ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի լույս 12-ի գիշերն անձնական սոցիալական հարթակում գրառում է կատարել. «Ես ավելի քան երբեք համոզված եմ, որ մոտական օրերին ԱՄՆ բանակը կբազմապատկի փառքը»:
Դիմելով ամերիկյան զինվորականությանը՝ Թրամփը հավելել է. «Դուք կցուցաբերեք անսահման խիզախություն, դուք կպաշտպանեք Միացյալ Նահանգների հողի ամեն մի դյումը և հանուն Ամերիկայի կմարտնչեք աշխարհի ցանկացած կետում»:
Ըստ «Նյու-Յորք թայմսի»՝ ԱՄՆ նախագահի հռետորաբանության կոշտացումը «կապված է ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում փակուղային իրավիճակի հետ»:
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Օմանի միջնորդությամբ իրանա-ամերիկյան բանակցությունների ևս մեկ փուլ նախատեսվում է անցկացնել հունիսի 12-ին: Նախօրեին, սակայն, Իրանը հայտարարել է նոր բալիստիկ հրթիռի «հաջող փորձարկման մասին»:
Իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Նասիրզադեն այդ առթիվ հայտարարել է, որ իրավիճակի սրացման դեպքում թիրախ կդառնան Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բոլոր հենակետերը:
«Վաշինգտոն փոստի» տեղեկացվածությամբ՝ պետական դեպարտամենտը հանձնարարել է, որպեսզի «Իրանի հավանական հարվածի շառավղում գտնվող ամերիկյան բոլոր դեսպանատները, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում, արտակարգ շտաբներ ձևավորեն՝ քննարկելու պաշտպանության ուժեղացման և անվտանգության ապահովման միջոցառումներ՝ կապված առկա սպառնալիքների հետ»:
Հունիսի 11-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հարցազրույց է տվել New York Post-ին: Հարցին, թե հնարավո՞ր է Իրանի հետ հասնել նոր համաձայնության, նա պատասխանել է. «Չգիտեմ: Ես կարծում էի, որ դա հնարավոր է, բայց անցնող ամեն օր ինձ ավելի քիչ վստահություն է բերում»:
Թրամփը Սպիտակ տան լրագրողներին ասել է, որ Մերձավոր Արևելքի երկրներից դիվանագիտական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների տարհանման պատճառների մասին «շուտով ամեն ինչ հայտնի կդառնա»:
ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառման նախօրեին ամերիկյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Իրանը բանակցություններն օգտագործում է ժամանակ շահելու և իր միջուկային օբյեկտների պաշտպանությունն ավելի հուսալի պաշտպանության տակ առնելու նպատակով, իսկ որոշ փորձագետներ պնդել են, որ միջուկային մարտագլխիկների առաջին խմբաքանակ ստեղծելու համար «Իրանին պետք է երեք շաբաթ»:
Այդ տեղեկություններն, ըստ երեւույթին, հետախուզական են և մամուլում հայտնվել են, որպեսզի Վաշինգտոնի դիրքորոշման կոշտացումը հիմնավորվի:
Այդուհանդերձ, իսրայելական Ynet-ին հայտնի է դարձել, որ Սպիտակ տանը գիշերային քննարկումներին «շտապ հրավիրվել է» Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկովը:
Ըստ տեղեկությունների՝ Դոնալդ Թրամփը «նրան անձամբ հինգ անգամ զանգել է»: Ուիթկոֆը Թրամփից ստացել է հունիսի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ հանդիպում կազմակերպելու հանձնարարական:
Կհաջողվի՞ այդ հանդիպումը կազմակերպել և ի՞նչ արդյունք կտան Ուիթկոֆ-Արաղչի բանակցությունները: Իրավիճակն, իրոք, փակուղային է, ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանը լիովին չեղարկի միջուկային ծրագիրը, Թեհրանը պնդում է, որ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման իրավունք ունի և երբեք այն չի զիջի:
Օմանի միջնորդությամբ իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլից հետո փորձագետների մոտ կայուն տպավորություն կար, որ Միացյալ Նահանգները համաձայն է, որ Իրանը մինչև երեք տոկոս ուրանի հարստացման հնարավորությունը պահպանի: ԱՄՆ նախագահը նույնիսկ հրապարակայնացրել է, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուին խորհուրդ է տվել «վեր կենալ և Իրանի հետ բանակցություններ սկսել»:
Ի՞նչ է փոխվել մեկ օրում: Թրամփը համաձայնել է, որ Իսրայելը հրթիռային հարվածնե՞ր հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին: Բայց ո՞վ է երաշխավորում, որ Իրանի դեմ իսրայելական հարձակումները մերձավորարևելյան լայնածավալ պատերազմի առիթ չեն հանդիսանա:
Գուցե Թրամփի դիրքորոշման փոփոխությունը Միացյալ Նահանգների ներքին իրավիճակո՞վ է պայմանավորված: Հայաստանի համար այս իրավիճակը լրջագույն մարտահրավեր է:
Բաց մի թողեք
Թրամփը չի մտահոգվում, բայց ռազմական ռեսուրսներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ Իրանի հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու համար
Հայաստանի անկարողությունների շղթան, այս անգամ նույնիսկ Վրաստանի հետ
Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին, նաև Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին