09/06/2025

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ահա նրա պատասխանը այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ:

Ուշադրություն դարձրեք Նիկոլի երկու հավաստիացումներին.

1. «Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ»:

2. «Ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»:

Հիմա դուք դատեք, թե ում պիտի հավատանք` Նիկոլ Շնաբերանին, թե` Նիկոլ Ազնվազարմին:

Ահա սղագրած տեքստը.

«– Քո նկարագրածի հիմքը ե՞րբ է դրվել:

– Ինչի՞ հիմքը։

– Ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություններ․․․

– Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։

– Մի քիչ էլ հետ գնա։

– Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ Ձեր հարցին։

– Ես ուզում եմ, որ դու ազնիվ գտնվես։ Մի քիչ էլ հետ գնա։

– Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ, և ես պատասխանում եմ Ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք՝ երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ՝ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ այս իշխանությունը, ավազակապետական այս համակարգը, ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանի ձեռքով։

Այսօր հոկտեմբերի 27-ի գործով այդ նույն մեղադրյալները, որոնց նկատմամբ ապօրինի կերպով քրեական գործերը կարճվել են, գտնվում են իշխանության ամենավերին օղակներում։ Նաիրի Հունանյանի ընկերները այսօր ղեկավարում են Հանրային հեռուստաընկերությունը և ամեն օր մարդկանց ուղեղները լվանում են հունանյանական գաղափարներով։

– Եկեք այնպես չանենք, որ մարդկանց վիրավորենք։ Սահմանը չանցնենք։

– Գիտեք, ես Ձեզ ասեմ, որ ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»: