Գերմանիայի կանցլերի հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է երկու դեռահասի ձեռնամարտի հետ:
Նա բացահայտել է, որ այդ մասին ուղղակի ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց այլ ձևակերպումով. «Այդպես լինում է սպորտում, հոկեյի խաղի ժամանակ, երբ դատավորը կռվողներին մի քանի վայրկյան ժամանակ է տալիս, որպեսզի հետո նրանց բաժանի»:
ԱՄՆ նախագահը, ըստ այդմ, իրեն վերապահել է դատավորի դեր, որ կարող է մի քանի վայրկյան հետո Ռուսաստանին և Ուկրաինային բաժանել: Թրամփը, սակայն, հավելել է, որ իր համար պարզ է մի բան. «Պուտինը ցանկանում է տիրել ամբողջ Ուկրաինային, բայց դա չի լինի, ես աջակցում եմ Ուկրաինային»:
Ինչո՞ւմ և ինչպե՞ս է արտահայտվում այդ աջակցությունը, պարզ չէ: ԱՄՆ նախագահն առայժմ Սենատին հորդորել է չքվեարկել Ռուսաստանի նկատմամբ «դժոխային պատժամիջոցներ սահմանող» օրինագիծը:
Թրամփի վարչակազմը միաժամանակ Ուկրաինային ռազմական օգնության մասին որոշում չի ընդունել, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարը Ռամշտային հանդիպմանը չի մասնակցել:
Կրեմլում, սակայն, Թրամփի կողմից ռուս-ուկրաինական պատերազմը «երկու դեռահասների ձեռնակռիվ» անվանելուց դժգոհ են: «Այստեղ, անկասկած, ԱՄՆ նախագահը կարող է իր տեսակետն ունենալ:
Մեզ համար դա էքզիստենցիալ հարց է, դա մեր ազգային շահերի հարցն է, մեր անվտանգության, մեր և մեր զավակների, մեր երկրի ապագայի հարցը»,- Թրամփի տեսակետի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում է հնչեցրել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երևում է, Թրամփ-Պուտին վերջին հեռախոսազրույցը բավական բարդ և ծանր է ստացվել: Ռուսաստանը փաստացի մերժում է մի առաջարկություն, որի հեղինակային իրավունքն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Միացյալ Նահանգների նախագահին և իմաստով «ձեռնարկատիրական-գործարքային է», զորքերի շփման ներկայիս գծով կրակի դադարեցում, հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմների գործարկում, Ուկրաինայի տնտեսական վերականգնում, համաձայնություն, որ քաղաքական հարցերը կքննարկվեն ապագայում:
Ինչպես հասկացվում է հրադադարի սկզբունքների մասին Ռուսաստանի հուշագրի հրապարակված տեքստից, Պուտինը կարգավորման գործընթացի առաջին պլան է բերում հենց քաղաքական հարցեր, ընդ որում, դրանք մեկը մյուսից ավելի առավելապաշտական են:
Ու թեև ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին ասել է, որ «փոխզիջումներ հնարավոր է գտնել», այնուամենայնիվ տպավորություն է, որ «զիջում» ասելով՝ Պուտինը նկատի է ունենում այն, որ Ուկրաինան ամեն դեպքում նոմինալ պետականությունը պահպանում է:
Ավելին, Ստամբուլի երկրորդ փուլի բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Պուտինը վճռականապես մերժել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման նույնիսկ հավանականությունը: Իսկ Թրամփի հաշվարկն այն էր, որ զորքերի շփման գծով հրադադարի հաստատումից հետո Պուտինը և Զելենսկին իր միջնորդությամբ կընդունեն «գործարքի պայմանները»:
Կրեմլում, ըստ երևույթին, Թրամփի միջնորդական անկեղծությանը չեն վստահել ի սկզբանե: Պուտինը բանակցություններին հավանություն է տվել, որպեսզի այդ միջոցով Ուկրաինային զրկի ԱՄՆ աջակցությունից: Դոնալդ Թրամփը գոնե հրապարակային խոսույթով փորձում է Պուտինի «ընկալունակությունը փոխհատուցել», բայց Կրեմլը, որքանով դիտարկվում է, նրա այդ քայլերը բավարար չի համարում:
Ռուս-ամերիկյան դիվանագիտական «վերբեռնումը» կառուցված է Վլադիմիր Պուտինի այն բնորոշման հետ, որ Ռուսաստանը հարգում է ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերը և հույս ունի արժանանալ փոխադարձ վերաբերմունքի: Մինչև Գերմանիայի կանցլեր Մերցի հետ հանդիպումը Թրամփը պահպանել է փոխադարձությունը՝ մի քանի անգամ պարզորոշ ասելով, որ ընդունում է Ուկրաինայի հարցում Պուտինի մտահոգությունները:
Պատերազմը համեմատելով «դեռահասների ձեռնամարտի» կամ «մարզիկների բռնքահարումների» հետ՝ ԱՄՆ նախագահը փաստացի փոխել է վերաբերմունքը: Իրավիճակն, ըստ երևույթին, ավելի կսրվի, իսկ դա, ամենայն հավանականությամբ, կազդի միջազգային քաղաքականությանը:
Ի՞նչ որոշում կընդունի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հաշվարկված է ոչ թե անհրաժեշտ ստորագրություն հավաքելու «միամտությամբ», այլ …
ԱԴԾ-ն փորձում է ցրել ուկրաինական «սարդոստայնից» ՌԴ հանրության շոկը, բայց ստացվել է «ինչպես միշտ»
Պապոյանից ներողություն են խնդրել, ասել՝ ծանրաբեռնված են. Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չի եկել Հայաստան