Արցախի Ազգային ժողովին մոտ աղբյուրները տեղեկացնում են, որ նախագահ ընտրելու բոլոր ժամկետներն սպառված են: Ամենայն հավանականությամբ, Արցախի նախագահի ընտրություն չի անցկացվի:
Պատճառը, ինչպես ներկայացվում է, այն է, որ խորհրդարանի հինգ խմբակցություններից և ոչ մեկը նախագահի թեկնածու չի առաջադրել: Ավելի վաղ, սակայն, տեղեկություն կար, որ Ազգային ժողովի քաղաքական ուժերի մեծ մասը Սամվել Շահրամանյանի թեկնածության շուրջ համաձայնության է եկել:
Տեղեկատվության սղության պայմաններում դժվար է կողմնորոշվել՝ Շահրամանյանը չի՞ ընդունել քաղաքական մի քանի ուժերի առաջարկությունը, հրաժարվե՞լ է նախագահի պաշտոնում վերընտրվելու գաղափարից, թե՞ խմբակցություններն, այնուամենայնիվ, նրա հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց փաստ է, որ սույն թվականի մայիսի 21-ին Արցախի նախագահի լիազորություններն սպառվել են, նորը չի ընտրվել:
Նման իրավիճակը Ստեփանակերտի քաղէլիտայի որոշ ներկայացուցիչներ բացատրում են «Հայաստանի իշխանությունների կողմից գործադրված ճնշումներով»: Մամուլում նույնիսկ տեսակետ է շրջանառվել, որ Սամվել Շահրամանյանը Քննչական կոմիտե հարցաքննությունների է կանչվում, որպեսզի նախագահի թեկնածու չառաջադրվի, և այդպիսով «Արցախի էջը փակվի»:
Մայիսի 21-ին, սակայն, Արցախի Ազգային ժողովն առանց որևէ խոչընդոտի, ընդ որում՝ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, նիստ է գումարել և խորհրդարանի խոսնակ ընտրել:
Եթե Հայաստանի իշխանությունները խնդիր ունեն, որ Երևանում Արցախի իշխանության ոչ մի ինստիտուտ չգործի, ապա ինչո՞ւ Ազգային ժողովի պատգամավորները նույնպես «մշակման չեն ենթարկվել» և խորհրդարանը չի գնացել ինքնալուծարման:
Ստեղծված իրավիճակում Արցախի իշխանության առաջնային մանդատով օժտված ինստիտուտը ոչ թե նախագահն է, այլ՝ Ազգային ժողովը, քանի որ փոփոխված սահմանադրությամբ նրան է վերապահված նախագահ ընտրելու իրավունքը:
Սահմանադրական այդ փոփոխությունները հրապարակված չեն, հասանելի չեն, բայց մամուլի տեղեկություններով՝ եթե Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվում, նախագահ չի ընտրվում, ապա նրա լիազորություններն անցնում են Ազգային ժողովի նախագահին:
Այսօր փաստացի այդ իրավիճակն է. Արցախը նախագահ չունի, բայց Ազգային ժողովը դեռևս չի հայտարարել, որ նրա լիազորություններն անցել են խորհրդարանի խոսնակին, նա է ներկայացնում պետականությունը: Ինչո՞ւ նման հայտարարություն չի արվում:
Խնդիրն ամենաևին էլ ֆորմալ չէ: Բանն այն է, որ Արցախի իշխանությունը երբեք միջազգայնորեն ճանաչված չի եղել, բայց նրա նկատմամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մանդատը, որ հաստատված է ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի կողմից:
Երբ քննարկվում էր Երևանում Արցախի պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտությունը, ոչ ոք չկարևորեց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մանդատի ակտուալացումը: Ստեփանակերտի քաղէլիտան մտասևեռված էր նախագահի, Ազգային ժողովի և կառավարության լիազորությունները լեգիտիմացնելու կամ ավելի պարզ ասած՝ Արցախի վտարանդի իշխանություն ձևավորելու նպատակի վրա:
Այսօր, ըստ էության, Արցախը ո՛չ վտարանդի իշխանություն ունի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Եվ դա տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրի հիման վրա: Խոսակցություններն այն մասին, որ նա հաջորդ հրամանագրով չեղյալ է ճանաչել ԼՂՀ-ի լուծարումը, միայն քարոզչական են, մանիպուլյատիվ և իրավական հիմքից զուրկ:
Պետք է փորձել հասկանալ, թե ԼՂՀ լուծարման գործընթացը հասցնելով այս կետին՝ Ստեփանակերտի քաղէլիտան գործնականում ինչ նպատակ ունի և քաղաքական ինչ շահ է սպասարկում: Հրապարակային խոսույթում հանդես գալ որպես Արցախ վերադարձի ջատագով, բայց գործնականում չեղարկել ԼՂ ընտրված ներկայացուցիչների միջազգայնորեն ճանաչված մանդատը, նշանակում է Արցախը էջն իրոք վերջնականապես փակել: Ո՞վ է քաղաքական այդ ուրացման հեղինակը և իրական շահառուն:
Բաց մի թողեք
Թրամփը չի մտահոգվում, բայց ռազմական ռեսուրսներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ Իրանի հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու համար
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներին
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին