14/06/2025

Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ

Այս պահի դրությամբ Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման հետևանքով զոհված հայերի մասին որևէ տեղեկություն չունենք, «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասաց Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսակ Հունանեսյանը:

Նա նշեց, որ Թեհրանի արևելյան ու արևմտյան շրջաններին են հարվածներ հասցվել, իսկ հայաբնակ թաղամասերը հիմնականում Թեհրանի կենտրոնում են, որտեղ հարվածներ չեն հասցվել. «Մենք Իրանում, ճիշտն ասած, մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա դավաճան իշխանությունները էշի ականջում քնած են, և ամեն վայրկյան, եթե այս սպատերազմը սրվի, հնարավոր է Բաքուն հարձակվի և Սյունիքը գրավի: Այդ մասին է պետք մտածել, խոսել ու զգուշացնել մեր դավաճան իշխանություններին»:

Իսկ իրանահայ համայնքում ընդհանրապես խուճապ չկա, պետք չէ մտահոգվել:

«Այսօր ուրբաթ է, այստեղ ուրբաթը հանգստյան օր է, մարդիկ հիմնականում տներում  են և այս պահի դրությամբ դեռևս ամեն ինչ հանդարտ է», -եզրափակեց Հունանեսյանը:

Հիշեցնենք, այս գիշեր Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Թիրախում եղել են մայրաքաղաք Թեհրանը և Թավրիզը, իսկ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել ռազմավարական օբյեկտներին, թիրախավորել են ռազմական ղեկավարության բնակության վայրերն ու միջուկային գիտնականներին բնակության վայրերը: Իրանի ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են  Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, ՀՕՊ հրամանատար Ղոլամալի Ռաշիդն ու նրա որդին, միջուկային գիտնականներ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին, Ֆերեյդուն Աբբասին։ Այս պահի դրությամբ հայտնի է  առնվազն 50 վիրավորի մասին, որոնցից մոտ 35-ը կանայք են և երեխաներ։