Իրանը պաշտոնապես ծանուցել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանություններին, որ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի երկրներում, ում նրանց ռազմական օբյեկտները կդառնան հարվածների թիրախ, եթե նրանք Իսրայելին օգնեն Իսլամական հանրապետության կողմից հրեական պետության դեմ հարվածները կասեցնել:
Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական Mehr գործակալությանը, որի տեղեկություններով՝ Թեհրանը սպառնացել է բացի ռազմական թիրախներից հարձակվել Պարսից ծոցում և Կարմիր ծովում ոչ միայն ռազմական, այլև առևտրային նավերի վրա:
Այլ տեղեկություններով՝ Իրանը հայտարարել է, որ կփակի Հորմուզի, իսկ Եմենը՝ Բաբ-էլ Մանդեպի նեղուցը, ինչը կարող է «համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պատճառ դառնալ»:
Հունիսի 14-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն մեծ ուշացումով դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումները, իսկ հրեական պետության վարչապետ Նաթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրա որոշումը գնահատել է որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում:
Ուկրաինայի դեմ նրա, իսկ միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի քան երեք տարի նվաճողական պատերազմ վարող երկրի առաջնորդի կողմից միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության խախտման մասին ասվածն, իհարկե, ոչ Իսրայելի համար կարող է նշանակություն ունենալ, ոչ էլ՝ որևէ կերպ աջակցել Իրանին, որ, կամա, թե ակամա, ներգրավված է ռուս-ուկրաինական պատերազմում:
Այն, ինչ իրականում ցանկացել է ասել Վլադիմիր Պուտինը, պարզորոշ արտահայտել է ՌԴ ԱԳՆ «ուկրաինական հանցավոր ռեժիմի հանցագործությունների» հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշկինը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը վճռականորեն դեմ է Իսրայելի ագրեսիվ գործողություններին Արևմուտքի ցուցաբերած ռազմական և դիվանագիտական աջակցությանը, քանի որ հրեական պետությունը «փաստացի արևմտյան մի ամբողջ շարք պետությունների առավելագույն աջակցությունից՝ և ռազմական, և ֆինանսական, և դիվանագիտական առումներով»:
Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ Մերձավոր Արևելքում ծավալվող գործողություններն «այնտեղ պարզապես ստեղծել են հուժկու լարվածության օջախ և պարզ չէ, թե դա ինչպես կավարտվի»: ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների վերջին հեռախոսազրույցի մասին Կրեմլի պաշտոնական տեղեկատվության տեքստում ասված էր, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին «խնդրել է ներգրավվել» Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:
Միացյալ Նահանգների նախագահը մինչ այդ տեսակետ է հայտնել, որ Իրանը «կարող է ուրանի հարստացված պաշարներն ի պահ հանձնել Ռուսաստանին»: Նման տարբերակ Մոսկվան և Թեհրանը քննարկե՞լ են, հայտնի չէ, բայց քաղաքական առումով Թրամփը փաստացի Իրանի միջուկային ծրագրի համար որոշակի պատասխանատվություն հասցեագրել է Ռուսաստանին:
Եվ եթե դրան հաջորդել է Իսրայելի կողմից ԱՄՆ բացահայտ աջակցությամբ Իրանի դեմ աննախադեպ հարձակումը, որ շարունակվում է, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահելիության մակարդակը բացահայտ զրոյական է:
Ռուսաստանն ակնհայտորեն անհանգստացած է Իրանի հարցում ԱՄՆ-ի և հավաքական Եվրոպայի դիրքորոշումների նույնականությունից: Ուկրաինական պատերազմի աշխարհաքաղաքական նախագծումն ուղղված է Արևմուտքի միասնականության տրոհմանը:
Չկա երաշխիք, որ Իրանի միջուկային ծրագրերի դեմ արևմտյան կոնսոլիդացիան չի դրսևորվի նաև Ուկրաինայի հարցում: ՆԱՏՕ-ի գագաթաժողովն այս առումով կարող է «շրջադարձային լինել»:
Բաց մի թողեք
Ադրբեջանը պատրաստվել է 2025-ին, Հայաստանը իրավունք չունի «սպասել»
Իսրայելն արդեն հարվածում է՝ ինչ սպասել մեր տարածաշրջանում
ԱՄՆ – Իրան հարաբերություններում մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»