16/06/2025

Ստերի պարկը բացել են

Որքան երկրի վիճակը լրջանում է, այնքան նախընտրական տարիները թեժանում են: Մի կողմից՝ գործող իշխանությունն է կենաց-մահու պայքար մղում վերարտադրվելու համար, եւ դրա համար միջոցների մեջ խտրություն չեն դնում:

Հրապարակ թերթը գրել է․ Մյուս կողմից` այլ քաղաքական ուժեր ու աշխարհաքաղաքական կենտրոններ են մտնում կատաղի պայքարի մեջ: Բայց այս անգամ մի տեսակ շատ շուտ են սկսվել նախընտրական պրոցեսները, ինչը խոսում է նաեւ այն մասին, որ բանը կարող է անգամ ընտրություններին չհասնել:

Ոչ նորմատիվային լեքսիկոն, կրթարշավներ ու հեծանվավազքեր, այս կամ այն դաշտից մարդ գողանալու փորձեր, քրեական հետապնդումներ, շանտաժ ու սպառնալիքներ եւ ամենակարեւորը` պոպուլիզմ:

Վերջինի մասնագետը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են, որոնք անիրականանալի խոստումներ տալու մեծ վարպետներ են: Հիմա գզրոցներից հանում են տարբեր փոշոտված թեմաներ, նոր գաղափարներ են երկնում, աշխատում են եւս մեկ անգամ մոլորեցնել մեր շփոթահար հասարակությանը եւ մեկ անգամ էլ ընտրողի քվեն կորզել` այս անգամ վերջնականապես պետությունը կործանելու համար:

Եվ քանի որ ո՛չ ամոթ ունեն, ո՛չ կարմիր գծեր, ո՛չ սկզբունքներ ու արժեհամակարգ, ինչ ասես՝ դնելու են շրջանառության մեջ: Օրեր առաջ նորից հիշեցին Աջափնյակի մետրոյի արդեն պատմական թեման, թե` հեսա, հեսա սկսում ենք: Դրանից առաջ վարկային պարտավորություններ ունեցող մարդկանց մի խավի խոստացան կուտակած տոկոսները «ջրել»: Ինտենսիվ տարածում են վիզաների ազատականացման թեմայով հաղորդագրություններ:

Ի՜նչ ասես լսել ենք Բենդերի ժառանգորդ այս իշխանություններից` ակադեմիական քաղաք, չոր նավահանգիստ, հայկական արբանյակ, հիմա էլ խոսում են արհեստական բանականության կենտրոն կառուցելու մասին, որտեղ 500, թե 700 միլիոն դոլարի ներդրում է կատարվելու: