Հունիսի 14-ին Գյումրիում արձանագրված հորդառատ տեղումները` ուղեկցված կարկուտով ու ուժեղ քամով, ընդամենը մի քանի րոպեում ողողել են քաղաքի բակերն ու կենտրոնական փողոցները։
Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

«Արտակարգ եղանակային պայմանները լրջորեն խաթարել են երթևեկությունն ու բնակիչների առօրյան։ Բնական տարերքը արմատախիլ է արել մի շարք ծառեր, վնասել տանիքներ, իսկ մեծաքանակ ջուրը կուտակվել է բակերում ու երթևեկելի հատվածներում։

Արտակարգ իրավիճակին արձագանքել է Գյումրու համայնքապետարանը, կոմունալ բաժնի ողջ անձնակազմն աշխատել է արտակարգ ռեժիմով։ Նշենք, որ Շիրակի մարզի պարեկային ծառայության առաջին վաշտի պարեկները ևս միացել են կոմունալ աշխատակիցներին՝ աջակցելով ջրահեռացման, ճանապարհների մաքրման, երթևեկության վերահսկման և անվտանգության ապահովման աշխատանքներին։

Պարեկներն այս պահին կոմունալ բաժնի աշխատակիցների հետ հավասար աշխատանքներ են անում՝ աջակցելով քաղաքապետարանի աշխատակիցներին եւ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը ։
Տարերքի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին ջուրը դուրս է բերվում մի շարք տարածքներից, և տարվում է մաքրման ու վերականգնման գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել ուժեղ պտտահողմ։


Ինչպես հայտնել են համայնքապետարանից, ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։


Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով`վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով։



Պտտահողմի պատճառած վնասների վերաբերյալ հավելյալ տեղեկություն ունենալու դեպքում` պետք է զանգահարել` 094-52-10-03։










Բաց մի թողեք
Երևանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա․ վնասը կազմել է 1 մլն դրամ․ Լուսանկար
Անհետ կորած կնոջ դին են գտել․ Լուսանկար
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․