Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի և Իրանի նախագահի հետ: Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, այդ հեռախոսազրույցներում Պուտինը խոսել է դիվանագիտական ճանապարհի վերադառնալու կարևորության մասին, հայտնելով Ռուսաստանի ջանքի պատրաստակամություն:
Իրանին հասցված հարվածը, ըստ էության ոչ ուղղակի, սակայն որոշակի իմաստով հարված էր նաև Ռուսաստանին, հաշվի առնելով այն, որ ընդամենը ամիսներ առաջ Ռուսաստանը Իրանի հետ հարաբերությունը ամրագրեց ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագրով: Այդ պայմանագիրն, իհարկե, չի ենթադրում ռազմական փոխօգնություն, նաև այն պատճառով, որ Իրանն ունի ոչ մահմեդական երկրի հետ այդպիսի փոխօգնության դաշինք կնքելու արգելք:
Բայց, չնայած պայմանագրում այդ կետի բացակայությանը, այդուհանդերձ Մոսկվայի և Թեհրանի ստորագրած ու վավերացրած պայմանագիրը չափազանց տարողունակ է, այդ թվում միջուկային տեխնոլոգիաների ոլորտում գործակցության վերաբերյալ: Այդ գործակցությունը, անշուշտ, ենթադրում է խաղաղ միջուկի բնագավառը, սակայն նաև պարզ է, որ դրա ներքո դե ֆակտո կարող է լինել ամեն ինչ: Եվ ընդհանրապես, ռազմավարական գործընկերության պայմանագիրը, անշուշտ, բարձրացնում է կողմերի պատասխանատվությունը միմյանց հետ տեղի ունեցողի հանդեպ:
Հետևաբար, Իրանին հասցված հարվածը հարված է նաև Ռուսաստանին, եթե անգամ դիտարկվի դա անուղղակի: Առավել ևս, որ Իսրայելի հարվածը փաստացի հաջորդեց Իրանում ՌԴ հետ պայմանագրի ներպետական վավերացման ավարտին: Ի վերջո, այդ պայմանագրի իմաստը և քաղաքական կշիռը, թերևս, պետք է լիներ և այն, որ Իրանը քաղաքական առումով լիներ առավել պաշտպանված:
Ըստ էության, սա Մերձավոր Արևելքի և Կովկասի ռեգիոնում վերջին տարիներին Ռուսաստանի հերթական դաշնակցային կամ ռազմավարական-գործընկերային «կոնֆուզն» է, երբ այս կամ այն ասատիճանով տեղի է ունենում պատասխանատվության տապալում, կամ առնվազն՝ պատասխանատվության սակարկություն:
Բոլոր դեպքերում, Իսրայելը փորձության է ենթարկել ռուս-իրանական պայմանագիրը նաև: Առայժմ արդյունքի վերաբերյալ եզրակացության հարցում միարժեք շտապողականություն, թերևս, պետք չէ, բայց իրադարձության զարգացման այս գիծը հիմնարար նշանակություն ունի նաև Կովկասի համար:
Բաց մի թողեք
«Թուրք զինվորը կարող է պարտվել, թուրքական դիվանագիտությունը չի պարտվում»
Իրանի դեմ Իսրայելի հարձակումը «թուլացնում է նաև Ռուսաստանին»
Կասկածից վեր է, որ շարունակությունը ենթադրելու է նոր դերակատարների ներգրավում