Թուրքիան առաջիններից մեկն է դատապարտել Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրանցիներին անվանել է «բարեկամ և եղբայրական ժողովուրդ»:
Հունիսի լույս 14-ի գիշերը, սակայն, ինչպես տարբեր աղբյուրներ են հավաստիացնում, թուրքական օդուժը Սիրիայի երկնքում «միացել է Իսրայելի դեմ իրանական ԱԹՍ-երի հարձակումը չեզոքացնելու գործողություններին, որ ամբողջ տարածաշրջանում կոորդիանացրել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը»:
Թուրքիայում ինչպե՞ս են գնահատում իսրայելա-իրանական հակամարտությունը: Այս հարցին փորձել է պատասխան գտնել իշխանամերձ Turkiye gazetesi-ն, որի համար մեկնաբանություններ է արել քաղաքագիտության դոկտոր Ֆուրքան Քայան:
Նրա կարծիքով՝ Իրանի դեմ Իսրայելի հարձակումները պետք է գնահատել ոչ միայն ռազմական, այլև աշխարհաքաղաքական ռազմավարության համատեքստում:
«Նաթանյահուն իրանական խաղաքարտն օգտագործում է, որպեսզի ապահովի իր քաղաքական ապագան և թաքցի Գազայի կոտորածները: Այդ հարձակումը նշանակում է անցում բաց հակամարտությունից ակնհայտ պատերազմի:
Եթե թիրախ են ընտրվել Իրանի բարձրագույն զինվորականները, ապա դա արդեն միջամտություն է, որ ուղղված է անմիջապես վարչակազմի նյարդային վերջույթներին»,- կարծում է թուրք քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը, ապա Քայան համարում է, որ Թրամփը «լայնածավալ պատերազմ չի ցանկանում, նա բավարար լարվածության է ձգտում, որպեսզի Իրանին անկյուն քշի, բայց այնքան, որպեսզի երկիրը չփլուզվի, ինչը նրան հնարավորություն կտա Իրանի հետ բանակցություններում ունենալ ավելի նպաստավոր դիրքեր և պաշտպանի իր աշխարհատնտեսական շահերը»:
Որպես պատասխան քայլ՝ նա Իրանից ակնկալում է Հորմուզի նեղուցի արգելափակումը: Այդ դեպքում կտուժի ոչ միայն Իսրայելը, այլև համաշխարհային առևտուրը, հատկապես «նավթային լուրջ ճգնաժամ կառաջանա»: Քայան չի բացառում, որ Իսրայելի դեմ Իրանի հարվածներին կարող են միանալ նաև «նրա պրոքսի ուժերը»:
Այնուհետև թուրք քաղաքագետն անում է, թերևս, ամենաուշագրավ դիտարկումը: Նա համարում է, որ իսրայելական հարվածները հետապնդում են Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակ:
«Եթե Պուտինը և Սի Ծինփինը շարունակեն այդ սպառնալիքի դեմ լռել, ապա «կթուլանա ոչ միայն Իրանը, այլև ամբողջ ոչ արևմտյան առանցքը, կվտանգվի Չինաստանի և Ռուսաստանի հեղինակությունը և անօգուտ կդառնա բազմաբևեռ աշխարհակարգի նրանց հավակնությունը»:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Քայան ասում է, որ «Անկարան շատ լավ գիտի Իսրայելի ծրագրերը, Թուրքիան կարող է միջամտել, որպեսզի կանխի այդ պատերազմի հետագա ծավալումը, դառնալ տարածաշրջանային կատալիզատոր՝ շնորհիվ աշխարհաքաղաքական դիրքի և դիվանագիտության ասպարեզում իր դերի»:
Վերջին ձևակերպումը բավական երկիմաստ, նույնիսկ բազմանշանակ է, բայց հասկացվում է, որ իսրայելա-իրանական առճակատումը մի շարք առումներով Թուրքիային ձեռնտու է, բայց Անկարան չի շտապում բացել խաղաքարտերը:
Այս առումով խիստ ուշագրավ է թուրք մեկ այլ քաղաքագետի՝ Չաղաթայ Ջեբեի, դիտարկումը, որ իսրայելական «Մոսադը» շուրջ քսան-քսանհինգ տարի առաջ է «ներթափանցել Իրանի անվտանգության համակարգ»: Նա ասում է, որ իսրայելական հատուկ ծառայությունները «խմբեր են պատրաստել այլ երկրներում, հետո նրանց ծանոթացրել միմյանց հետ և հաջողությամբ ներդրել Իրանում»:
Իրանի դեմ «Մոսադի» այդ հատուկ գործողությանը Թուրքիան ներգրավվե՞լ է: Կամ՝ Ադրբեջանը: Նման գաղտնիքն, իհարկե, ոչ ոք չի բացահայտի: Բայց, թերևս, դրանով է պայմանավորված իշխանամերձ Turkiye gazetesi-ի վստահությունը, որ Թուրքիան կարող է «միջնորդել և կանխել այդ պատերազմի հետագա ծավալումը»:
Բաց մի թողեք
Բաքվի նոր հոգեխանգարումը՝ իբր իրանահայերը եկեղեցու միջոցով գաղտնի տվյալներ են փոխանցում Իսրայելին
Իրանի դեմ Իսրայելի հարձակումը «թուլացնում է նաև Ռուսաստանին»
Կասկածից վեր է, որ շարունակությունը ենթադրելու է նոր դերակատարների ներգրավում