14/06/2025

Ճգնաժամը խորանում է ռուս – ամերիկյան հարաբերություններում

Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին թողնում է պաշտոնը: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը: Թրեյսին այդ պաշտոնին նշանակվել է 2023 թվականի հունվարին:

Մինչ այդ նա զբաղեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, իսկ ավելի վաղ՝ աշխատել որպես պետական դեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական՝ զբաղվելով Ռուսաստանի հետ հարաբերություններով:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնման» մեկնարկի փուլում Մոսկվայում ԱՄՆ դեսպանի փոփոխությունը նշանակալի կդիտարկվեր, եթե մամուլին հայտնի չդառնար, որ նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Լիվին Ռիչարդ Նորլանդը:

Վերջինս դիվանագիտական ծառայության ավելի քան երեք տասնամյա փորձ ունի, նախկինում ԱՄՆ դեսպան է պաշտոնավարել Վրաստանում և Ուզբեկստանում: Խիստ ուշագրավ է տեղեկությունը, որ այդ պաշտոնին նրա թեկնածությունն առաջադրվել է դեռևս Բայդենի նախագահության վերջին ամիսներին, իսկ նոր վարչակազմն այդ որոշումը չեղյալ չի ճանաչել:

Մոսկվայում Միացյալ Նահանգների նոր դեսպանը, գուցե, փորձառու դիվանագետ է, բայց այդ նշանակումից կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները, չնայած կողմերից հնչող հայտարարություններին, առայժմ չեն կարգավորվում և առաջընթացի հավանականությունը, մեղմ ասած, մեծ չէ:

Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից մեկ ամիս անց, ինչպես հայտնի է, Ստամբուլում ռուս-ամերիկյան բանակցություններ են մեկնարկել, որոնց նպատակը դիվանագիտական հարաբերություններն ամբողջ ծավալով վերականգնումն ու հետագա համագործակցության նախանշումն էր: Այդ բանակցություններին Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Ալեքսանդր Դարչիևը՝ տվյալ պահին զբաղեցնելով ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:

Մարտի 6-ին Ալեքսանդր Դարչիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Մարտի 25-ին նա ժամանել է Վաշինգտոն, հավատարմագիրը հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և անցել պաշտոնական պարտականությունների կատարմանը:

Հունիսի 10-ին Դարչիևը ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ ռուս-ամերիկյան համաձայնություն է ձեռք բերվել , և հետագա բանակցությունները տեղի կունենա արդեն ոչ թե Ստամբուլում, այլ՝ կողմերի մայրաքաղաքներում: Նա անոնսավորել է, որ մոտ ապագայում ամերիկյան պատվիրակությունը կմենի Մոսկվա:

Այս ֆոնին Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լիվին Ռիչարդ Նորլանդի նշանակման մասին տեղեկությունը բավական արտառոց է, եթե, իհարկե, այն համապատասխանում է իրականությանը: Բանն այն է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներում դեսպան է նշանակել ԱԳՆ բավական բարձրաստիճան պաշտոնյայի՝ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի: Վաշինգտոնի դիվանագիտական պատասխանն ակնհայտորեն համարժեք չէ:

Կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրներն ավելի բարդ և դժվար հաղթահարելի են, քան Թրամփի վարչակազմում պատկերացրել են, ուստի Վաշինգտոնը մտադիր է ֆորմալ առումով պահպանել դրական դինամիկան, բայց սկզբունքային տարաձայնությունների շուրջ քննարկումներն առկախել:

Բացառված չէ, որ Մոսկվայում Թրամփի վարչակազմից ավելի մեծ սպասումներ են ունեցել կամ հարաբերությունների «վերբեռնման» գործընթացը դիտարկել են որպես Ուկրաինայում պատերազմը շարունակելու բուն նպատակի «դիվանագիտական ապահովում», իսկ Վաշինգտոնը հասկացնում է, որ բանակցությունները՝ բանակցություններ, բայց սկզբունքային հարցերում զիջումներ չեն լինի:

Ամեն դեպքում Բայդենի կողմից Ռուսաստանում դեսպանի թեկնածու առաջադրած Լիվին Ռիչարդ Նորլանդի նշանակումից, եթե դա տեղի ունենա, այդ է հետևում: