13/06/2025

Սևան քաղաքի բնակիչները կրկին զրկվել են մայրաքաղաք հասնելու հնարավորությունից

Այսօր՝ վաղ առավոտից, տասնյակ քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ ո՛չ աշխատանքի են կարողանում հասնել, ո՛չ հիվանդանոց, ուսանողներն էլ քննություններից են ուշանում։ 

«Քնում-արթնանում ու որոշում են կյանքներս բարդացնել։ Հիմա անորոշությունից մարդիկ սովորական տաքսիներ  են պատվիրում ու 10.000 վճարում, որ գոնե Երևան հասնեն, գործատուին, կամ քննություն վերցնող դասախոսին չես կարող բացատրել, որ ինչ-որ մեկը արթնացել և որոշել է քեզ զրկել տեղաշարժվելու իրավունքից: Միանգամից ու կտրուկ նման որոշում չեն կայացնում, պիտի, չէ՞, զգուշացում կամ բացատրություն լինի:

Սևանում մի գիծ էլ է գործում, բայց այնտեղ մեքենաները շատ քիչ են ու հին, չեն կարող սպասարկել մի քաղաքի, որի 80%-ն ամեն օր գնում է Երևան: Եթե ուզում են էլի ինչ-որ մեկին բերել, կամ գիծ բացել, թող անեն էնպես, որ հասարակ մարդիկ չտուժեն ու չկորցնեն իրենց աշխատանքը»։

Ինչու է «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող տուրիստական մեքենաների երթևեկությունը դադարեցվել․ «Երկու օր առաջ մեզ մոտ խուզարկություն իրականացրին, երկու մեքենա տարան տուգանային հրապարակ՝ պատճառաբանելով, թե սպիտակ պետհամարանիշներով են մեր մեքենաները, իսկ մենք կանոնավոր ուղևորափոխադրում ենք իրականացնում։ Բայց մեր մեքենաները տուրիստական են ու իրականացնում են ուղևորափոխադրումներ տարբեր ուղղություններով։ Մենք տասից ավելի դատական գործ ունենք հաղթած ու ապացուցել ենք, որ կանոնավոր ուղևորափոխադրում չենք իրականացնում։ Հիմա մեքենաները կանգնեցրել ենք, քանի որ խուզարկության ժամանակ մեզ զգուշացրել են, որ դեպի Երևան գնացող մեր բոլոր մեքենաները տանելու են տուգանային»,- ասացին «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ից։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ն իրավունք ունի ուղևորափոխադրումներ իրականացնելու միայն ներմարզային երթուղում, այսինքն՝ Գեղարքունիքի մարզի համայնքներում, իսկ դեպի Երևան մեքենաներ ուղարկելու իրավունք չկա։

Հատկանշական է, որ Քննչականի պատասխանին ամբողջովին հակասում է ՏԿԵՆ-ի արձագանքը, որտեղից մեզ ասացին, որ ուղևորափոխադրումներ իրականացնող նման ԱՁ ՏԿԵՆ համակարգում չկա։ Այսինքն՝ համակարգում չկա, բայց ՔԿ-ն վարույթ է նախաձեռնում՝ նշելով, որ ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունի տվյալ ԱՁ-ն։ Ի՞նչ հիմքով է նման վարույթ նախաձեռնվել, հասկանալի չէ։

Էլ ավելի անհասկանալի է այն, որ  «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ն տարեկան հաշվետվություն է ներկայացրել ՊԵԿ, որում նշված են այն մեքենաների պետհամարանիշները, որոնցով նաև դեպի Երևան  են ուղևորափոխադրումներ իրականացվում։

Այս պահին մենք հարցումներ ենք ուղարկելու նշյալ երեք գերատեսչություններ՝ հասկանալու, թե ինչու է նման խառնաշփոթ առաջացել։