15/06/2025

Ինչո՞ւ է ՀՀ նախկին ոստիկանապետը ազատման օրը փախել երկրից. մանրամասներ․ Լուսանկար

Հունիսի սկզբին բոլորի համար անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Ազատման դիմում գրելու պահանջը անձամբ Նիկոլ Փաշինյանից է եղել:

MediaHub-ը գրել է․ Նոր մանրամասներ են հայտնի դարձել այս հրաժարականից: Նախ, բոլորը ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ երբ նոր ոստիկանապետը ներկայացվում էր, Արամ Հովհաննիսյանը ներկա չէր այդ պաշտոնական արարողությանը:

Մեր աղբյուրը փոխանցեց, որ խնդիրն այն է, որ Արամ Հովհաննիսյանը երկրում չի եղել, ավելին՝ Հայաստանից մեկնել է գրեթե նույն օրը, երբ դիմում է ներկայացրել:

Դիմում գրելու պահանջը ստանալուց րոպեներ անց Արամ Հովհաննիսյանն արդեն լքել է իր աշխատասենյակը, անգամ որևէ մեկին հրաժեշտ չի տվել և ժամեր անց արդեն մեկնել է երկրից ու այժմ էլ գտնվում է ԱՄՆ-ում:

Այս հապշտապ փախուստը շատերին է զարմացրել, հատկապես իր երկարամյա գործընկերներին, բայց դա բացատրում են երկու հանգամանքով. նախ այն, որ Արամ Հովհաննիսյանը վստահ էր, որ իր հետ երբեք նման բան չի պատահի, քանի որ ինքը հրաշալի ծառայել է իշխանություններին, ինքը անձեռնմխելի է, հետևապես սա մեծ հարված է եղել իր ամբիցիաներին, և երկրորդը՝ որդու հետ կապված պատմության նշմարվող հետևանքներից վախեցած:

Հիշեցնենք, ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ «Արտաշատի բաժնի միլիցիոների պաշտոնից իր կարիերան սկսած Արամ Հովհաննիսյանը 2018 թ․-ից հետո թռիչքային առաջխաղացում գրանցեց։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից՝ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։

Մինչ այդ՝ 2022 թ․-ին, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Հովհաննիսյանին շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

Կարիերային զուգահեռ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան:

… 2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները»։ Եվ այսպես շարունակ:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Արամ Հովհաննիսյանի անհանգստությունը այդքան էլ դատարկ չէ, որդու չարաշահումների դրվագներով իսկապես ուսումնասիրություն է ընթանում:

Blog Image