15/06/2025

Կասկածից վեր է, որ շարունակությունը ենթադրելու է նոր դերակատարների ներգրավում

Իրանն ու Իսրայելը շարունակում են միմյանց հարվածներ հասցնելն ու դրանց վերաբերյալ նաև տեղեկատվական պատերազմը: Երկու կողմն էլ հայտարարում են շարունակելու հաստատակամության մասին, ինչը նշանակում է, որ կա էսկալացիայի ուժգնացման և ընդլայնման մեծ ռիսկ: Կասկածից վեր է, որ շարունակությունը ենթադրելու է նոր դերակատարների ներգրավում:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցել Իրանի ուղղությամբ հարվածին, բայց կմասնակցի Իսրայելի պաշտպանությանը: Իրանը հայտարարել է, որ կթիրախավորի Իսրայելին աջակցող երկրների հենակետերը: Եթե, օրինակ, լինի Ֆրանսիայի ներգրավում Իսրայելի կողմում, և Իրանի թիրախավորում նաև ֆրանսիական ներկայություններին, ապա ֆրանս-իրանական այդ գիծը կլինի լրացուցիչ մարտահրավեր Հայաստանի համար:

Եվ սա ընդամենը մարտահրավերներից մեկը, որովհետև դրանք կլինեն բազմաթիվ: Անկասկած է, որ պատերազմի ընդլայնումը ենթադրելու է Միացյալ Նահանգների ավելի մեծ ներգրավում՝ ընդհուպ Նահանգներ-Իրան ուղիղ բախման: Համենայն դեպս, հարկ է արձանագրել, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուին և նրա կառավարությանը հաջողվեց ԱՄՆ-ի նախագահ Թրամփին բերել Իրանի հանդեպ ռազմական գործողությունների դաշտ, թեև թվում էր, որ մինչ այդ Թրամփի վարչակազմում դիվանագիտական լուծումների կողմնակիցները կարողանում են արդյունավետ հետ մղել Նաթանյահուի ջանքերը:

Նաթանյահուն, ըստ էության, լուծում է անձնական հարցեր, որովհետև ռեգիոնալ մեծ պատերազմը նրա քաղաքական երկարակեցության և անձնական անվտանգության, թերևս, միակ գրավականն է: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այդ պատերազմը կարող է էապես կրճատել Թրամփի «քաղաքական կյանքը»: ԱՄՆ նախագահն ամերիկյան ժողովրդին խոստացել է դադարեցնել ուկրաինական պատերազմը, այլ ոչ թե հրահրել իրան-ամերիկյան ուղղակի, թե անուղղակի պատերազմ: Ուկրաինականը ոչ միայն դադարեցված չէ, այլ նաև փաստորեն ԱՄՆ կարող է կանգնել մերձավորարևելյան ավելի ծանր պատերազմի առաջ:

Կանգ կառնի՞ ԱՄՆ նախագահը, թե՞ մերձավորարևելյան պատերազմի թափանիվն արդեն բաց է թողնված և այն գլորվելու է մինչև ստորոտ, իր ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ: Մյուս կողմից, հաշվի առնելով մեծ քաղաքականության ոչ միագիծ բնույթն ու տրամաբանությունը, հարկ է թերևս դիտարկել իրողությունները նաև հակառակ կողմից:

Համաշխարհային վերաձևումներում պատերազմը, ըստ էության, հիմնարար հարցեր լուծելու թերևս միակ գործունակ միջոցն է, դժբախտաբար, որը գուցե գործի է դրվել Մերձավոր Արևելքի մեծ վերաձևման այս շրջափուլում: Մնացյալը կախված կլինի այն հանգամանքից, թե ո՞ւմ ինչ կհաջողվի մարտի դաշտում և հարակից աշխարհաքաղաքական «խրամատներում»: