«Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ընթացքում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանդես եկավ կոշտ քննադատությամբ՝ ուղղված Հայաստանի ներկայիս իշխանություններին։
Նրա խոսքով, նույնիսկ խորհրդային տարիներին՝ 1970-80-ականներին, պետական համակարգերը ավելի շատ էին արժևորում եկեղեցու դերը, քան այսօր․ «Ցավով եմ ասում՝ անկախ Հայաստանի պայմաններում մենք հասել ենք մի կետի, երբ վերադառնում ենք 1920-30-ական թվականներին։ Երբ պետական մակարդակով սկսվեցին զանգվածային հարձակումներ եկեղեցու և հոգևորականության վրա»։
Միքայել Սրբազանը շեշտեց, որ այս ամենը կարող է ժամանակավոր ազդեցություն ունենալ եկեղեցու վրա, սակայն դրա իրական և վտանգավոր հետևանքները կկրեն պետությունն ու պետականությունը․ «Ես այդ հարձակումներից ավելի մտահոգված եմ որպես Հայաստանի քաղաքացի, ոչ թե որպես հոգևորական»։
Նա առանձնացրեց եկեղեցու դեմ գործադրվող հարձակումների քաղաքական հիմքերը՝ նշելով, որ եթե որևէ իշխանություն կարող է լուծարել Արցախի թեմը, հարյուրավոր վանքեր ու եկեղեցիներ թողնել թշնամուն և այդ տարածքը անվանել «պատմական Ադրբեջան», ապա եկեղեցու բողոքը չի կարող դիտվել որպես պարզապես քաղաքական միջամտություն․ «Մենք չենք բախվում պետականության, այլ այսօրվա իշխանության հետ։ Եվ որպես քաղաքացի, ցանկացած իրավունքից կարող ենք օգտվել»։
Սրբազանն ընդգծեց նաև, որ Հայաստանում պետական ինստիտուտները լռում են այնպիսի գործընթացների ժամանակ, որոնք պետք է անմիջապես արժանանան իրավական գնահատականի․ «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մտնում է տարածքներ, որոնք իրեն չեն պատկանում՝ ո՛չ որպես վարչապետ, ո՛չ որպես քաղաքացի։ Իսկ ԱԱԾ-ն, Արդարադատության նախարարությունը, Քննչական կոմիտեն՝ լռում են։ Չկան ուժային կառույցներ, որոնք պետք է արձագանքեն պետականության հիմքերի խաթարմանը»։
Անդրադառնալով հոգևորականների նկատմամբ հնչող մեղադրանքներին՝ մասնավորապես՝ «առաջին տիկնոջ» կողմից հնչեցված մանկապղծության պնդումներին՝ Միքայել սրբազանը նշեց․ «Սա հանցագործություն է։ Երբ նման մեղադրանք է հնչում, բայց քրեական գործ չի հարուցվում՝ դա նշանակում է, որ պետության մեխանիզմները չեն աշխատում։ Մինչդեռ որևէ հոգևորական, նույնիսկ ամենախորը գաղտնիքները իմանալով, երբեք չի օգտագործում դա շանտաժի համար։ Իսկ այստեղ պետության բարձրագույն ներկայացուցիչը պետական շանտաժով է զբաղվում»։
Եզրափակելով խոսքը՝ սրբազանը հայտարարեց, որ եկեղեցու վրա այս հարձակումը կանցնի, ինչպես անցել են նախորդները, սակայն մեծ վտանգը պետական ինստիտուտների փլուզումն է․ «Աստված մի արասցե, որ այս կոլապսը դառնա անվերադարձ»։
Բաց մի թողեք
Ադրբեջանը չի կարող իրավիճակից օգտվել և գործողություն ծրագրել Սյունիքի ուղղությամբ՝ հիմնավորում չունի
Իրանի անակնկալը․ Մենք կարող ենք ստիպված լինել անել մի բան, որը կխաթարի ամբողջ տարածաշրջանը
Հայաստանի ներսում եկեղեցու դեմ, շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ. Մելքոնյան