01/07/2025

«Յուղ» ներիշխանական մրցակցության «մարմանդ կրակին»

Խորհրդարանի ՔՊ մեծամասնությունը պաշտպանության նախարարի հետ մի քանի ժամ փակ քննարկում է իրականացրել զինծառայության վերաբերյալ աղմկոտ նախագծի առնչությամբ, որն, այլ կերպ ասած, օրենքի նախագիծ է զինվորական ծառայությունից վճարի դիմաց ազատվելու մասին:

Նախաձեռնության հեղինակը ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն է, բայց նախաձեռնությունը արժանացել է ՊՆ հավանությանը: ՔՊ խմբակցությունում և կուսակցությունում, սակայն բոլորը չէ, որ համաձայն են այդ օրենքին:

Դրա պատճառը, թերևս, այն է, որ հասարակությունը խիստ բացասական է արձագանքել, ըստ էության, սոցիալական, դասակարգային խտրականության մասին այդ օրենքին, որի վերաբերյալ մտահոգություն է հայտնել անգամ Մարդու իրավունքի պաշտպանը, չբացառելով ընդհուպ Սահմանադրական դատարան դիմելը:

Ներիշխանական տարաձայնությունները, սակայն, պայմանավորված լինելով, իհարկե, հասարակության բացասական արձագանքի շոշափելիությամբ, այդուհանդերձ, իրենց խորքում թերևս արտահայտում են բոլորովին այլ մտահոգություններ: Մասնավորապես, մտահոգություններ խորհրդարանի առաջիկա ընտրության և այդ ընտրությանը թիմում իրենց տեղի ու դիրքի կապակցությամբ:

Նախընտրական պայքարը Հայաստանում թեժանում է ոչ միայն քաղաքական մրցակից ուժերի, կամ նույնիսկ հակառակորդ ուժերի միջև, այլ նաև իշխանության ներսում: Ներիշխանական պայքարը կամ մրցակցությունը սրում է թերևս այն, որ ակնառու է նոր իշխանական նկարագիր և, ըստ այդմ, դրա ներքո նոր թիմ ձևավորելու Նիկոլ Փաշինյանի ձգտումը և աշխատանքը: Սա նշանակում է, որ ներիշխանական ներկայիս ստատուս քվոն ենթարկվելու է էական փոփոխության:

Համենայն դեպս, Փաշինյանն ունի այդ նպատակադրումը, որպեսզի դրանից քաղի նախընտրական առավելագույն էֆեկտ՝ կոմպենսացնելով սեփական վարկանիշի անկումը: Իսկ կորցնել դիրքերը իշխանության ներսում, չի ցանկանում, բնականաբար, ոչ ոք:

Իհարկե, այդ երևույթը միշտ չէ, որ արտահայտվելու է նկատելի, սակայն բոլոր այն դեպքերում, երբ իշխանության այս կամ այն նախաձեռնության հանդեպ լինի հանրային ընդգծված, նկատելի դժգոհություն կամ բացասական գնահատական, դա լինելու է «յուղ» ներիշխանական մրցակցության այն «մարմանդ կրակին», որ գոյություն ունի վաղուց:

Իհարկե, պետք չէ բացառել, որ այդ «յուղը» լցնի Նիկոլ Փաշինյանն ինքը, ըստ կրակի կառավարման իր նպատակահարմարության: Համենայն դեպս հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի արտահայտվել աղմկահարույց օրինագծի առնչությամբ, թեև օրինակ կառավարության նիստում խոսել է եկեղեցիների համար ստանդարտներ սահմանելու կամ չափահաս դառնալուց հետո ծնողների հետ ապրելու «ավանդույթից» հրաժարվելու մասին: