01/07/2025

Այս անախորժության պատճառը մարդկային է՞, թե՞ ինստիտուցիոնալ ․․․

Երբ մենք խոսում ենք Պետություն-Եկեղեցի այսօր գոյություն ունեցող ճգնաժամից, մեղմ ասած, ապա պետք է նախ հասկանալ հետևյալը:

Այս անախորժության պատճառը մարդկային է՞, թե՞ ինստիտուցիոնալ, այսինքն՝ հիմքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենյան Հայոց Կաթողիկոսի անձնական, փոխադարձ հակակրանքն է, կրկին մեղմ ասած, թե խորքում իրավամբ ինստիտուցիոնալ, անհաղթահարելի խոչընդոտ կա»,- ֆեյսբուքի անձնական էջում գրում է Թաթուլ Հակոբյանը:

Խոստովանենք, որ վերջին օրերի տեղեկատվա-քարոզչական «աղմուկի» մեջ այս հարցադրումն առանձնանում է ոչ միայն խոսույթի բացառիկ չեզոքությամբ, ոճի հանդուրժողականությամբ, այլև առաջին հերթին խորությամբ և ակտուալությամբ: Հարցին, ինչ խոսք, տարբեր, իրարամերժ, հակոտնյա պատասխաններ կարող են տրվել, ինչը նույնպես բնական է:

Կարծում եմ, որ «այս անախորժության» պատճառն անձնական չէ, ինստիտուցիոնալ է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին քրիստոնեական աշխարհում կրոնական բացառիկ կառույց է, դավանաբական ընդհանրություն չունի ոչ Կաթոլիկ, ոչ Ուղղափառ եկեղեցու հետ և այդ կարգավիճակը համարում ու ներկայացնում է որպես հայկական ինքնության հիմքերի հիմքը՝ անկախ նրանից, թե ՀԱԵ Հովվապետն ով է:

Այսօր Հայաստանը՝ որպես անկախ պետություն, իր հնարավորություններով չի կարող սպասարկել ՀԱԵ այդ կարգավիճակը կամ նման կարգավիճակի ինքնավերագրումը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ծանր պարտությունը Հայաստանին պարտադրում է վերանայել ոչ միայն արտաքին քաղաքական, անվտանգային քաղաքականությունը, այլև ազգային ինքնության կոնցեպտը: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի վարչապետը, ինչ կուսակցություն է ներկայացնում:

Այս իրավիճակի հաղթահարման երկու հնարավորություն կա. կամ սահմանադրությամբ ամրագրվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես պետական ինստիտուտի կարգավիճակ, և ՀԱԵ-ն ստանում է քաղաքականությամբ զբաղվելու, իշխանության բոլոր մարմիններում ներկայացված լինելու լեգիտիմ իրավունք, կամ Սուրբ Աթոռը հռչակվում է պետություն՝ ինչպես Վատիկանը:

Որևէ այլ կարգավորում պետություն-եկեղեցի հարաբերությունների «անախորժությունը» չի հաղթահարելու: Որքան էլ մենք փաստարկենք, որ Եկեղեցին սահմանադրությամբ և օրենքով քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը, լինի դա Ամանորի ուղերձ, թե Սուրբ Ծննդի պատարագի քարոզ, ըստ էության քաղաքական է: Այդպես է ամբողջ աշխարհում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդի ինստիտուցիոնալ ներկայացուցիչներից է, նրա հոգևոր հոտի մեծ մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ և իր ազգային ինքնությունը կապում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ, անկախ նրանից՝ «էջմիածնակա՞ն» է, թե՞՝ «անթիլիաասկան»:

Հայ ժողովուրդը բարդ «օրգանիզմ» է, Հայաստանը որպես պետություն ոչ միայն չի կարող այն ամբողջությամբ կառավարել, այլև նման հավակնություն չպետք է ունենա:

Ըստ էության, ղարաբաղյան երկրորդ պատերազմը միջազգայնորեն ապալեգիտիմացրել է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության նարատիվը կամ, ավելի ճիշտ, հետապնդել է առաջին հերթին հենց այդ նպատակը՝ կոտրել «համաշխարհային ազգի» հայկական «մատրիցան»: Քաղաքական կամ իրական Հայաստանն այդ օբյեկտիվ իրողությունը ճանաչում է, «հոգևորը»՝ ոչ: Գերխնդիրը դա է, նարատիվը, որ Եկեղեցու գլխավորությամբ հնարավոր է ապահովել համազգային համախմբում և «կասեցնել հայկական ինքնության անկումը»:

Մնացածն, ինչպես ռուսներն են ասում՝ «թեփ է»: Օբյեկտիվ իրողություն է, որ այսօրվա Հայաստանում չկա քաղաքական ուժ կամ դաշինք, որ կարող է ներկայացնել, պայմանականորեն ասած՝ «ազգային ռենեսանսի պլատֆորմ»:

Այդ համարձակությունը դրսևորում է Եկեղեցին կամ նրա վերնախավը՝ փորձելով ձևավորել իշխանափոխության «հանրային պահանջվածության» մթնոլորտ և այդ հիման վրա՝ «կրիտիկական զանգված»:

Եկեղեցին, սակայն, ֆորմալ առումով ոչ այդ գործընթացի, ոչ էլ հնարավոր հետևանքների համար որևէ պատասխանատվություն չի կրում: Առկա կացության վտանգավորությունը դա է: Եկեղեցին պատրա՞ստ է Հայաստանի ապագայի համար հրապարակային պատասխանատվություն ստանձնել: