Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնը թողնելուց հետո լրիվ ազատ կյանքով է ապրում՝ զերծ պաշտոնական պարտականություններից և պատասխանատվությունից, Նիկոլ Փաշինյանի հետ շփումներից ու նրա հանձնարարականներից, զբաղվում է մասնավոր իրավաբանական ծառայություններ մատուցելով, շփվում է մոսկվաբնակ մեծահարուստների հետ, նրանց հետ այցելում վերջիններիս պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցի լողավազան ու «ջիմ», ժամանակ անցկացնում թանկարժեք վայրերում, մի խոսքով՝ վայելում է ազատ կյանքը։
MediaHub-ին տեղեկություն էր հասել, որ Խաչատրյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի կառուցած «Բյուրեղ» թաղամասում իր պաշտոնավարման ընթացքում շուկայականից ցածր գներով ձեռք բերած իր երկու բնակարանները։
Այս և այլ տեղեկություններ ճշտելու համար մենք այսօր կապ հաստատեցինք Սասուն Խաչատրյանի հետ։
-Պարոն Խաչատրյան, կասե՞ք՝ ինչո՞վ եք զբաղվում պաշտոնը թողնելուց հետո։
-Ես իրավաբանական գրասենյակ եմ հիմնել։
-Կարո՞ղ է Հանրապետության փողոցում է Ձեր գրասենյակը։
-Այո։
-Մոսկվայում խոշոր գործարարներ «Մոնարխի» Գինոսյան Արմենի ու նրա ընկերների հետ կապ ունե՞ք Դուք կամ Ձեր գրասենյակը, քանզի իրենց պատկանող գրասենյակի տարածքում ենք Ձեզ հաճախ տեսնում, նաև իրենց պատկանող հյուրանոցում։
-Դա կոմերցիոն գաղտնիք է, և չեմ մեկնաբանում էդ խոսակցությունները։
-Իսկ ճի՞շտ է, որ «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերած Ձեր տները վաճառում եք։
-Ես տներ ձեռք չեմ բերել, ես մի բնակարանի կանխավճար եմ արել և չեմ վաճառում էդ բնակարանը։
-Ասում են՝ 1 քմ-ն 600 դոլարով եք ձեռք բերել, այն դեպքում, երբ այդ բնակարանի շուկայական արժեքը տվյալ շրջանում մոտ 1100 դոլար է եղել, այդ մասին գրել էին, կարծեմ։
-Ես չգիտեմ՝ ով ինչ ա գրել, նախ ես 600 դոլարով ձեռք չեմ բերել, դա սուտ ա, ես ձեռք եմ բերել էն գնով, որով որ հարյուրավոր մարդիկ ձեռք են բերել։
-Իսկ ի՞նչ գնով, կասե՞ք։
-Հիմա չեմ հիշում, գրվել ա դրա մասին, Վահե ջան, իմ հայտարարագրերում էդ ամեն ինչը կա, պետք չի դրա մեջ ինչ-որ սենսացիա որոնել, խոսվել ա, ես դրա բացատրությունը տվել եմ։ Ուրիշ խնդիր կա՞։
-Հա, մի փոքր խնդիր կա, դրա համար հարկ համարեցինք Ձեզ զանգել, քանզի ասում են՝ որոշակի կոռուպցիոն ենթատեքստ կա նրա մեջ, որ Դուք, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ էիք, «Բյուրեղ» թաղամասի տերերի հետ ինչ-որ գործարքների կամ պայմանավորվածությունների մեջ եք եղել, ինչի արդյունքում կարողացել եք ավելի լավ պայմաններով բնակարան ձեռք բերել այնտեղ։
-Չէ, էդ ասեկոսեներն ամբողջությամբ սուտ են, ես էլ Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դիմեք «Բյուրեղին» և հետաքրքրվեք, թե էն գնով, որով ես եմ ձեռք բերել, քանի՞ հոգի են ձեռք բերել, ու կտեսնեք, որ հարյուրավոր մարդիկ էդ նույն գնով ձեռք են բերել։
-1000 դոլարից ցա՞ծր է եղել 1 քմ-ի գինը, թե՞ բարձր։
-Ես հիմա չեմ հիշում դրա գինը, որովհետև դրամով էր էն ժամանակ, կուրսը ուրիշ էր, ասում եմ՝ բաց հարթակներում էդ ամեն ինչը կա, բացեք, նայեք։
-Տեսեք, նախկինում Ձեր ղեկավարած կառույցն այսօր Հովիկ Աբրահամյանի հետևից է գնացել ու ձերբակալել նրան, և, առհասարակ, այս իշխանությունը նախկին պաշտոնյաների հետևից գնալ սիրում է, Դուք մտավախություն չունե՞ք, որ Ձեր հետևից էլ կգան մի օր։
-Ես հակաօրինական ոչ մի բան թույլ չեմ տվել, որ մտավախություն ունենամ։
-Դե, բոլորն էլ ասում են՝ մենք հակաօրինական ոչ մի բան թույլ չենք տվել, կաշառք չենք վերցրել, որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չենք եղել։ Ես, իհարկե, Ձեզ դրանում չեմ մեղադրում, պարզապես տեսնում ենք, որ այս իշխանությունները, եթե ուզենան, ցանկացածի դեմ մի բան կգտնեն։
-Հիմա Դուք ի՞նչ եք ուզում ինձանից լսել։
-Ուզում եմ իմանալ՝ Ձեր մասով ամեն ինչ մաքո՞ւր է։
-Իհարկե, ամբողջությամբ մաքուր է, այո։
-Իսկ Ձեզ առաջարկ եղե՞լ է վերադառնալ պետական ապարատ նորից, թե՞ մասնավորում ավելի կոմֆորտ է Ձեզ համար։
-Ես էդ թեմայով չեմ ուզում խոսել։ Ես հիմա մասնավոր ոլորտում եմ և ինձ մասնավոր ոլորտում լավ եմ զգում։
-Իսկ հետևո՞ւմ եք վերջին զարգացումներին, օրինակ՝ Փաշինյանի գրառումներին, եկեղեցու, կաթողիկոսի դեմ նրա հայտարարած այդ պատերազմին ու արշավին։
-Չեմ մեկնաբանում ես ոչ մի բան։
-Կաշկանդվածությո՞ւն ունեք։
-Ես ասում եմ՝ չեմ մեկնաբանում, No comment, ինչպես ասում են։
-Իսկ Ձեզ այս իշխանության թիմակիցը համարում կամ զգո՞ւմ եք, թե՞ կապերը խզել եք և Ձեզ լիարժեք անկախ քաղաքացի եք զգում։
-Նախ, որպեսզի Դուք իմանաք, իրավապահ համակարգի անկախ մարմնի ղեկավարը չի կարող լինել իշխանական թիմի անդամ, դա՝ որպես սկզբունք։
-Բայց Դուք նշանակվել եք իրենց կողմից, իրենց եք զեկուցել։
-Նախ՝ զեկուցելը սխալ բառ եք օգտագործում, անկախ մարմնի ղեկավարը որևէ մեկին չի զեկուցում․․․
-Գիտեմ, բայց գլխավոր դատախազը մի անգամ կառավարության նիստին ասաց՝ զեկուցում է, դրա համար եմ ասում։
-Ես այլ անձանց վարքագիծը չեմ քննարկում, ես ձեզ համար եմ ասում, որ անկախ մարմնի ղեկավարը որևէ մեկին ոչ մի բան չի զեկուցում, սա՝ մեկ։ Երկրորդը, ես բարձր պաշտոններ եմ զբաղեցրել նաև երկրորդ և երրորդ նախագահների օրոք։
-Եվ ոչ մեկի թիմակիցը չե՞ք համարվել։
-Ես ասում եմ՝ անկախ իրավապահ մարմնի ղեկավարը չի կարող լինել քաղաքական թիմի անդամ։
-Լավ, հիմա փաստաբանակա՞ն ծառայություն եք մատուցում Ձեր հիմնած ընկերությամբ, թե՞ ընդհանուր իրավական խորհրդատվություն։
-Իրավական խորհրդատվություն էլ, փաստաբանական ծառայություն էլ։ Իսկ եթե հետաքրքրում է իրավաբանական ընկերությունը, ապա այն կոչվում է «Խաչատրյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակ։ Սա էլ մի փոքր «ռեկլամ» կանեք, էլի․․․ (ծիծաղում է- խմբ.)
-Իսկ ովքե՞ր են Ձեր գործընկերները, որ հարկ եղած դեպքում՝ իմանանք։
-Դե, երբ որ դիմեք, կիմանաք, ես Ձեզ բավարա՞ր չեմ։
-Դե, Ալեն Սիմոնյանն, օրինակ, մեզ դատի է տվել, Դուք մեր շահերը կպաշտպանե՞ք, եթե դիմենք։
-Դիմեք, կիմանաք։
Վահե Մակարյան
Բաց մի թողեք
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ
Կամակատա՞ր եք, գործակա՞լ, թե՞ խամաճիկ, ձեռք քաշեք այս ժողովրդից ու ձեռքներդ հեռու մեր սրբություններից