Reuters գործակալության հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Արքայազն Խալիդ բին Սալմանը, արքա Սալմանի որդին, ապրիլի 17-ին Թեհրանում կայացած փակ հանդիպման ժամանակ Իրանի ղեկավարությանը փոխանցել է ուղերձ, որը մինչ այդ հայտնի չէր․
Դոնալդ Թրամփի միջուկային առաջարկը պետք է դիտարկել որպես պատերազմից խուսափելու վերջին հնարավորություն։
Հանդիպմանը մասնակցել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, զինված ուժերի շտաբի պետ Մոհամադ Բաղերին և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Լուրի աղբյուրներն են՝ Պարսից ծոցի երկրների երկու աղբյուրներ և երկու իրանական պաշտոնական շրջանակների հետ կապ ունեցող անձինք։
Ըստ Reuters-ի, Արքայազն Խալիդը հանդիպման ժամանակ հստակ նախազգուշացրել է, որ նախագահ Թրամփը չի պատրաստվում հանդուրժել ձգձգվող բանակցություններ։ «Դիվանագիտական պատուհանը կփակվի շատ շուտով։ Եթե համաձայնության չհասնեք, Իսրայելի հարվածը երկար սպասեցնել չի տա», – ասել է նա։
Իրանը, որն արդեն զգալի կորուստներ է կրել իր մերձավոր դաշնակիցների՝ Համասի, Հըզբոլլահի և Սիրիայի Ասադի ռեժիմի վրա հասցված հարվածների պատճառով, այժմ լուրջ ճնշման տակ է։ Իրանական կողմը, ըստ աղբյուրների, նշել է, որ շահագրգիռ է համաձայնության հարցում՝ փորձելով թեթևացնել արևմտյան պատժամիջոցների պատճառած տնտեսական ճնշումը, սակայն մտահոգված է Թրամփի «անկանխատեսելի» մոտեցմամբ։ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել բանակցելու, սակայն հրաժարվում է ամբողջությամբ փակել ուրանի հարստացման ծրագիրը։
Արքայազն Խալիդը միաժամանակ վստահեցրել է, որ Սաուդյան Արաբիան թույլ չի տա, որպեսզի իր տարածքն ու օդային տարածքը օգտագործվեն ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից՝ Իրանի դեմ ռազմական գործողության նպատակով։ Սակայն զգուշացրել է, որ ցանկացած սադրանք Վաշինգտոնի ուղղությամբ այս անգամ կարող է բախվել շատ ավելի կոշտ և արագ արձագանքի։
Թեհրանը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ՝ փորձել պայմանավորվել Թրամփի վարչակազմի հետ, թե գնալ ռազմական սրացման ուղով՝ Իսրայելի հետ բախման վտանգով։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան