Ստամբուլի բանակցություններում Ռուսաստանը ներկայացնում է նախագահի խորհրդական Մեդինսկին, Ուկրաինան՝ պաշտպանության նախարար Ումերովը: Ստամբուլ մեկնելուց առաջ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին լրագրողներին ասել է, որ ստացել են հրադադարի հաստատման սկզբունքների մասին հուշագրի ուկրաինական տարբերակը:
Ռուսաստանի նախագահի օգնականն, ընդ որում, հատուկ ընդգծել է, որ տեքստը երկու օրինակից է՝ ուկրաիներեն և անգլերեն և «թեթևակի» ծաղրել: «Ոչինչ, գլուխ կհանենք, մեր պատվիրակության կազմում լեզուների տիրապետողներ կան, հարկ եղած դեպքում երկու հոգի գերազանց ճապոներեն կխոսեն»:
Այս իրոնիայից հասկացվում է, որ ռուսական կողմը Ստամբուլում շարունակելու է պնդել հրադադարի հաստատման իր պայմանը՝ նախ՝ քաղաքական համաձայնություններ, ապա՝ ռազմական գործողությունների դադարեցում:
Հունիսի 1-ին տեղի է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցը: Այդ մասին պաշտոնական հաղորդագրությունից կարելի է տպավորություն ունենալ, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ռազմական մի քանի օդանավակայանների դեմ հարձակումից հետո Վաշինգտոնը մտահոգություն է ունեցել, որ Մոսկվան կարող է Ստամբուլի բանակցություններից հրաժարվել:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին ասել է, որ տարվա ընթացքում Թրամփ-Պուտին գագաթաժողով «հազիվ թե կազմակերպվի»: Ուշակովը հաստատել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց դեռևս չկան նախնական համաձայնություններ, որ նախագահների մակարդակով քննարկման դրվեին:
Այս համատեքստում գրեթե ինտրիգային հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելոգը: Ըստ այդմ, Ստամբուլում կայանալիք բանակցություններին «ներկա կգտնվեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անվտանգության համակարգի ներկայացուցիչները»:
Թուրքական Yeni gazetesi-ն այդ առթիվ խիստ դժգոհություն է հայտնել և նույնիսկ առաջարկել, որ եվրոպական «եռյակի» ներկայացուցիչների մուտքը Չիրաղան պալատ չթույլատրվի:
ՌԻԱ-Նովոստիի հատուկ թղթակիցը հունիսի 2-ի առավոտյան Ստամբուլից հայտնել է, որ Չիրաղան պալատը, որտեղ պետք է կայանան ռուս-ուկրաինական բանակցությունները, անվտանգության ուժերի կողմից ստուգման է ենթարկվել, ներգրավվել են նաև կինոլոգներ:
Ռուսաստանյան մամուլը ռազմական օդանավակայանների դեմ ուկրաինական հարձակումների «կուրատոր» է անվանել եվրոպական երկրների հատուկ ծառայություններին:
Այս ֆոնին խնդիր է՝ Ռուսաստանի պատվիրակությունը կհամաձայնի՞, որ ստամբուլյան բանակցություններին ներկա գտնվեն Մեխ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անվտանգության համակարգի ներկայացուցիչները:
Ըստ էության, խոսքը հատուկ ծառայությունների պատասխանատուների մասին է, իսկ Ռուսաստանը նրանց է վերագրում ռազմական օդանավակայանների դեմ հարձակումների կազմակերպումը և իրականացումը:
Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի պատվիրակությունը կհրաժարվի եվրոպական «եռյակի» հատուկ ծառայությունների պատասխանատուների ներկայությամբ բանակցություններից: Այդ դեպքում շատ անհարմար վիճակ կստեղծվի ԱՄՆ համար, որ հետեւողականորեն փորձում է Ուկրաինայի հարցում պատասխանատվությունը հասցեագրել Եվրոպային, իսկ Ռուսաստանի հետ անցնել երկկողմ հարաբերությունների շուրջ սուբստանտիվ բանակցությունների:
