01/07/2025

Թուրքիայի փխրուն ուսերի հուսին մնացած Ռուսաստանն ամենավտանգավորն է, ինչպես սատկող գազանը

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մեկնարկից մեկ ժամ առաջ ՌԻԱ-Նովոստիի թղթակիցը հայտնել է, որ Ռուսաստանի պատվիրակության մի մասը վերադարձել է հյուրանոց, որ, ի դեպ, գտնվում է նույն «Չիրաղան» համալիրում:

Րոպեներ անց ՏԱՍՍ-ը, հղում անելով թուրքական իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը ծրագրում է մասնակցել ռուս-ուկրաինական բանակցություններին:

Նույն աղբյուրներն ասել են, որ հանդիպման մոդերացիան կիրականացնի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որի բացման խոսքը կհեռարձակվի ուղիղ եթերում: ՏԱՍՍ-ն այդ առթիվ տարակուսանք է հայտնում, թե պարզ չէ՝ այդ «արարողարկգը նշանակում է եռակողմ ձևաչափով բանակացությունների անցնակցո՞ւմ»:

Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը, ընդսմին, հղում է անում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Ստամբուլի բանակցություններում Թուրքիայի կամ որևէ երրորդ կողմի միջնորդության մասին խոսք լինել չի կարող:

Զախարովան նման վստահ հայտարարություն արել է, երբ Ուկրաինան դեռևս չէր իրականացրել «Սարդոստայն» հատուկ գործողությունը, որի աղետալի հետևանքներն արդեն իսկ հաստատվում են արբանյակային լուսանկարներով: Խոսքն արդեն Ռուսաստանի միջուկային զսպան միջոցների սահմանափակման մասին է, հանգամանք, որ Ուկրաինայի դեմ պատերազմը տեղափոխում է բոլորովին այլ հարթություն:

Միջազգային հեղինակավոր փորձագիտական կենտրոններն արձանագրում են, որ հունիսի 1-ի ուկրաինական հատուկ գործողությունը չեղարկում է ԱՄՆ նախագահ Թրամփի մանտրան, որ Զելենսկու «ձեռքին խաղաքարտեր չկան»:

Բոլորովին նոր իարվիճակում Ռուսաստանի պատվիրակությունը, հավանաբար, ուկրաինացիների հետ ուղղակի երկխոսությունից նախընտրել է Թուրքիայի միջնորդությամբ քննարկումները:

Կարելի է ենթադրել, որ բանակցություններում հրադադարի հաստատման սկզբունքների մասին հուշագրերի «հանդիպակաց քննարկում» չի կազմակերպվի: Բանակցությունների նախորդ փուլում կողմերը Թուրքիայի արտգործնախարարի նախաձեռնությամբ քննարկել և գերիների փոխանակման հարցում որոշակի համաձայնության են եկել: Այդ պայմանավորվածությունը լիովին կատարվել է:

Ըստ տեղեկությունների, ուկրաինական պատվիրակության «դիվանագիտական քեյսում» առկա է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման, ինչպես նաև ռազմական գործողությունների գոտուց Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների հայրենադարձության հարցը:

Թուրքիան խորապես շահագրգռված է, որպեսզի ռուս-ուկրաինական բանակցությունների Ստամբուլի հարթակը չհեղինակազրկվի: Ռուսաստանն իր հերթին ունի բանակցությունների ձախողման պատասխանատվությունից խուսափելու խնդիր: Այդ առումով մարդասիրական հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու թուրքական միջնորդությունը Մոսկվայի հնարավորությունն է:

Բայց ի՞նչ կարժենա Թուրքիայի «անշահախնդիր միջնորդությունը»՝ ահա հարցերի հարցը, որ որոշակիորեն առնչվում է նաև Հայաստանին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասի ստատուս քվոյի հաստատման հեռանկարին:

Գազայում հրադադարի հաստատման, պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման, մարդասիրական օգնության կազմակերպման հարցերով բանակցությունները հերթական անգամ մտել են փակուղի:

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին պահին ՀԱՄԱՍ-ը ներկայացրել «անիրականացնելի պահանջ»: Ըստ տեղեկությունների՝ պաղեստինյան կազմակերպությունը պահանջել է պատանդների ազատ արձակման դիմաց հաստատել յոթ տարվա ժամկետով հրադադար, իսրայելական զինված ուժերը լիովին դուրս բերել Գազայից, վերականգնել մարդասիրական օգնության ստացման նախկին բոլոր կետերը և բաշխման գոյություն ունեցած լոգիստիկան և կարգը:

