բայց հետո, հավանաբար, այդ զավեշտալի դրվագը կոռեկտ չհամարեց՝ հաշվի առնելով կաթոլիկների ընկալումը:

Բայց, եթե ավելի խորը մտածենք եւ ընկալենք Պառավին ու նրա ամուսնուն՝ որպես մեկ անձ, ապա հեքիաթը մարդկային, աստվածաշնչյան իմաստով, հեզության բացակայության, գոռոզության մասին է, որը տհասության, հիմարության, չկայացած լինելու դրսեւորում է: Չէ՞ որ տարեց Ձկնորսն անընդհատ բավարարում է իր զուգընկերուհու (այլաբանական իմաստով՝ իր սեփական) պահանջները՝ տրվելով Պառավի (այսինքն՝ իր) ego-ի հոսանքին:

Որքան կայացած է մարդը, այնքան իր համար քիչ նշանակություն ունի իր անձի ընկալումը, իր դիրքը, իր «ուսադիրները», որովհետեւ նա հասկանում է, որ այդ ամենը ոչ միայն ժամանակավոր են, այլեւ՝ դրանք իր «ես»-ի հետ առանձնապես կապ չունեն:

Դա արտաքին կեղեւն է, եթե ուզում ենք՝ «հագուստն» է, որն այսօր կա, իսկ վաղը չկա: Եվ հակառակը. նա, ով իրեն նույնականացնում է իր պաշտոնի, փողի եւ այլ «հագուստների» հետ, անընդհատ նոր «հագուստներ» է պահանջում եւ մի ձգտում ունի՝ որ նրան որքան հնարավոր է շատ մարդ եւ որքան հնարավոր է հաճախ «չեստ տան»:

Ներքին դատարկությունը դրանով է ծածկվում: …Երբ տարիներ առաջ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին խորհուրդ տվեցի չթողնել դասախոսական աշխատանքը, Արփինեի արձագանքը հետեւյալն էր՝ «Իհարկե, չեմ թողնի. ես այնքան հիմար չեմ, որ մտածեմ, թե ամբողջ կյանքս նախարար եմ լինելու»:

Արամ Աբրահամյան