02/07/2025

Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից

Մեծական կռիվների համար երեխաներից ներողություն խնդրող Աննա Հակոբյանն այդ կռիվները ներկայացնում է որպես օբյեկտիվ իրականություն, որն իրենց ժառանգություն է անցել նախկիններից:

Հրապարակ թերթը գրել է․ Իրականում, ինչպես միշտ է լինում, կռիվները նախաձեռնվում են կոնկրետ սուբյեկտների կողմից, իսկ տվյալ դեպքում՝ հենց իրենց կողմից: Ուղղակի դա կատարվել է 2018-ի գարնանը, իսկ եթե գնանք ավելի հետ, ապա այն ժամանակ, երբ իրենց ընտանեկան թերթի էջերում բուլինգի էին ենթարկում Միքայել Մինասյանի ծծկեր երեխային եւ ընտանիքին: Խոսքն ադամանդներով զարդարված ոսկե ծծակի լուրի մասին է, ինչի մասին գրվել է բազմիցս եւ այդ թվում՝ տողերիս հեղինակի կողմից:

Սակայն այս կռիվը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան իշխանության գլխին կլինի իր քաղաքացիական ամուսինը եւ նույնիսկ՝ հենց ինքը, քանի որ ուժային ու իրավապահ պետական ապարատը, ըստ մամուլի հրապարակումների, ամուսնուն համարյա թե հավասարաչափ պատվի է արժանացնում եւ նույնկերպ սպասարկում, ինչպես իրեն:

Ու այդ երեւույթը մշտապես պահպանելու համար կիրառվում է իշխանության մնալու՝ վաղուց գտնված բանաձեւը. բաժանիր, որ տիրես: Ու այդ զույգին այլ բան չի մնում, քան անընդհատ պառակտել հայ հասարակությունը:

Սակայն որքան այդ վիճակը ձեռնտու է իրենց, նույն չափով ձեռնտու չէ հասարակության գրագետ հատվածին ու, ընդհանրապես՝ հայոց պետությանը: Մինչ հայհոյախառն խոսքերի համար Աննան ներողություն է խնդրում մանուկներից, Թուրքիայի նախագահն Իրանի իշխանություններից հրապարակավ պահանջում է չխոչընդոտել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացմանը:

Ընդ որում, այդ պահանջը ներկայացվում է ոչ թե պարտադրանքի, այլ մեր տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը նպաստելու հարցում օգտակար լինելու կոչի տեսքով, ինչը նշանակում է, որ Իրանը չպետք է աչքաթող անի այդ կոչը, եթե, իհարկե, ցանկանում է աջակցել այդ գործընթացին:

Եվ եթե Իրանն իր կամքից անկախ ներառվի պատերազմում, ինչի վտանգն անընդհատ առկա է, ապա ոչինչ անել չի կարողանալու, որպեսզի խաղաղության հաստատումը տեղի ունենա առանց միջանցք բացելու: Իսկ քանի որ այդ համատեքստում Հայաստանի անունը չի տրվում, ապա դա նշանակում է, որ Էրդողանն ունի ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի  համաձայնությունը եւ կամ նույնիսկ բացարձակ չունի դրա կարիքը:

Բայց դա նշանակում է, որ իբրեւ թե Նիկոլի օրոք ավելի մեծ ինքնիշխանություն ձեռք բերած երկիրը կորցնելու է Սյունիքի մարզը եւ վերածվելու է երեք կողմից թուրք-ադրբեջանական թշնամական շրջապատում գոյությունը քարշ տվող միավորի, եթե, իհարկե, դա էլ մնա: Իսկ ժողովուրդը՝ սեփական գոյությունը քարշ տվող մանկուրտների՝ արժեքներն ու հիշողությունը կորցրած անկամ արարածների, եթե, իհարկե, մնա իր հայրենիքի վերջին կտորում:

Իսկ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն ամեն գնով ազատել այն զբաղեցնողից: Այսինքն՝ որպեսզի վաղը, մյուս օրը եւս Հայաստանի Հանրապետությունը պահպանի իր ինքնիշխանությունն ու, ընդհանրապես, որպես պետություն, իր գոյությունը, երբեմնի «դուխով»  Նիկոլը չպետք է այլեւս լինի վարչապետ, ուր մնաց, թե շարունակի գործել «մեծարգո վարչապետ»:

Հաշվի առնելով, որ կարմիր գծերը հատելու մոլուցքով բռնված Նիկոլը հասել է ազգի ու պետականության հիմքերից մեկին՝ հայոց եկեղեցուն, հենց եկեղեցին էլ պետք է նախաձեռնի նրան պաշտոնից զրկելու գործընթացը: Հատկապես որ մնացած հենասյուները վերածվել են Նիկոլից կախում ունեցող ձեւական կառույցների: Համացանցում, ի դեպ, արդեն երեւացել է Նիկոլին բանադրանքի ենթարկելու կոչը:

Դա, բնականաբար, նշանակում է եկեղեցու կողմից պատերազմի հայտարարում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Անկեղծ, սկզբում դեմ էի այդ գաղափարին, քանի որ չէի տեսնում շարունակությունը: Բայց քանի որ այն հայտնվեց, կողմ եմ այդ գործողությանը, որ պետք է կատարվի կաթողիկոսի կողմից: Իսկ դրանից հետո կաթողիկոսը պետք է հայտարարի քաղաքացիական անհնազանդություն սկսելու գործընթացի մասին, ինչն առաջին հերթին ենթադրելու է դասադուլներ եւ գործադուլներ, խաչմերուկների եւ փողոցների շրջափակումներ:

Բայց նաեւ մեկ այլ գործողություն, որ կիրառվել է իշխանափոխության օրերին Նիկոլի կողմից անընդհատ հիշատակվող Մահաթմա Գանդիի կողմից: Այն է՝ հարկեր վճարելուց զանգվածային հրաժարում: Եթե դա հաջողություն ունենա, ապա կպարալիզացվի ողջ երկիրը, ինչպես դա տեղի էր ունենում 2018-ի գարնանը:

Եվ, ինչպես 2018-ին, հասարակությանը կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից: