Հունիսի 9-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Ազգային ժողովին, խնդրելով թույլ տալ՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:
Հրապարակ թերթը գրել է․ Քրեական վարույթի կենտրոնում Սեյրան Օհանյանի Սեւանի առանձնատունն է: Սա Աննա Վարդապետյանի արդեն երկրորդ միջնորդությունն է՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Առաջինը եղել է 2023 թվականի փետրվարին եւ վերաբերում էր զորամասերի օտարմանը եւ չարաշահումներին:
Ուղիղ մեկ ամիս առաջ` մայիսի 8-ին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հիշել էր Սեյրան Մուշեղիչի առանձնատան մասին ու հերթական հիստերիկ պոռթկման պահին բղավում էր՝ առանց նախկին նախարարի անունը տալու. «Սեւանի ափին քեզ որտեղի՞ց տուն, դու ի՞նչ իրավունք ունես՝ Սեւանի ափին տուն ունենաս, մի հատ էլ գաս, էստեղ կոռուպցիայի մեջ մեղադրես, համբալի մեկը, համբալ»։
Այդ օրն էր, որ Սեյրան Օհանյանն ասաց, որ Փաշինյանն իրեն խուլիգանի պես է պահում, եւ այդ օրն էր, որ ՔՊ կուլիսներում բուռն քննարկում էին Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում «կանխատեսել» էր գլխավոր դատախազի` մեկ ամիս անց ԱԺ-ում հնչած ելույթը: «Դատախազը գալու է մարդկանց հետեւից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երեւան, գնդակահարել երեւանցիներին»։
Մարտի 1-ի գործով, որը վաղուց փլուզված է եւ քաղաքական հետապնդման առումով անհեռանկարային է, չեկան Օհանյանի հետեւից, եկան Սեւանի առանձնատան գործով, փաստացի, Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ ու հրահանգով: Դատելով ԱԺ տարված միջնորդություններից, բազմաթիվ անձինք են հարցաքննվել Սեւանի առանձնատան գործով: Մի մասը` որպես վկա, մյուսները՝ մեղադրյալ: Ենթադրաբար՝ ով ցուցմունք է տվել, վկայի կարգավիճակ է ստացել, ով ոչ՝ մեղադրյալի:
Ի՞նչ ենք տեսնում մեղադրանքում: Ըստ դատախազության, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2010-2015 թվականների ընթացքում զավթել է Սեւան ազգային պարկի հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ Դրախտիկ գյուղում գտնվող 11 հեկտար մակերեսով հողատարածքը եւ նախարարության պաշտոնատար ու այլ անձանց ներգրավմամբ առանձնատուն է կառուցել այնտեղ: Տարածքը հսկել են ռազմական ոստիկանության ծառայողները:
Այս տարածքում լողավազանի եւ շոգեբաղնիքի կառուցման համար գնման գործընթացում առավելություն է տրվել ՊՆ-ում բաժնի պետի պաշտոն զբաղեցրած անձին: Նրա օգտին գործողություն կատարելու, նաեւ թողտվության համար, ըստ մեղադրանքի, Օհանյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 58 միլիոն դրամ կաշառք: Զավթված հողատարածքում կառուցված շենք- շինությունների արժեքը, ըստ դատախազության, 125 միլիոն 394 հազար դրամ է:
Գլխավոր դատախազի ներկայացրած փաստաթղթում նաեւ նշված է, որ հետագայում պատգամավոր դառնալով, Օհանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող՝ Սեւան ազգային պարկի հիշյալ տարածքն ու գույքը, որի արդյունքում նա 2021 թվականի դրությամբ չի հայտարարագրել «123 միլիոն 369 հազար դրամ, 2022 թվականի դրությամբ` 145 միլիոն 65 հազար դրամ, 2023 թվականի դրությամբ` 166 միլիոն 402 հազար դրամ արժողությամբ գույքը»:
Արծվիկ Մինասյանի մասով էլ միջնորդությունում նշված է, որ նա, 2016-2018 թթ․ լինելով ՀՀ բնապահպանության նախարարը եւ ի պաշտոնե հանդիսանալով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, տեղյակ է եղել զավթման մասին եւ քողարկել է այն, «անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով՝ միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Ս. Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ, որի արդյունքում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջեւ կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, եւ այդկերպ փաստացի ապահովվել է Ս. Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումը»։
Սեյրան Օհանյանը հերքում է, որ ինքն առանձնատուն ունի Սեւանի ափին: «Հերթական շոուն են ուզում կազմակերպել` հանրության ուշադրությունը շեղելու համար այսօրվա խնդիրներից»,- ասել է նա լրագրողներին:
Արծվիկ Մինասյանն իր վերաբերյալ հնչեցված մեղադրանքների շուրջ չցանկացավ խոսել. «Միջնորդության մասին ես մինչեւ Ազգային ժողովի նիստը չեմ խոսելու, իսկ այդ օրը դատախազի փետուրները քամուն եմ տալու, դրանից հետո միայն մանրամասն կխոսեմ»:
Մեղադրանքին ծանոթանալիս նկատում ենք, որ այս նույն՝ Դրախտիկի առանձնատան մասին ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, հիշել էր դեռ 2023 թվականին, Հակակոռուպցիոն դատարանում՝ պահանջելով բռնագանձել այն, ի թիվս այլ ապօրինի գույքի՝ Օհանյանի կնոջ անունով գրանցված «Լեքսուսի», Երեւանի կենտրոնում, Նալբանդյան փողոցում ձեռք բերված տարածքի ու շինության, Վահագնի թաղամասում գտնվող տան: Ինչո՞ւ դատախազությունն այն ժամանակ չպահանջեց զրկել Օհանյանին անձեռնմխելիությունից, այլ դա անում է հիմա, եւ ինչպես է ստացվել, որ նույն գույքը մեկ անգամ կնոջն են վերագրում, հաջորդ անգամ ամուսնուն առաջադրված մեղադրանքի մեջ են օգտագործում: Դատախազությունը մեր հարցին չպատասխանեց` գրավոր հարցում ուզեցին, ինչը եւս մի ապացույց է, որ պատասխան չունեն:
Արծվիկ Մինասյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հրապարակին» հայտնեց, որ առայժմ որեւէ փաստաբան ներգրավված չէ այս գործով, քանի որ միջնորդությունը դեռեւս խորհրդարան մուտք չի արվել: «Խորհրդարանը դեռեւս չի քննարկել՝ թույլ տալ, թե ոչ, հետեւաբար՝ պաշտպանել-չպաշտպանելու խնդիր չկա, եւ այս պահին դեռեւս պաշտպան չկա: Մեղադրանքի մասին խոսելը եւս շուտ է, բայց կարծում եմ՝ սա հերթական հետապնդման դրսեւորումն է»: 2 տարի առաջ նույն դատախազությունն Օհանյանի գույքի, այդ թվում՝ այս նույն առանձնատան բռնագանձման հարցով էր դատարան մտել, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այն ժամանակ չնախաձեռնեցին քրեական հետապնդում, այլ հիմա մտան միջնորդությամբ: «Որովհետեւ այդ առանձնատան գործն իմիտացիոն բնույթ է կրում՝ ժամանակ առ ժամանակ օգտագործվելով որպես մահակ: Դեմն ընտրություններ են, հանրության ուշադրությունը շեղելու խնդիր կա, մարդկանց վախեցնելու փորձ անել կա, որը, վստահ եմ, այս անձանց պարագայում չի ստացվելու: Որ հետադարձ նայում եք, վերջին 6-7 տարիներն անընդհատ սա է եղել»,- ասաց Արծվիկ Մինասյանի փաստաբանը:
«Սա զուտ քաղաքական հետապնդում է, օրենքների կամայական մեկնաբանում՝ Նիկոլի քիմքին հարիր: Ունիկալիզմը նրանում է, որ գործում են ամենաբռի մեթոդներով, բայց ձգտում են դա փաթեթավորել բացարձակ ժողովրդավարության պիտակով»,- մեկնաբանում է փորձառու իրավաբան-գիտնականը:
Բաց մի թողեք
Ոչ մի աղոթք՝ բանակում, խաչերը՝ հանել
ՔՊ-ականները նեղսրտել են, որ ռուս գեներալը զանգահարել է փոխքաղաքապետին
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը