Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ գործադիրի՝ մայիսի 29-ի նիստում Փաշինյանը պատմեց, որ այցելել է մի քանի եկեղեցի, որտեղ սանիտարական վիճակի հետ կապված խնդիրներ է արձանագրել: Եվ այդ համատեքստում էլ հայտարարեց, որ մեր եկեղեցիները «չուլանացված» են, այլ կերպ՝ վերածված են խորդանոցի:
Հետո պարզ դարձավ, որ եկեղեցիների սանիտարական վիճակը Նիկոլին ամենաքիչն է հետաքրքրում: Նրան միայն պատրվակ էր պետք հակաեկեղեցական պայքարը շարունակելու, Գարեգին Երկրորդ Հայոց հայրապետից «Վեհարանն ազատելու եւ իրապես սրբազան հոգեւորականներից» որեւէ մեկին Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ: Այս կոչով էր նա օրեր առաջ դիմել ՀԱԵ հավատավոր հետեւորդներին:
Փաշինյանին ճանաչողներն ասում են, որ նա կոմպրոմատներ հավաքելու եւ իր ախոյանին շանտաժով խեղճացնելու գործում հավասարը չունի: Այդ «հմտությունը» ձեռք է բերել դեռ շարքային լրագրող աշխատելու տարիներին եւ ավելի կատարելագործվել, երբ արդեն թերթի խմբագիր էր: Ներկայիս իր կարգավիճակում եւս կոմպրոմատը մնում է նրա «ծանր հրետանին»՝ որպես մարդկանց ու իրավիճակների վրա մեծ ազդեցություն գործող լծակ:
Այս առումով նա այժմ ավելի լայն հնարավորություններ ունի՝ կարող է զրպարտել, գործ հարուցել, մարդ բռնել տալ, պատժել, արգելել մասնակցությունն ընտրություններին եւ այլն: Բռնաճնշումների մի ողջ գործիքակազմ ունի ձեռքի տակ, որից ամենաազդեցիկն ու աղմկահարույցը կոմպրոմատն է:
Հիշենք լուսահոգի գեներալ Մանվելի «տուշոնկա» գործողության բեմադրությունը, երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանի կեղծ դատավարությունը, որի ժամանակ հենց դատապարտյալի աթոռին ավանդեց հոգին: Հիմա գաղտնիք չէ, որ հայտնի զույգը ում մասին ասես՝ կոմպրոմատ ունի. ուզի՝ մեկին գող կհանի, մյուսին՝ թուրքի կամ ռուսի գործակալ, հաջորդին՝ կաշառակեր, մանկապիղծ եւ այլն:
«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու հարցում, եւ ՔՊ-ում, ըստ օրաթերթի, խոսում են, որ նա «զադնի չի դնելու» այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել: «Նիկոլը որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել Եկեղեցու սպասավորներին թիրախավորող գրառումները»,- գրում է պարբերականը:
Փաստորեն՝ ՀԱԵ-ի եւ հոգեւորականության դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանը, որի վարկանիշը «պատմական նվազագույնի» ծիրում է, փորձում է Վեհափառին հեռացնել՝ ապավինելով իր փոքրաթիվ աջակիցների ու «հանուն ժողովրդի» կեղծ հայեցակարգի հնարավորությանը:
Պատահական չեն այս շաբաթվա նրա ֆեյսբուքյան գրառումները, թե «Եկեղեցին պատկանում է ժողովրդին եւ այն նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին», կամ Կաթողիկոսի փոփոխության մասին նրա սադրիչ կոչը՝ ուղղված ՀԱԵ հետեւորդներին: Ակնհայտ է, որ հասարակությունն այլեւս չի հավատում իշխող զույգի ստերին ու կոմպրոմատներին: Իրականում երկրի ամենամեծ «կոմպրոմատը» Հայաստանի թշվառ վիճակն է եւ Արցախի ցավալի կորուստը:
Հետեւաբար՝ հայության, այդ թվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդների մեծագույն մասի համոզմամբ՝ ոչ թե Կաթողիկոսը պետք է «ազատի Վեհարանը», այլ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության շենքը:
Բաց մի թողեք
Թրամփը չի մտահոգվում, բայց ռազմական ռեսուրսներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ Իրանի հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու համար
Հայաստանի անկարողությունների շղթան, այս անգամ նույնիսկ Վրաստանի հետ
Հայաստանի համար այս իրավիճակը լրջագույն մարտահրավեր է