Իսրայելի կառավարությունը ՀԱՄԱՍ-ի առաջարկությունները քննարկել է և գտել, որ դրանք «անիրատեսական են»: Երուսաղեմն այդ մասին ծանուցել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆին, որի ներկայացրած առաջարկությունները բավական համեստ են և ենթադրում են իսրայելացի պատանդների երկու փուլով վերադարձ, 60-օրյա հրադադար, մարդասիրական օգնության ծավալների կրկնապատկում և միջազգային վերահսկողության ներքո բաժանում:

Ամերիկյան նախաձեռնությունը միտված է Գազայում ՀԱՄԱՍ-ի իշխանության չեղարկմանը: Ամենայն հավանականությամբ, դա է պաղեստինյան կազմակերպության կողմից ակնհայտ անիրականացնելի պահանջներ ներկայացնելու պատճառը:

Այս իրավիճակում, երբ Իսրայելը սպառնում է ավելի մեծացնել ռազմական ճնշումը և Գազայում ՀԱՄԱՍ-ի ներկայությանը վերջ տալ, հայտնի է դարձել, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Թուրքիայի MIT-ի տնօրեն Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդի տեղակալ Խալիլ Հայեի հետ:

Ըստ turkiyegezetesi-ի՝ քննարկվել են «կրակի դադարեցման բանակցությունների եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր»: Ընդգծվել է, որ Թուրքիան սատարում է պաղեստինցիներին:

Թուրքիան իսրայելա-պաղեստինյան կարգավորմանը ներգրավված միակ երկիրն է, որ ՀԱՄԱՍ-ը ճանաչում է որպես կուսակցություն և պնդում, որ այդ կազմակերպությունը պետք է ապագա անկախ Պաղեստինի քաղաքական համակարգում ունենա իր տեղը: Իսրայելը պահանջում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում և լուծարում, ինչից հետո միայն հնարավոր է համարում Գազայի կարգավիճակի քննարկումը:

Բանակցություններում ստեղծված փակուղային իրավիճակում Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրենի և ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի փոխառաջնորդի միջև հեռախոսազրույցը վկայում է, որ Անկարայի միջնորդությունը պահանջված է ամենից առաջ Միացյալ Նահանգների կողմից:

Եթե Ուիթկոֆի ներկայացրած առաջարկությունները վերջնականապես մերժվեն, ապա Իսրայելը կանցնի Գազան ամբողջությամբ վերահսկողության տակ առնելուն միտված ռազմագործողության երկրորդ փուլին, իսկ դա կարող է մերձավորարևելյան լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ:

Քալըն-Հայե հեռախոսազրույցի մասին թուրքական մամուլի տեղեկությունից հասկացվում է, որ MIT-ի տնօրենը ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևին առաջարկել է ընդունել հրադադարի հաստատման ամերիկյան առաջարկությունները: Հնարավոր է, որ ՀԱՄԱՍ-ն ընդունի Թուրքիայի «խնդրանքը», բայց վաթսունօրյա հրադադարը և մարդասիրական օգնության կրկնապատկումը Գազայի, առհասարակ Պաղեստինի, իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծում չէ: Թուրքիան մշտապես դիմում է միջազգային հանրությանը, որպեսզի Իսրայելի նկատմամբ ճնշում գործադրվի:

Տվյալ դեպքում, կարծես, տեղի է ունենում հակառակը, Միացյալ Նահանգները Թուրքիային բացահայտում է որպես ՀԱՄԱՍ-ի հովանավոր եւ արդեն երկրորդ անգամ է՝ Անկարային մղում է պաղեստինյան կազմակերպությանը համաձայնությունների բերելու չափազանց պատասխանատու առաքելության:

Կոնկրետ իրավիճակում դա Թուրքիային, Ռեջեփ Թայիփ Էրդողանին որոշակի դիվիդենտներ բերում է: Բայց Թուրքիան ունա՞կ է մինչև վերջ կրել այդ պատասխանատվությունը: Այս հարցը խիստ կարևոր է, քանի որ Թուրքիան լուրջ դերակատարության է հավակնում նաև Հարավային Կովկասում: