15/06/2025

Քննչականը ստիպել է «մուծվել»՝ նոր հանցավոր գործունեությունը շարունակել․ Լուսանկարներ

Մենք երեկ «Յուվեցի Կարոյի որդին «մուծվել» է եւ վերադարձել» վերտառությամբ նյութ էինք հրապարակել, որտեղ նշված է, որ Յուվեցի Կարոյի որդուն` Վիլեն Կարապետյանին պատկանող գազալցակայանը բացվել է եւ արդեն աշխատում է։

Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցրել էինք, որ ամիսներ առաջ սկանդալային գործ էր բացահայտվել` մի շարք գազալցակայաններ ապօրինաբար գազ էին օգտագործել` չվճարելով ո՛չ «Գազպրոմին», ո՛չ պետական հարկերը: Այսպես կոչված, գազի «լեւի» գիծ էին ունեցել: Այս փաստը հայտնաբերվել էր, Քննչական կոմիտեն վարույթ էր սկսել, կալանքի միջնորդությունները դատարանը բավարարել էր, սակայն Վիլեն Կարապետյանն ու նրա գործընկեր՝ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը հեռացել էին երկրից:

Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրանց առաջարկել էին վճարել պետությանը պատճառված վնասը: Վիլեն Կարապետյանն արտերկրից պետբյուջե էր մուծել 500 միլիոն դրամ եւ վերադարձել էր: Նրա խափանման միջոցը փոխվել էր, եւ նա արագությամբ բացել էր գազալցակայանները եւ արդեն աշխատեցնում է դրանք:

Մեր հրապարակումից առաջ հարցում էինք արել Քննչական կոմիտե եւ ստացել էինք հավաստիացում, որ հարցերը լուծվել են, վնասը փոխհատուցվել է, «Գազպրոմի» հետ կարգավորվել են խնդիրները, եւ լցակայաններն արդեն աշխատում են: Նյութի հրապարակումից հետո, սակայն, «Գազպրոմը» պարզաբանում տարածեց․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից Վիլեն Կարապետյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի եւ մի խումբ անձանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները դեռեւս շարունակվում են։

Մասնավորապես, Վիլեն Կարապետյանին պատկանող գազալցակայաններում մարտի 7-ին կատարվել են վարույթային գործողություններ, որոնց արդյունքում կապարակնքվել են գազի հաշվառման սարքերը, այսինքն՝ փաստացի դադարեցվել է ԱԳԼՃԿ-ի գործունեությունը։ Նախաքննության ընթացքում հիշյալ գազալցակայանների գազի հաշվառման սարքերն առգրավվել են, նշանակվել է փորձաքննություն։ Մինչդեռ, վերոնշյալ գազալցակայանները շահագործող անձանց կողմից հունիսի 7-ին, առանց չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված եւ վկայագրված (կնքված) Բնական գազի ծախսի չափման միջոցի եւ առեւտրային հաշվառման նպատակով հաշվառման քարտում ամրագրված հաշվառքի սարքի՝ «Շահումյան Գազ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանը սկսել է շահագործվել: Փաստական հանգամանքների համակցությամբ գտնում ենք, որ առկա են առերեւույթ ինքնիրավչության եւ ուրիշին պատկանող բնական գազի խողովակաշարին ապօրինի միացում կատարելու ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ եւ 460-րդ հոդվածով արգելված արարքների հատկանիշներ»։

Այսինքն՝ «Գազպրոմի»  ասածից հասկացվում է, որ գազագողությունը շարունակվում է, այս անգամ՝ արդեն Քննչական կոմիտեի հովանու ներքո, որը ստիպել է մեղադրյալներին պետբյուջե վճարումներ անել եւ ձեռքերը լվացել է: Հնարավոր է՝ որոշ ժամանակ անց մի գործ էլ հարուցեն այս ընթացքում գողացված գազի համար եւ նորից պարտադրեն տնտեսվարողին՝ մուծվել: Իսկ «Գազպրոմին» վնաս կպատճառեն, թե ոչ` քննչականին արդեն չի հետաքրքրում:

«Գազպրոմի» պարզաբանման առնչությամբ դիմեցինք Քննչական կոմիտե՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ սկսել են շահագործել գազալցակայանները։ «Մենք շահագործելու արգելք չենք դրել, մնացած հարցերն իրենց տիրույթում են»։

Ստացվում է՝ խնդիրը ոչ թե հանցանքը կանխելը, կանխարգելելն է, այլ՝ տնտեսվարողներին պատճառված վնասները փոխհատուցելը․ քրեական գործը հարուցում են ու ձեռքերը լվանում՝ թողնելով, որ գազագողությունը շարունակվի:

Նշենք նաեւ, որ Վիլեն Կարապետյանի կալանքը փոխվել է` նրա նկատմամբ ընտրվել է գրավ խափանման միջոցը՝ 2 մլն դրամ։ Իսկ նույն կարգավիճակում գտնվող եւ նույն քրեական գործով անցնող ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, շարունակում է հետախուզման մեջ գտնվել, խափանման միջոցն էլ կալանավորումն է։ Ըստ տրամաբանության՝ մի կես միլիոն դոլար էլ նա պետք է «մուծվի», որ «ներվի»։