«Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավն արտաքին պատվեր է»,- ասում է վրացահայ գործիչ, անվանի բժիշկ Գուրգեն Մխիթարյանը: «Նրանք հիմնականում տանում են հայատյաց եւ հակաքրիստոնեական քաղաքականություն: Ես չգիտեմ, թե ովքեր են նրանց տերերը, թե դրսից ինչ են նրանց կարգադրում… գուցե՝ թերություններով, գուցե՝ անթերի, դա իմ որոշելու հարցը չէ, թե ով է մեր կաթողիկոսը, ինչպիսի վարք եւ բարք ունի: Բայց ես միշտ դատում եմ ամեն մարդու մասին իր գործերի արդյունքներով: Ես գիտեմ, որ արդյունքները շատ բավարար են, հատկապես մեզ մոտ՝ Վրաստանում, մենք տեսել ենք կաթողիկոսի արած բոլոր լավ քայլերը: Բացասականը, չգիտեմ՝ ինչու միայն Հայաստանում են տեսնում»:
Հրապարակ թերթը գրել է․ Թիրախավորվել է Վեհափառի անձը, սակայն արշավն իրականում ընթանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, եւ պատճառը, ըստ մեր հայրենակցի, 2018 թվականի ազգակործան, հայակործան «հեղափոխությունն» է: «Բայց չի կարելի մոռանալ, որ կաթողիկոսը միայն հայաստանցիների կաթողիկոսը չէ՝ նա ամենայն հայոց կաթողիկոսն է: Համարյա 10 միլիոն հայությանը հայաստանցիների մի շերտ դնում է հարվածի տակ՝ հանուն իրենց քմահաճույքների: Դա չի ստացվելու, հասկանո՞ւմ եք, նա մեր կաթողիկոսն է եւ ավելի շատ մեր կողմից է նա արտոնագրված Մայր Աթոռում, քան այդ մի խումբ հայաստանցիների կողմից: Թող բարի լինեն՝ հաշվի առնեն մնացած հայության կարծիքը եւ չկարծեն, թե իրենք են այդտեղ միակ հարց լուծողը: Իրենց երկիրը կուզեն` քանդեն, կուզեն` մետրո կառուցեն, կուզեն` ավտոբուսներ թանկացնեն, էժանացնեն, ինչ կուզեն` կանեն, Աստված ոչ իրենց հետ, բայց ինչ վերաբերում է ազգային արժեքներին՝ իրավունք չունեն կպնելու: Ես Ձեզ ավելին ասեմ․ կաթողիկոսից հետո հերթը հասնելու է Մատենադարանին, հետո՝ Երուսաղեմի պատրիարքարանին, Պոլսի պատրիարքարանին, հետո հարվածի տակ կդրվի Սուրբ Ղազարը, հաստատ իմացեք՝ այդպես է լինելու: Ըստ այս կառավարության՝ մեզ ծառայող թափթփուկների, նրանք պետք է վերացնեն հայ ազգի ինքնության ու ինքնությունն ապահովող բոլոր գրավականները: Այդ հեղափոխությունը հենց դրա համար է կատարվել»,- համոզված է թբիլիսաբնակ հայ գործիչը:
«Վեհափառի դեմ արշավ սկսելով՝ նրանք զրոյացնում են բոլոր այն մյուռոնօրհներգի արարողությունները, որոնք կատարվել են նրա ժամանակ, բոլոր մկրտությունները զրոյացնում են, փաստորեն, եկեղեցին քանդվում է ամեն ձեւ՝ հավատացյալներով, ամեն ինչով: Եթե կաթողիկոսը փոխվի, հանկարծ չմտածեն, թե իրենց թոռների վրա եղած մյուռոնն արդար է լինելու, նրանք կզրկվեն ե՛ւ մյուռոնօրհներգից, այսինքն, հայ ազգի ինքնությունը գնալու է դեպի զրոյացում: Հայ ազգի դեմ եղեռն է կատարվում, եւ ամենավատն այն է, որ դա կատարվում է «յան» ազգանվան վերջավորությամբ ազգանուններ կրող մարդկանց կողմից: Ոչ ոք չէր կարող հաղթել հայ ազգին, եթե չհաղթեր հայ ազգն ինքն իրեն»,- ասում է թբիլիսահայ գործիչը:
Նա հիշեցնում է, որ ներկայիս կաթողիկոսի կողմից ձեռնադրված եպիսկոպոսները, վարդապետները, աբեղաները, սարկավագները, բոլորը զրոյացվելու են, եթե պահանջեն նրա հրաժարականը: Անդրադառնալով Փաշինյանի կողմից ստեղծվելիք «համակարգող խորհրդին», ասում է. «Վարչապետի կազմած ոչ մի խորհուրդ չի կարող փոխարինել եւ նույնիսկ մոտ գտնվել 4 պատրիարքներին եւ 40 եպիսկոպոսների կողմից օծված կաթողիկոսին: Եթե նրանք ուզում են այս կաթողիկոսին գահընկեց անել, առոչինչ են համարում Երուսաղեմի պատրիարքի, Անթիլիասի կաթողիկոսի, Պոլսի պատրիարքի օրհնությամբ եւ 40 եպիսկոպոսների կողմից օծված եւ ընտրված կաթողիկոսին: Դա կնշանակի առոչինչ համարել բոլոր նվիրապետական աթոռների ղեկավարներին, դրանով հայաստանյայց քրիստոնեական եկեղեցին դադարեցնում է իր գոյությունը»:
«Եթե իրենք Վեհափառի դեմ արշավն ավարտեն այնպես, ինչպես իրենք են ուզում, ապա Վեհափառին մենք մենակ չենք թողնի, որպեսզի թույլ չտանք քանդել Մայր Աթոռը: Մեր եկեղեցու պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ կաթողիկոսի հրաժարականն են պահանջում»,- նշում է մեր զրուցակիցը: Առաջինը Եփրեմ կաթողիկոսն է եղել, որ տառապել է պալարախտով՝ տուբերկուլյոզով, իսկ դա վարակիչ հիվանդություն է, եւ նա իր կամքով հրաժարվել է կաթողիկոսական գահից՝ միաբանությանն ու հավատացյալներին չվարակելու համար։ Ներկայիս Վեհափառի դեպքն էլ եզակի է նրանով, որ այդ քանակի եպիսկոպոսներ եւ պատրիարքներ են ընդունել նրա գահակալությունը, նա ստացել է բոլոր պատրիարքների օրհնությունը՝ շեշտում է Գուրգեն Մխիթարյանը եւ հավելում, որ առաջին կաթողիկոսը, որ ստացել է բոլորի օրհնությունը, եղել է Կոմիտաս կաթողիկոսը. 1615 թվականին Խոսրով թագավորի գումարած Տիզբոնի ժողովում մերձավորարեւելյան բոլոր ուղղափառ եկեղեցիները ճանաչել են Հայ առաքելական եկեղեցու գերակայությունը եւ բոլորն օծել են Կոմիտաս եպիսկոպոսին հայոց կաթողիկոս եւ ղեկավար` ամբողջ արեւելյան քրիստոնեական եկեղեցիների:
Թբիլիսաբնակ հայ գործիչը հավելում է, որ հակակաթողիկոսա-հակաեկեղեցական շարժման հիմնական տրիգերը Փաշինյանի համար հանդիսացել է Շվեյցարիայում Արցախի հարցով տեղի ունեցած համաժողովը, որի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւ է նաեւ ընդունվել:
Բաց մի թողեք
Ես հակաօրինական ոչ մի բան թույլ չեմ տվել, որ մտավախություն ունենամ. Խաչատրյան
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