13/06/2025

Ադրբեջանը զորավարժությունների պոլիգոն, այս անգամ ՀԱՊԿ-ի

Ադրբեջանում կանցկացվի հատուկ նշանակության զորամիավորումների միջազգային վարժանք, որը, ըստ էության կլինի «թյուրքական ձեւաչափով»: Դրան կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, ինչպես նաեւ Ուզբեկստանի ու Ղազախստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները:

Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ռազմա-քաղաքական բաղադրիչի ընդլայնումը Թուրքիայի բարձրաձայնած առաջնահերթություն է, որի մասին Անկարան բարձր մակարդակով հայտարարեց ամիսներ առաջ:

Սա, ըստ էության, նշանակում է, որ Անկարան իր այդ առաջնահերթությամբ «բախվելու» է ՀԱՊԿ հետ, որովհետեւ թյուրքալեզու պետությունների կազմակերպության «կենտրոնասիական» բլոկը, ըստ էության ՀԱՊԿ անդամ է՝ բացառությամբ Ուզբեկստանի:

Կիրգիզիան ու Ղազախստանը ՀԱՊԿ անդամ են, հետեւաբար թյուրքական ռազմա-քաղաքական բլոկի ձեւավորման ինտենսիվ ջանքի պարագայում, ՀԱՊԿ հետ լինելու է շահերի բախում:

Իհարկե, առայժմ վաղ է խոսել այդ մասին, նկատի ունենալով այն, որ թյուրքական ռազմա-քաղաքական բլոկի ձեւավորումը գուցե սաղմնային փուլում էլ չէ, իսկ Ադրբեջանում անցկացվող զորավարժությունից հեռուն գնացող հետեւություններ անել թերեւս չարժե:

Մյուս կողմից, սակայն, այստեղ հարկ է նկատել Պակիստան-Ադրբեջան—Թուրքիա եռյակը, իսկ Ուզբեկստանն ու Ղազախստանը «համակցված» մասնակիցներ են: Այստեղ զորավարժությունը նվազագույնը միտված է հենց եռյակի առանցքը ընդգծելուն ու ամրագրելուն:

Այդ հարցում հետևողականությունը, անշուշտ, նկատելի է: Եռյակի ամրապնդումը, իհարկե, լինելու է թյուրքալեզու ռազմա-քաղաքական բլոկի «հիմնաքարը»: Հավանաբար, շահերի բախման խնդիրը կառավարելու համար է նաեւ ՌԴ նախագահ Պուտինը բարձրաձայնել եվրասիական անվտանգության մեծ համակարգի ձեւավորման գաղափարը, որտեղ Ռուսաստանը առանցքային գործընկեր ավելի շուտ թերեւս կդիտարկի Հնդկաստանին, քան Չինաստանին:

Վերջին հաշվով, Չինաստանը կգերադասի թերեւս ոչ թե արգելափակել Թուրքիայի հավակնությունները, այլ ունենալ դրանց հանդեպ որոշակի վերահսկողություն, ինչի համար էլ, բացի Պակիստանի հետ ավանդական ու տեւական գործակցությունից, Պեկինը ռազմավարական գործընկերություն է նախաձեռնել նաեւ Ադրբեջանի հետ:

Կառավարելի թյուրքական բլոկը Չինաստանի համար կլինի լծակ թե Ռուսաստանի, թե Հնդկաստանի հավակնությունների դեմ: Եվրասիական մեծ ռեգիոնում անվտանգության նոր ճարտարապետության շուրջ ծավալումները, իհարկե, չեն սահմանափակվում այս երկու գծերով, սակայն դրանք, անշուշտ, հավակնում են լինել ուղենշայիններից:

Հայաստանն այստեղ չի կարող մնալ դիտորդի դերում, սպասելով, թե ո՞ր գծի առաջխաղացման մեջ կտեղավորվի իր ճակատագիրը: