18/09/2025

Վրիժառության մեջ մի թաղեք երկրի ապագան

Սերնդափոխության արդյունքում ամեն իշխանության կողմից իր նախկիններին ուղղված քաղաքական վրեժխնդրությունը հանրային համերաշխության գաղափարը քայքայող-ավերող-պառակտող դեր է խաղում։

Հրապարակ թերթը գրել է․ Դրա արդյունքում երկրում թշնամանքի, ատելության, վրիժառության փակ շղթա է ձեւավորվում, որից երկիրն այլեւս չի կարողանում դուրս գալ։ Ու դրա պատճառած վնասներն ավելի մեծ կարող են լինել, քան մի քանի կոռումպացված կամ անօրեն պաշտոնյաներին պատժելուց ստացված հանրային օգուտները։ Փորձեմ բացատրել, թե ինչու։

Նախ՝ մենք փոքր ազգ ենք, եւ երբ սկսվում է նախկին «թալանչիներին» կամ պաշտոնը չարաշահածներին պատժելու, արդարություն հաստատելու պրոցեսը, հանրությունն անխուսափելիորեն պառակտվում է, վերածվում «հալածվածների» եւ «հալածողների» բանակների։ Դեռ չենք խոսում այն մասին, որ արդար քննության եւ օրինականություն հաստատելու գործիքներն էլ են մեզանում շատ կասկածելի։

Յուրաքանչյուր հաջորդ իշխանություն փորձելու է իր «հալածյալ» շրջանի վրեժը լուծել իշխանությունը կորցրած անձանցից, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը՝ թիրախավորելով նախկին նախագահներին ու պաշտոնյաներին եւ օգտագործելով վարչապետի լծակները։ Հիմա նա շատ լավ հասկանում է, որ եթե մի գեղեցիկ օր ինքը դառնա «նախկին», նույնը, գուցե շատ ավելի դաժանաբար, անելու են իր նկատմամբ։

Նաեւ դա է պատճառը, որ իշխանությունից կառչած մնալու նման հուսահատ ջանքեր է գործադրում։ Դա ոչ միայն պետական բարիքները վայելել շարունակելու, թագավորական կյանքով ապրելու համար է, այլ ուղղակի կենաց-մահու կռիվ է՝ ֆիզիկապես ողջ մնալու, հետագա ողջ կյանքը բանտում չանցկացնելու համար։ Դա է պատճառը, որ խելոք մարդիկ 2018-ին ասում էին՝ գիծը քաշեք, մոռացեք անցյալում կատարվածը, վրիժառության մեջ մի թաղեք երկրի ապագան։