14/06/2025

Պակիստանը 40 կործանիչ է մատակարարելու Ադրբեջանին. Թուրքիա – Պակիստան «պատի» արդյունքը

Խոսքը պակիստանյան արտադրության Jf-17 չորորդ սերնդի կործանիչների մասին է: 40 կործանիչը բավականին շոշափելի թիվ է, որն, անկասկած, զուտ ռազմա-տեխնիկական գործարք չէ, այլ ռազմա-քաղաքականություն, ռազմավարական քաղաքականություն:

Իհարկե, այս ամենի հանդեպ առավելագույն զգայունությունը Հայաստանինն է, բայց նաև թերևս խնդիրը շատ ավելի նեղացրած կլինենք, եթե գնահատենք միայն իբրև Ադրբեջանի սպառազինում ընդդեմ Հայաստանի:

Այդ դեպքում, սպառազինում «հանուն ինչի՞»: Նվազագույնը՝ հանուն ռեգիոնալ հարաբերակցությունում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի ամրապնդման, որի շնորհիվ, իհարկե, ուրվագծվում է որոշակի կոր՝ Սև ծովից մինչև Կենտրոնական Ասիա:

Այդ կորը գործնականում կարող է լուծել մի շարք հարցեր, այդ թվում կտրել Ռուսաստանն ու Իրանը՝ այն էլ ռազմավարական պատով:

Ի՞նչ կարող են դրան հակադրել Ռուսաստանն ու Իրանը, որոնք ստորագրել են ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիր, ու նաև երկուստեք սերտ հարաբերություն են հաստատել Չինաստանի հետ:

Հարցն այն է, որ Չինաստանը էական ազդեցություն ունի Պակիստանի հանդեպ, հատկապես ռազմարդյունաբերական տիրույթում, որտեղ արտադրության մի զգալի մասը, ի դեպ, այդ թվում նաև վերոհիշյալ կործանիչները՝ չինական տեխնոլոգիական հետագծով են:

Ավելին, շաբաթներ առաջ Հնդկաստանի և Պակիստանի միջեւ լարվածության և մի քանի օր տեւած ռազմական բախումների օրերին ադրբեջանական պրոպագանդան տարփողում էր, թե ինչպես է Պակիստանը չինական արտադրության հրթիռներով շարքից հանել Հնդկաստանի ֆրանսիական կործանիչներն ու ՀՕՊ համակարգը:

Ադրբեջանական պրոպագանդան, անշուշտ, փորձում էր հոգեբանական ներգործություն ունենալ Հայաստանի վրա էլ, հաշվի առնելով, որ Երևանը հիմնական ռազմատեխնիկական գործընկեր է դիտարկում Նյու Դելին:

Բայց, նաև անկասկած է, որ Պեկինը շահագրգռված էր իր ռազմավարական մրցակից Հնդկաստանի հանդեպ Պակիստանի որևէ տեսակի առավելությամբ: Ընդ որում, ուշադրության է արժանի թերևս մեկ այլ տեղեկություն: Նախօրեին տարածվեց տեղեկություն, որ Մոսկվան Նյու Դելիին առաջարկում է Սու 57 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության հիմնում և տեխնոլոգիական որոշակի փոխանցումներ:

Սա, ըստ էության, կարող է նշանակել ռուս-հնդկական գործընկերության ռազմավարական մակարդակի նոր աստիճան, եթե, իհարկե, Հնդկաստանն ընդունի Մոսկվայի առաջարկը:

Հայտնի է, որ Հնդկաստանը Ռուսաստանի հետ այդ սխեմայով գործակցում է Սու 30 բազմաֆունցիոնալ կործանիչների արտադրության ոլորտում: Սու 57-ն իհարկե արդեն այլ կատեգորիա է, հետևաբար գործակցության ռազմա-քաղաքական այլ մակարդակ:

Իսկ դա իր ազդեցությունը թողնելու է լայն համատեքստով, այդ թվում գուցե ներառելով Կովկասը, որտեղ Մոսկվան ունի իր ավանդական շահերը, իսկ Հնդկաստանը՝ նոր ձևավորվող ռազմավարական հետաքրքրությունները:

Չինաստանը կօգնի Ադրբեջանն «օղակել» Մոսկվա-Նյու Դելի-Թեհրան եռանկյունո՞վ, թե՞ ձևավորել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան «պատը»: