14/06/2025

Նիկոլ Փաշինյանը կայցելի Անկարա, ահա թե ինչու է սրել ներքին խաղը

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին պատրաստվում է մեկնել Անկարա, նրա խոսնակը ասել է, որ վարչապետի միջազգային այցերի մասին ժամանակին տրվում է տեղեկատվություն:

Փաստորեն, սա, ըստ էության, ոչ հերքելու և ոչ էլ հաստատելու տարբերակն է, ու փորձը ցույց է տալիս, որ այդպիսի տարբերակներով սովորաբար հաստատվում է այն, ինչը հնարավոր չէ հաստատել պաշտոնապես, կամ նպատակահարմար չի դիտվում անել այդ պահին: Իհարկե, չշտապենք պնդել, որ, եթե չի հերքվում, ուրեմն հաստատվում է:

Բայց նկատենք, որ վարչապետի խոսնակը չի ասում, որ չկա այդպիսի ծրագիր կամ մտադրություն: Իսկ դա նշանակում է, որ հարցն առնվազն հայ-թուրքական կողմերում քննարկման փուլում է, գուցե նախապատրաստման:

Պաշտոնապես չի հաստատվում թերևս այն պատճառով, որ կողմերի միջև կա չհամաձայնեցված որևէ բան, որն էական է: Թերևս, դժվար չէ կռահել, որ օրակարգը բնականաբար առնչվելու է Հայաստան-Ադրբեջան թեմային, որից էլ բխելու է հայ-թուրքական թեման, եթե, իհարկե, այցը վերջնականապես համաձայնեցվի ու կայանա:

Մի բան, թերևս, անկասկած է, որ դրա կայանալու պարագայում այն կլինի առանձնահատուկ, քանի որ փաստացի կլինի Հայաստանի վարչապետի առանձին այց Թուրքիա՝ ոչ միջազգային որևէ միջոցառման շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը Թուրքիա այցելել է 2023 թվականին, երբ Էրդողանի պաշտոնամուտի արարողությունն էր: Չի բացառվում, որ Փաշինյանին հրավեր էր հղվել նաև 2025-ի մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար:

Համենայն դեպս, ֆորումին հրավիրվել էին Ադրբեջանի նախագահն ու Վրաստանի վարչապետը և հազիվ թե Նիկոլ Փաշինյանը չունենար հրավեր: Ավելին, Կովկասի թեման ֆորումի առանցքայիններից էր և անգամ կազմակերպվել էր երեք երկրների ԱԳ նախարարների պանելային քննարկում:

Չի բացառվում, որ եղել է քննարկումը առաջին դեմքերի մակարդակով անցկացնելու մտադրություն, եթե այցելեր նաև Նիկոլ Փաշինյանը:

Համենայն դեպս, չնայած հրապարակային հարցադրումներին, Հայաստանի վարչապետի աշխատակազմը այդպես էլ չի անդրադարձել թեմային ու չի հերքել, որ Նիկոլ Փաշինյանը ևս ստացել էր Անթալիա այցելելու հրավեր, բայց որևէ պատճառով չի ընդունել այն:

Հնարավոր է, որ Փաշինյանը խուսափել է այսպես ասած «կոլեկտիվ» ձևաչափից՝ համարելով, որ այն ավելի շուտ կարող է լինել շոուի, քան էական խոսակցության հնարավորություն: Կասկած չկա, որ հունիսի 20-ի հնարավոր այցը լինելու է այդպիսին և պարունակելու է որոշ կոնկրետ հարցերի պատասխաններ:

Չի բացառվում, որ նաև հենց այդ նկատառումով է Նիկոլ Փաշինյանը սրել ներքին խաղը: