Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի մտքից ահաբեկված են նաեւ ՔՊ-ում։ Նիկոլ Փաշինյանի նախօրեի գրառումը, մասնավորապես` Վեհափառին եկեղեցուց վտարելու կոչը, իրար է խառնել ողջամիտ եւ բանականություն ունեցող իշխանական պատգամավորներին նույնպես:
Հրապարակ թերթը գրել է․ Նրանք առաջնորդի ստատուսն առավոտ վաղ իրար են ուղարկել, քննարկել հնարավոր սցենարները, ապա եզրակացրել, որ սրանից լավ հոտ չի գալիս: Մտածել են, որ Փաշինյանը եկեղեցու դեմ իր պայքարով քաղաքացիական պատերազմի է տանում երկիրը, քանի որ քրիստոնյա ժողովրդի զգալի հատվածը վերջին օրերին կոչեր է անում՝ հնարավոր հարձակումների դեպքում կանգնել եկեղեցու կողքին, պաշտպանել իշխանական սադրիչներից։
Հիշեցնենք․ օրեր առաջ պետության ղեկավարը հայտարարեց, թե Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, ուստի չի կարող զբաղեցնել կաթողիկոսի գահը։ Հաջորդիվ կոչեր հնչեցրեց իր կողմնակիցներին՝ հասնել կաթողիկոսի պաշտոնանկությանը։
«Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում՝ համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այս կոչից հետո նրա թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն էլ փակագծեր բացեց՝ մանրամասնելով, թե ինչ սցենարով են ազատելու Վեհարանը։
«Պետք է ձեւավորվի Հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ-որ հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, որը կազատի Հայ առաքելական եկեղեցու Վեհարանն ուխտադրժությունից եւ սրբապղծությունից։ Պետք է ընտրվի նոր հոգեւոր առաջնորդ, որը կհամապատասխանի Հայաստանյայց առաքելական եկեղեցու արժեքներին։ Իրենք չեն անում, դա պետք է անի հավատավոր ժողովուրդը` սիրով եւ առանց բռնության»,- ասել է պատգամավորը։
Ապա լուրեր տարածվեցին, որ իշխանության հույսն այս հարցում կրոնական փոքրամասնությունների հետեւորդներն են, այսպես կոչված` աղանդավորները: Մասնավորապես, իշխանության հենասյուն «Կյանքի խոսք»-ի եւ մյուս եկեղեցիների հետեւորդներն էլ պետք է խմբեր ձեւավորեն եւ վռնդեն Վեհափառին եկեղեցուց։ Ի դեպ, եկեղեցականները, արձագանքելով այս կոչերին, հայտարարում են, որ Փաշինյանը պետական մակարդակով ահաբեկչություն է ծրագրում։
Երեկ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում արդեն իսկ առաջին սադրիչներն են երեւացել: Կեսօրից հետո մենք եկեղեցու բակում նկատեցինք, որ երկու-երեք երիտասարդ գրեթե միտինգ էին անում՝ անցորդների ուշադրությունը հրավիրելով եկեղեցի տանող աստիճանների երկայնքով ձգվող լույսերի վրա, թե ինչու է այս մեկը ճաքած, մյուսի ներկը՝ թափված, դժգոհում էին եկեղեցու տարածքի մաքրությունից:
Ավելի ուշ մեզ պատմեցին, որ այդ մարդիկ նաեւ եկեղեցու ներսում են փորձել սադրել՝ վարկաբեկիչ արտահայտություններ են արել հոգեւորականների հասցեին, սակայն այդ պահին ներկա գտնված քաղաքացիները հակադարձել եւ նրանց դուրս են վռնդել: Ըստ ամենայնի, չստացված սադրանքը նրանք փորձել են շարունակել եկեղեցու բակում։ Այդուհանդերձ, իշխանական շրջանակներից տեղեկանում ենք, որ լրջորեն պատրաստվում են եւ աշխատանքներ տանում նման սադրիչ խմբեր ձեւավորելու գործում։
Իսկ եկեղեցու հետեւորդներըկոնտրայալեր են անում․ երեկ նաեւ «ՀայաՔվեն» հայտարարեց, որ Մայր Աթոռի տարածքում հերթապահություն են սահմանել` պաշտպանելու Վեհարանը «սրբապիղծների ոտնձգություններից»։ Իսկ ուշ գիշերը Երեւան ժամանող կաթողիկոսին դիմավորելու կոչով հանդես եկավ Արթուր Վանեցյանը:
Ի դեպ, անգամ իշխող թիմում են վստահ, որ Փաշինյանը որքան էլ անգերազանցելի է խառնակչություն հրահրելու հարցում, եկեղեցու դեմ այս կռվում պարտություն է կրելու, եւ դա ավելի է վնասելու իր թիմի առանց այն էլ «պլինտուսից ցածր» հեղինակությանը։ Նրանք նաեւ զարմացած են՝ ինչպես ընդդիմադիրներն այս պայքարում ակտիվ չեն եւ չեն կարողանում օգտագործել այն փաստը, որ Վեհափառին հեռացնելը սոսկ մեկ նպատակ ունի՝ եկեղեցին էլ դարձնել իշխանության կցորդ մի մարմին, որպեսզի եկեղեցու առաջնորդը միջազգային ատյաններում չխոսի Արցախի բռնազավթված լինելու եւ այլ հարցերի մասին՝ շարժելով Ալիեւի զայրույթը։
Բաց մի թողեք
Ես հակաօրինական ոչ մի բան թույլ չեմ տվել, որ մտավախություն ունենամ. Խաչատրյան
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