13/06/2025

Գնել Սարգսյանը գյումրեցի ակտիվիստին ժամադրության է հրավիրել ու դիմել ոստիկաններին

Օրերս Մարմաշենի վանքում միջադեպ էր տեղի ունեցել ՝ Նիկոլ Փաշինյանի աջակից Գնել Սարգսյանի եւ վանահոր միջև։ Նշենք, որ Գնել Սարգսյանը Մարմաշենի վանք էր  գնացել և սադրել քահանային՝ հայհոյելով նրան։

Հիշեցնենք, որ վանքի վանահայրը՝ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը ավելի վաղ  զգուշացրել էր, որ  բոլոր այն անձինք՝ անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում և ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, թույլ չի տալու՝ մտնեն եկեղեցի.

«Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։

Թող այս ասածներս իբրև օղ անեն իրենց ականջներին։ Մինչև չդաստիարակվեն ու կարգի ու չափի չգան, չապաշխարհեն ու զղջումով, խոնարհաբար, ներողություն խնդրելով չգան Աստծո դուռը և չհայցեն քահանայից մեղքերի թողություն, թույլ չեմ տալու մտնեն եկեղեցի։

Ի գիտություն` ամենայն խստությամբ հսկելու և հետևելու եմ ամեն մեկի մուտքը եկեղեցիներ և քննելու եմ անձը, հավատքի չափը և քրիստոնյայի կարգավիճակը` ի՞նչ է մտածում, ի՞նչ է շնչում, և ի՞նչ գաղափարներ ունի։ Բավական է արդեն` չափը շատ անցաք և համբերության բաժակը լցրեցիք դուք»,-գրել էր նա։

Գյումրեցի քաղակտիվիստ, ՏԻՄ ընտրություններին ավագանու թեկնածու առաջադրված Մհեր Խաչատրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Գնել Սարգսյանին էր զանգահարել եւ հանդիպում ու պարզաբանում պահանջել կատարվածի վերաբերյալ։

Վերջինս իր հերթին ժամադրության է հրավիրել Մհեր Խաչատրյանին՝ կանչելով Երևանի Մալաթիա ՍԵբաստիայի վարչական տարածքի  այգի՝  ռազբորկայի նպատակով։ Մհեր Խաչատրյանը նշված օրը նշված վայրից հերթական ուղիղ եթերով ներկայացրել է իրավիճակը՝ տեղեկացնելով, որ Գնել Սարգսյանն այդպես էլ հանդիպման չի գնացել։

Hraparak.am-ը տեղեկացավ, որ Գնել Սարգսյանի հետ հանդիպելու փոխարեն գյումրեցի քաղակտիվիստին հրավիրել են ոստիկանություն։

«Այո, հրավիրել էին ոստիկանություն, ստույգ չեմ կարող ասել՝ ինքն էր բողոք ներկայացրել, թե ոնց, բայց խիստ կասկածում եմ, որ հենց ինքն էր անձամբ դիմել։ Այնտեղ, իհարե , ոչ մի խոշտանգում կամ ավելորդություն չի եղել, չնայած ամեն կերպ փորձում էին ինձանից խոսք կորզել, բայց շարքային ոստիկանները երկու քարի արանքում էին։Ոչ կարող էին ասել՝ գիտես՝ մենք քո կարծիքը կիսում ենք, ոչ էլ հակառակն էին ասում։ Իրենք վերնախավի կողմից հանձնարարություն ունեին, եւ պիտի անեին։ Ի դեպ, ինձ ոչ միայն Երևանի , այլև Գյումրու Կումայրի բաժին էին հրավիրել, եւ երկու տեղում էլ տեսա նույնը։ Մի կողմից հրաման էին կատարում, մյուս կողմից հասկանում էին, որ իրենք էլ էին այդ խնդրի մեջ։ Ես էդ Գնելի հետ անձնական ոչինչ չունեմ, դա ասեմ՝ իմանաք, իմ ամբողջ նախաձեռնությունը, որ իր հետ կապի դուրս գամ, իմ սրբությանը, հավատքին, եկեղեցուն կպնել է։ Դրանից հետո ինքը ֆեյսբուքով նաև հայտարարեց, թե իր հետ ոչ մեկ չփորձի տղամարդավարի կապվել, պատիվ չպահանջել,  ինքը միայն սոցհարթակում է, բոլոր հարցերը միայն ոստիկանությունով է լուծելու։ Բայց նորից կասեմ, որ  մեր  երկրում ո՛չ ոստիկանություն կա, ո՛չ ազգային անվտանգություն՝ մենք ենք մեր երկրի պաշտպանությունը»,- ասաց Մհեր Խաչատրյանը։