«Սինդուր» ռազմագործողությունն ավարտված չէ»,- հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Մոդին:
«Մեր բանակը նրանց պարտադրել է գիտակցել «Սինդուրի» ուժը»- ասել է նա և հավելել, որ Հնդկաստանը «կշարունակի բոլոր նրանց դեմ, ովքեր հովանավորում են ահաբեկչությունը»: Հնդկաստանի վարչապետը նաև մեկնաբանել է, որ Պակիստանն արդեն «երեք անգամ իր տարածքում տուժել է»:
Հնդկաստանի և Պակիստանի միջև բախումները դադարել են մայիսի 10-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի համաձայնություն ձեռք է բերվել մեկ գիշերվա ընթացքում՝ Վաշինգտոնի միջնորդությամբ: Այդուհանդերձ, մայիսի 12-ին Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ Պակիստանի հետ շփումներ կլինեն միայն զինվորականների մակարդակով, քաղաքական քննարկումները բացառված են:
«Սինդուր» ռազմագործողության շարունակականության մասին Հնդկաստանի վարչապետի հայտարարությունը հաջորդում է Պակիստանի վարչապետ Շահբազի Թուրքիայի այցին, Լաչինում թուրք-ադրբեջանա-պակիստանյան բարձրագույն մակարդակով հանդիպմանը, որի ընթացքում Անկարան և Բաքուն Իսլամաբադին միանշանակ աջակցություն են հայտնել:
Մայիսի 7-ին, երբ Հնդկաստանն սկսել է «Սինդուր» ռազմագործողությունը, թիրախ է ընտրել Պակիստանի տարածքում բացահայտած ահաբեկչական խմբավորումների հենակետերը և ենթակառուցվածքները: Հնդկաստանի վարչապետն զգուշացնում է, որ «Սինդուր» ռազմագործողությունը կշարունակվի բոլոր նրանց դեմ, ովքեր հովանավորում են ահաբեկչությունը:
Այս զգուշացումը հետաքրքիր է նրանով, որ հնդկա-պակիստանյան հրադադարից կարճ ժամանակ անց Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել արտերկրում Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների ձերբակալելու և Բաքու տեղափոխելու մասին: Ըստ պաշտոնական վարկածի, այդ մարդիկ Ադրբեջանից հեռացել են անցյալ տարվա մարտ ամսին և հաստատվել Աֆղանստանի և Պակիստանի տարածքի լեռնային հատվածներում:
Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության կետերից մեկով, ինչպես արևմտյան աղբյուրներն են փոխանցում, Իսլամաբադի իշխանությունները պարտավորվել են երկրի տարածքից հեռացնել ահաբեկչական խմբավորումներին: Այդ խմբավորումները ծայրահեղ իսլամական են և Հնդկաստանի դեմ թշնամաբար են տրամադրված Ջամու-Քաշմիրի պատճառով:
Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը Ջամու-Քաշմիրի հարցում պաշտպանում են Պակիստանին և այդ տարածքը, եթե բնորոշումից չխուսափենք, ճանաչում են «իսլամապատկան»: Վստահաբար կարելի է ասել, որ քաղաքական առումով Անկարան և Բաքուն արդեն իսկ Հնդկաստանի դեմ հարձակումներում աջակցում են ծայրահեղ իսլամականներին:
Ըստ երևույթին, Հնդկաստանի հատուկ ծառայությունները հուսալի տեղեկություն ունեն, որ Թուրքիան և Ադրբեջանը նաև այլ կարգի աջակցություն են ցուցաբերում Քաշմիրի դեմ հարձակումներ գործող խմբավորումներին: Հնդկաստանի վարչապետի զգուշացումը, որ «Սինդուր» ռազմագործողությունը տարածվում է ահաբեկչության բոլոր հովանավորների վրա, հավանաբար, պետք է հասկանալ ավելի լայն և խորքային իմաստով:
Բաց մի թողեք
Իրանը ԱՄՆ-ին մեղադրում է խաբելու համա՞ր
Ծիծեռնավանքը դարձնում կամ կոչում է Աղօղլանի վանք․ Լուսանկար
Սյունիքի հանդեպ առաջացած անմիջական սպառնալիքի մասին