Ստամբուլը կարող է չեղարկել նաև Թուրքիայի միջնորդությունը: Հունիսի 1-ը մոտեցրել է «ճշմարտության պահը». կամ ուրվագծվում է քաղաքական համաձայնություն, կամ պատերազմը շարունակվում է, բայց արդեն՝ այլ միջոցներով և ծավալով:
Ստամբուլում այսօր սպասվում է ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցության երկրորդ ռաունդը: Դրանից առաջ տեղի են ունեցել մի քանի էական իրողություններ: Ռազմաճակատում Ռուսաստանի զինուժը շարունակում է գրավել նոր բնակավայրեր:
Ուկրաինայի հատուկ ծառայություններն արևմտյան հատուկ ծառայությունների աջակցությամբ հարվածային օպերացիա են իրականացրել Ռուսաստանի ստրատեգիական ավիացիայի նկատմամբ, որը կայանված է Մուրմանսկում:
Դրանից բացի, տեղի է ունեցել կամրջի պայթեցում Բրյանսկում և Կուրսկում, որի հետևանքով գծերից դուրս է եկել ուղևորատար գնացքը, կան զոհեր: Այդ ամենից հետո տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հեռախոսազրույցը:
Դրա ընթացքում Ռուբիոն ցավակցել է գնացքի ողբերգության հետեւանքով զոհերի համար: ՌԴ ԱԳՆ հաղորդման համաձայն, Ռուբիոն հայտնել է «անկեղծ ցավակցություն»:
Այդ ձևակերպումը, թերևս, հուշում է, որ ռուսական կողմը «հավատում» է, որ ամերիկյան կողմը մասնակցություն չի ունեցել ուկրաինական հատուկ ծառայությունների գործողություններին: Այստեղ ուշագրավ է այն, որ ամերիկյան Աքսիոս պարբերականը նախ հայտնել էր, որ Կիևը Ռուսաստանում գործողությունների մասին նախապես իրազեկել է Սպիտակ տանը: Հետո, սակայն Աքսիոսը հերքել է իր տարածած տեղեկությունը:
Ռուբիոյի և Լավրովի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը չի հայտնում ստրատեգիական ավիացիային հասցված հարվածի շուրջ խոսակցության մասին, բայց թերևս մեծ հավանականությամբ այդ հանգամանքը ևս քննարկվել է: Իհարկե, գործողությունը վճռորոշ նշանակություն չի ունենա մարտադաշտում իրերի ներկայիս դրության վրա, բայց անկասկած տեղեկատվա-քարոզչական դաշտում բավականին հնչեղ է: Իսկ դա նշանակում է, որ մեծ հավանականությամբ այն նպաստելու է Ստամբուլում Մոսկվայի դիրքերի կարծրացմանը:
Հետևաբար, Ստամբուլում հավանական է, որ Մոսկվան կներկայացնի շատ կոշտ պահանջներ, ինչը նշանակում է, որ ստամբուլյան երկրորդ ռաունդում գրեթե բացառվում է հրադադարի վերաբերյալ որևէ համաձայնություն: Իհարկե, տեսականում հնարավոր է քննարկել, որ ստրատեգիական ավիացիային հասցված հարվածը կարող է ստիպել Ռուսաստանին ունենալ ավելի մեղմ դիրքորոշումներ: Սակայն, այստեղ հարցը տեսականությունը չէ:
Գործնական պատկերը բոլորովին այլ է, ինչի մասին, թերևս, վկայում է նաև Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցը, որովհետև այն դե ֆակտո վերահաստատում է ռուս-ամերիկյան ուղիղ կոմունիկացիայի շարունակականությունը:
Իսկ Ռուսաստանի կոշտ դիրքորոշումները, որ արտահայտվել էին դեռևս ստամբուլյան առաջին ռաունդին, հիմնված են հենց այդ ուղիղ կոմունիկացիայի տրամաբանության վրա: Ըստ այդմ, ուկրաինական պատերազմի առնչությամբ ավելի հավանական է դառնում պատերազմի բորբոքումը, քան դրա դադարը:
Բաց մի թողեք
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում
Մոսկվան Եկատերինբուրգի գործը «կջրի՞», թե՞ ստեղծվել է, որ Պուտինն Իլհամ Ալիևի հետ «գործարքի առարկա» ունենա
Ինչու և ինչպես է բորբոքվել նոր սկանդալը Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև