Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկուկես ամսվա մեջ երկրորդ անգամ է լինում Մոսկվայում։ Երկրորդ նախագահի քաղաքական թիմի «ներքին խոհանոցին» մոտ կանգնած մամուլն է վկայում:
Թե մոսկովյան այս վերջին այցի ժամանակ ինչ են փսփսացել նախկին նախագահի ականջին՝ չի մանրամասնվում, բայց այցի փաստն ուշագրավ է՝ հաշվի առնելով ՀՀ-ՌԴ հարաբերություններում հաստատված «ստատուս քվոն»։
Մոսկովյան այցից հետո, պարզվում է, նախկին նախագահը որոշել է նաև «պատվել» լրատվադաշտին՝ ասուլիս հրավիրել, այն դեպքում, երբ մոտ 10 օր առաջ էր յուրային ԶԼՄ-ներին հարցազրույց տվել և մի շարք, մեղմ ասած, անհաջող, վիճահարույց հայտարարություններ արել։
(Նկատենք՝ civic.am-ին նախորդ՝ ս.թ. փետրվարին կայացած ասուլիսին մասնակցելու հնարավորություն չտրվեց, այս ասուլիսին, ենթադրում ենք, դրա կազմակերպիչները կպատվեն ինքզինքը՝ մեզ նույնպես երկրորդ նախագահին հարցեր տալու հնարավորություն տալով)։
Նախընտրական տարում հաճախակի հյուսիս մեկնելն ու «ռուսաց թագավորի» բանագնացների հետ հանդիպումները, այդ մասին տեղեկատվական արտահոսքեր կազմակերպելը բարոյահոգեբանական «դիվերսիայի» յուրօրինակ ձև են։ Ակնհայտ է, որ դիվերսիայի օբյեկտն այս դեպքում ՀՀ ընտրողն է, որին 2021 թ. հունիսի համեմատ բավականաչափ մաշված ռեյտինգով էքսնախագահը սպառնում է… իր վերադարձով։
Անշուշտ, խոսքը քաղաքական (և դրանից բխող հետևանքներով) վերադարձի մասին է, իսկ թե այս անգամ ինչ ֆորմատով այն տեղի կունենա, որ քաղաքական ուժի կամ քաղաքական կոնգլոմերատի տեսքով՝ տեսանելի կլինի առաջիկա ամիսներին։ Նախկին նախագահը, ակնհայտորեն, իշխանության գալու «դաբրոն» փորձում է վերստին ստանալ օտար երկրում՝ ՌԴ-ում, բայց իշխանության գալ ՀՀ ժողովրդի քվեով։
Ենթադրում ենք, որ նման «գրանդիոզ պլան» ունեցող նախկին նախագահը հաշվի է առել անչափ կարևոր մի հանգամանք՝ այդ պլանի իրագործումը հնարավոր դարձնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասի վերաբերմունքը «դաբրո տվողի» նկատմամբ։
Սոցհարցումներին հղում անել սիրող երկրորդ նախագահին ու նրա թիմակիցներին թերևս հիշեցնենք՝ ըստ Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման տվյալների (դրանք հրապարակվել են նախորդ տարի աշնանը)՝ Հայաստանի համար Ռուսաստանը երրորդ ամենամեծ սպառնալիքն է Ադրբեջանից ու Թուրքիայից հետո։
Հարցվածների միայն 35 տոկոսն է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները որակել լավ, 64 տոկոսի կարծիքով՝ դրանք վատ են։ Քաղաքական-քաղաքագիտական վերլուծությունը պետք է հուշեր նախկին նախագահին հաշվի առնել ռուսական գործոնի ազդեցությունը ՀՀ քաղաքացիների էլեկտորալ վարքի վրա, որը, ակնհայտորեն, այլ է լինելու, քան 2021-ի ԱԺ ընտրությունների նախընթաց փուլում էր՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից 7 ամիս անց։
Այդ փուլում՝ 2021-ին, հայ-ռուսական հարաբերություններում առկա «բարեկամության և ջերմության» «գրադուսն» այլ էր, ՀՀ քաղաքացիները չէին հասցրել առերեսվել մեր ռազմավարական դաշնակցի ոչ ռազմավարական վարքագծին՝ ադրբեջանական զինուժը չէր ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, ՀԱՊԿ-ն ի պատասխան անգործություն չէր ցուցաբերել՝ անարձագանք թողնելով անդամ պետության նկատմամբ ագրեսիան, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ՌԴ-ի «գործուն անգործությամբ» չէր ենթարկվել էթնիկ զտման, ԼՂՀ-ն էլ չէր վերածվել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»-ի (ՌԴ ՊՆ-ն 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո այդպես էր անվանում Լեռնային Ղարաբաղը իր պատասխանատվության գոտում իրականացրած մշտադիտարկման ամենօրյա տեղեկագրերում)։
