Իրանի գնահատմամբ՝ Նաթանյահուն մտադրված է ոչ միայն ստորացնել Իսլամական Հանրապետությունը, վնաս հասցնել նրա ռազմական կարողությանը, այլև սադրել ներքին ճգնաժամ:
Այս տեսակետը «Նյու Յորք թայմսին» է փոխանցել Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրի տնօրեն Սանամ Վաքիլը:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բաղաին հունիսի 14-ին «անիմաստ» է համարել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, քանի որ «չի կարելի հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին, բայց միաժամանակ կոորդինացնել գործողություններ, թույլ տալ, որ սիոնիստական ռեժիմը (Իսրայելը) հարվածի Իրանի տարածքին»:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Իրավանին Անվտանգության խորհրդի նիստում Միացյալ Նահանգներին մեղադրել է Իսրայելին սպառազինություններ, հետախուզական տեղեկություններ և լոգիստիկ աջակցություն տրամադրելու մեջ:
Հունիսի 14-ին Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել է, որ իրանական հրթիռային հարձակումը չեզոքացնելու համար Իսրայելին օժանդակություն է ցուցաբերել:
Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Նա նույնիսկ Իսրայելին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: Գրեթե նույն ոգով հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովը:
Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (ավելի հայտնի է «Չեթեմ-հաուս» անվանմամբ) փորձագետները տպավորություն ունեն, որ Իրանում «իշխանափոխություն իրականացնելու ծրագիրը բավական ռիսկային է»: Նրանք չեն բացառում, որ կրոնապետությանը կարող է «փոխարինելու գալ ավելի արմատական իշխանություն, որ կհայտարարի միջուկային զենք ստեղծելու մասին»:
«Իրանում շատերը համոզված են, որ իրենց անկյուն են քշել, զսպման տարածաշրջանային մեխանիզմները չեղարկված են, ԱՄՆ հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, իսկ Իսրայելը «շղթայից արձակվել է», և պաշտպանվելու միակ միջոցը միջուկային զենքն է»,- Fox News-ին ասել է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի ավագ փորձագետ Ժյուլյեն Բարս-Դեյսին:
Իսրայելական աղբյուրները փոխանցում են անվտանգության ոլորտի աղբյուրի տեսակետը, որ Իրանի դեմ հարձակումները «կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ է»: Խոսքն ի՞նչ անհրաժեշտության մասին է՝ նա չի մանրամասնել: Հրեական պետության պաշտպանության նախարար Կացի բնորոշմամբ՝ «պետք է ջախջախել օձի գլուխը»:
Իսրայելը փաստացի երկու զուգահեռ գործողություն է իրականացնում: Եվ, երևի, Իրանի ռազմական վերնախավի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների թիրախային ոչնչացումը խորքային առումով ավելի վտանգավոր է, քան՝ ռմբահարումները և հրթիռակոծումները: Բրիտանացի փորձագետ Սանամ Վաքիլի գնահատմամբ՝ իսլամական հեղափոխության դրոշի շուրջ «համախմբումը հնարավոր է, բայց՝ շատ ավելի թույլ, քան նախկինում էր»:
Ըստ երևույթին՝ նա նկատի ունի բարձրաստիճան զինվորականների սպանության հետեւանքով ստեղծված իրավիճակը, երբ Իրանի ռազմա-քաղաքական վերնախավի ոչ մի ներկայացուցիչ փաստացի անձնական ապահովության երաշխիք չունի:
Այսպիսով, կարծես ուրվագծվում է, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակման հարցում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջեւ առկա է կոնսենսուս: Տասը օր հետո Հաագայում գումարվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Պաշտոնապես անոնսավորվել է, որ ԱՄՆ-ը ներկայացված կլինի նախագահ Թրամփի մակարդակով:
Թուրքիան Իրանի դեմ Իսրայելի հարձակումները համեմատել է Գազայում պատերազմի հետ: Արաբական աշխարհը, մինչդեռ, իսրայելա-իրանական պատերազմում առնվազն չեզոքություն է պահում: Ի՞նչ «նոր Մերձավոր Արևելք» է կանխածրագրվում, որքանո՞վ և ինչպե՞ս է Հարավային Կովկասը «ներգրվում» դրան:
Բաց մի թողեք
Հայաստանին մնում է միայն սպասել թնջուկի ելքին, իսկ Էրդողանի սիրտը միջանցք է ուզում
Իրանի շուրջ էսկալացիայից բխող վտանգների կառավարման համար արդյո՞ք Երևանը կհանրայնացնի խնդիրները
Նիկոլ Փաշինյանը կայցելի Անկարա, ահա թե ինչու է սրել ներքին խաղը