Արդ, նախկին նախագահի՝ վերջին շրջանի քաղաքական ակտիվացումը, 2018-ի իշխանափոխությունից հետո այլևս ժամկետանց «ավանդույթին» ապավինելով իշխանության գալը արտաքին հովանավորությամբ միտված են մեկ գերխնդրի՝ սրբել հովանավորի «կեղտոտ երեսը»՝ ՀՀ-ին և ԼՂՀ-ին պատուհասած դժբախտությունների մեղավոր կարգելով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Այն է՝ ՀՀ իշխանությունն է եղել 44-օրյա պատերազմի համար «կազուս բելի» ապահովողը՝ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից սեղանին դրված «հոյակապ» (Լավրովի) պլանը, 2022-ին Պրահայում ՀՀ իշխանությունն է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս ու այսպիսով ՌԴ-ին զրկել իր միջնորդական պարտավորություններից, ՀՀ իշխանությունն է իր հարաբերությունները փչացրել ՀԱՊԿ-ի հետ և այլն, և այլն։
Կարճ ասած՝ ՌԴ-ն ու այդ երկրի հետ նույնացվող բոլոր կառույցներն անմեղ են, գործել են Հայաստանի շահերը պաշտպանելու անկեղծ ցանկությամբ ու պատրաստակամությամբ, իսկ այ ՀՀ ներկայիս իշխանությունը բռնել ու փչացրել է ամեն ինչ՝ պղտորելով ժողովրդի արյունը, ու «անմեղ տեղը» հակառուսական տրամադրություններ գեներացրել։
Արդ, ժամանակն է վերանայել այդ վերաբերմունքն ու ըստ այդմ էլ քվեարկել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայման, նախահեղափոխական իրավիճակին վերադարձնելուն պատրաստ թեկնածուի օգտին։ Թե ով է այդ թիվ մեկ թեկնածուն՝ արդեն գլխի ընկաք։
Նախկին նախագահի քաղաքական աշխարհայացքը, ինչպես երևում է, ադապտանում է հետհեղափոխական Հայաստանում հաստատված նոր իրողություններին, այն է՝ ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մեկ (ոչ թե արտաքին, այլ ներքին) սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին, նույն ինքը՝ ժողովուրդը։
Անհնար է այլևս թքած ունենալ հանրային տրամադրությունների վրա և ակնկալել այդ տրամադրությունների կրողը հանդիսացող սուբյեկտի քվեի միջոցով իշխանության գալ։ Ժողովուրդն այլևս «դեմոկրատական շիրմա» չէ, ինչպես իր՝ Քոչարյանի ու նրա հաջորդի օրոք էր, այլ վճռորոշ գործոն, որի հիշողությունն ու վերլուծական կարողությունները պատշաճ մակարդակի են՝ դիմագրավելու գավառական և այլ տիպի շուստրիություններին։
Հ.Գ. Այն, որ Քոչարյանը վերջապես հասկացել է, որ որքան էլ իր քաղաքական ապագայի հարցով դեգերի հյուսիսներում, մեկ է՝ ստիպված է լինելու հաշվի նստել ՀՀ-ում վճռորոշ գործոնի՝ ժողովրդի կամքի հետ, նկատվում է նրա վերջին հարցազրույցում։ Նախկին նախագահը որոշել է ռևերանսներ անել դեպի ՀՀ-ում իշխանության աղբյուրը՝ չարախոսելով Փաշինյանին։
«2018-ին Նիկոլն ասում էր, որ մենք ունենք փայլուն ժողովուրդ, կիրթ, խելոք, փայլուն երկիր։ Հիմա ասում է՝ դուք վատ եք ապրում, որովհետև փնթի եք, թամբալ եք, ծույլ եք, վախկոտ եք»,- հայտարարել է երկրորդ նախագահը՝ չմոռանալով իր կողմից կոմպլիմենտներ շռայլել նույն այդ ժողովրդին, թե՝ «մենք ունենք փայլուն ժողովուրդ՝ աշխատասեր, խելացի, ճարպիկ, և դա եղել է մեր մրցակցային առավելությունը…»։
Այսպիսի որակներ ունեցող ժողովրդի արյունը «Մարտի 1-ին» հեղած սուբյեկտի մասին թերևս տեղին կլինի ասելը՝ «մարդ ա վատացել…»։
Բաց մի թողեք
Հով, քեզ քպ-ն էլ մարդու տեղ չի դնում, ինչի՞ ես քեզ էս աստիճան ստոր ներկայացնում. Լուսանկար
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան